«Պանարմենիան»-ը պառակտվում է. Արմնյուզի, Tert.am-ի և «Լավ» ռադիոյի միավորմամաբ ստեղծվում է նոր հոլդինգ

0

Armtimes.com-ը Սերժ Սարգսյանի փեսայի՝ Միքայել Մինասյանի անվան հետ կապվող «Պանարմենիան Մեդիա Գրուպ»-ն առաջիկայում պառակտվելու է: «Հայկական ժամանակ»-ին հայտնի դարձավ, որ մի քանի օր առաջ «Պանարմենիան Մեդիա Գրուպ»-ի մաս կազմող «Արմնյուզ» հ/ը-ում ժողով է տեղի ունեցել: Ժողովի ժամանակ աշխատակիցներին տեղեկացրել են, որ 2019 թվականի սկզբներին «Արմնյուզ»-ը դուրս է գալիս «Պանարմենիան Մեդիա Գրուպ»-ի կազմից եւ տարածքից, քանի որ փոխվում է հեռուստաընկերության սեփականատերը։

««Արմնյուզի» աշխատողներին ասել են, որ հեռուստաընկերութունը նոր սեփականատեր ունի, բայց չեն ասել՝ ով է: Միայն ասել են, որ հոլդինգի շենքից դուրս է գալու: Չեն ասել՝ կպահի՞ անունը, թե՝ ոչ: Աշխատակիցներին նաեւ ասել են, որ մի մասի աշխատանքի հարցը կլուծեն, իսկ մյուսները հավանաբար գործազուրկ կմնան: Տեղի է ունենալու նաեւ տնօրենի փոփոխություն»,- այս մասին ՀԺ-ի հետ զրույցում ասաց «Պանարմենիանի» մեր աղբյուրը:

«Արմնյուզի» տնօրենն այս պահին ռեժիսոր Հրաչ Քեշիշյանն է: Տեղեկությունների շուրջ «Հայկական ժամանակ»-ը մեկնաբանություն խնդրեց նաեւ «Արմնյուզի» տնօրեն Հրաչ Քեշիշյանից: Նա մեր տեղեկությունները չհերքեց․ «Չգիտեմ՝ այդ տեղեկությունները ձեզ որտեղից, բայց դուք ինչ-որ մաս գիտեք, ինչ-որ մաս խեղաթյուրված գիտեք: «Արմնյուզ»-ը փորձում է նոր գրասենյակ տեղափոխվել՝ աշխատանքային պայմանները բարելավելու նպատակով: «Արմնյուզը» որեւէ նոր սեփականատեր չունի։ Մենք փորձում ենք ֆինանսական առողջացման նոր ձեւեր գտնել «Արմնյուզի» համար, իսկ ինչ վերաբերում է մեր հեռուստաընկերության ներսում կատարվող ժողովներին՝ ցավում եմ, որ այդ ժողովի արդյունքները հասնում են ձեզ: Դուք ունենք կոնկրետ մարդ, որից բաներ եք իմանում: Մենք տեղափոխվում ենք այլ վայր աշխատանքի»,- նշեց Քեշիշյանը:

Հստակեցմանը՝ «Արմնյուզը» շարունակելո՞ւ է «Պանարմենիանի» մաս կազմել, Քեշիշյանն ասաց. «Այս պահին որեւէ որոշում չկա, թե ինչպիսին պետք է լինի: Մենք դեռեւս մնում ենք «Պանարմենիան Մեդիա Գրուպի» անդամ: Որեւէ նոր բաժնետեր չկա եւ չի կարող լինել»:

Մեր այն տեղեկության վերաբերյալ, ըստ որի՝ նոր գրասենյակը լինելու է Եղիշե Չարենցի փողոցում, Հրաչ Քեշիշյանն ասաց, որ հնարավոր է․ «Դեռեւս ոչինչ որոշված չէ, հնարավոր է»:

Երեկ էլ «Ա1+»-ի սեփականատեր Մեսրոպ Մովսեսյանը Aravot.am-ի հետ զրույցում տեղեկացրել էր, որ «Արմնյուզի» սեփականատիրոջ փոփոխության պատճառով «Ա1+»-ի «Այբ-Ֆե+» լրատվական թողարկմանը եթերաժամանակ չի տրամադրվելու: Այս տեղեկությանն ի պատասխան՝ Հրաչ Քեշիշյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. ««Արմնյուզ»-ը չի հրաժարվում եթեր տրամադրել «Ա1 պլյուս» հեռուստաընկերությանը, պարզապես այժմ չունի այնքան ֆինանսական ռեսուրսներ, որպեսզի, ինչպես տարիներ շարունակ է արել, այսօր եւս կարողանա ապահովել «Ա1 պլյուս»-ի ֆինանսավորումը»:

Ի դեպ՝ «Հայկական ժամանակ»-ը «Արմնյուզի» ֆինանսական ճգնաժամի մասին դեռ ամիսներ առաջ էր գրել: Տեղեկացրել էիք, որ «Արմնյուզը» պարտքեր ունի «Ա1+» հեռուստաընկերությանը: Բանն այն է, որ այս երկու հեռուստաընկերությունները 2012 թվականից պայմանագիր ունեն, որի համաձայն «Ա1+»-ն արտադրում եւ «Արմնյուզին» հեռարձակման համար տրամադրում է «Այբ-Ֆե+» լրատվական թողարկումը: Պայմանագրի համաձայն՝ «Արմնյուզը» վճարում է «Ա1+»-ին հեռուստաարտադրանքի համար: Սակայն, ինչպես մեր այդ հրապարակման մեջ նշել էինք, մի քանի ամիս է՝ կուտակված պարտքեր կան, որոնք «Արմնյուզը» չի կարողանում մարել:

«Պանարմենիան» մեդիա հոլդինգի մեր մեկ այլ աղբյուրից էլ տեղեկացանք, որ «Արմնյուզի» հետ հոլդինգի կազմից դուրս են գալու նաեւ Tert.am լրատվական գործակալությունը եւ «Լավ» ռադիոն: Նույն աղբյուրի փոխանցմամաբ՝ «Արմնյուզ», Tert.am եւ «Լավ» ռադիո լրատվամիջոցներով ստեղծվելու է նոր հոլդինգ, որի անունը եւս պարզ չէ: Այս տեղեկություններն էլ, ըստ էության, Քեշիշյանը չհերքեց, միայն ասաց. «Ժամանակը կգա, ամեն ինչ կերեւա, դեռ ոչինչ որոշված չէ եւ դա ընդամենը աշխատանքային ընթացք է: Շատ բան է քննարկվել»:

Աղբյուր՝ armtimes.com

Leave A Reply

Your email address will not be published.