Ե՞րբ պատրաստ կլինի Կրկեսի նոր շենքը, քանի՞ հարկ այն կունենա, որքա՞ն կարժենա տոմսը

0

168.am-ը գրում է.

2012 թվականի սեպտեմբերից կառուցապատվում է Երևանի կրկեսի նոր շենքը:

«Երևանյան կրկես» մշակութային կենտրոնի գեղարվեստական ղեկավար և տնօրեն Սոս Պետրոսյանը նույնպես անհամբեր է:

«Ես էլ էի կարծում, որ այս տարի շինարարական աշխատանքները կավարտվեն, բայց չեղավ: Ամեն դեպքում, շենքն արդեն պատրաստ է, Ամանորից հետո նոր թափով կշարունակվեն աշխատանքները: Հույս ունենք, որ մինչև տարվա վերջ կավարտեն Մենք բոլորից շատ ենք սպասում այդ օրվան»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Սոս Պետրոսյանը:

Նրա փոխանցմամբ՝ շենքն ապահովված է լինելու բոլոր հնարավորություններով, ունենալու է 8 հարկ: Նախկին 1563-ի փոխարեն էլ՝ 2350 նստատեղ կլինի: Տոմսերը մատչելի են լինելու, թանկացում չի սպասվում:

«Կրկեսը երեխաների համար է, ո՞նց կարելի է տոմսը թանկացնել: Ես միշտ զարմանում եմ թատրոնների, համերգների համար նախատեսված տոմսերի գները տեսնելով 5000, 8000, 10000 դրամ. էս ի՞նչ գումարներ են: Համոզված եմ, որ մեզ մոտ նման բան չի լինի: Նախկինում կրկեսի տոմսը 1000 դրամ էր»,- նշեց Սոս Պետրոսյանը:

«Երևանյան կրկես» մշակութային կենտրոնի գեղարվեստական ղեկավարը հայտնեց նաև, որ ստեղծագործական կոլեկտիվն այս ընթացքում միշտ հյուրախաղերի է մեկնել:

«3000 դերասան ունենք, որոնք սփռված են ամբողջ աշխարհում: Մենք էլ, երկու տարի է՝ Առնո Բաբաջանյան համերգասրահում ենք, ամբողջ ներքևի հարկը մեզ են տվել, պարապում ենք: Լեոնիդ Ենգիբարյանի անվան կրկեսային ստուդիայի սաներն էլ բարեգործական համերգներ են տալիս, իսկ հունվարի 7-ից  անվճար ընդունելություն է լինելու՝  կրկեսի բոլոր ժանրերով. ծաղրածուներ, ակրոբատներ, մարմնամարզիկներ: 6 տարեկանից սկած բոլորը կարող են դիմել: Ստեղծված են բոլոր հարմարությունները, լավագույնները կընդգրկվեն նոր կրկեսում»,- նկատեց Սոս Պետրոսյանը:

Leave A Reply

Your email address will not be published.