Ես մազերս եմ ծախել, որ մի քանի օր հացի փող ունենամ. Արփի Ոսկանյանը՝ մշակույթի նախարարության օպտիմալացման մասին

0

Մշակույթի նախարարության օպտիմալացումն ազնիվ ու ճիշտ քայլ էր։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջին է գրել բանաստեղծուհի, արձակագիր Արփի Ոսկանյանը: Արփի Ոսկանյանի գրառումը ստորեւ.

 

«Տասնամյակներ շարունակ մշակույթի նախարարությունը զբաղվել է հակամշակութային գործունեությամբ։ Լավագույն գրողները, արվեստագետները մշակույթի նախարարության աշխատակիցների լուռ համաձայնությամբ մերժվել ու անտեսվել են, պետության միջոցներից օգտվել ու այդ միջոցներով իրենց համար գոյատեւման, կայացման ու առաջխաղացման հիմքեր են ստեղծել ճարպիկները, միջակները, ռեժիմին ծառայություններ մատուցած մարդիկ։

Ի՞նչ է տվել ինձ էդ նախարարությունը որպես գրողի։ Մի անգամ իմ գրքի տպագրության ծախսի կեսն է հոգացել ու էդ տպագրված գրքերը վաճառել ինձ վրա կրկնակի թանկ գնով։ Երկու անգամ գրքի փառատոն է արել ու ինձ մրցանակային ֆոնդից բաժին հանել, հեղափոխությունից հետո՝ երկրորդ մրցանակը։ Գրքի փառատոնը կարող է վարչությունն էլ անել։ Ես մազերս եմ ծախել, որ հացի փող ունենամ մի քանի օր, իսկ ինչ-որ մարդիկ տասնամյակներ շարունակ ստաբիլ աշխատավարձ են ստացել իմ վճարած հարկերից՝ մշակույթն իբր թե զարգացնելու համար։ Գուցե թե մի երկուսը իսկապես մտահոգվել են մշակույթի ճակատագրով, բայց ի՞նչ է դա փոխել ու ի՞նչ էր փոխելու։

Նոր իշխանությունը ի տարբերություն նախկին թալանչիների ու քաղքենիների ( ոնց եմ զզվում, երբ կարդում եմ էդ դատարկների մեկնաբանությունները) ազնվորեն ասում է՝ մենք չգիտենք, թե ինչով պիտի զբաղվի մշակույթի նախարարությունը։ Իսկ դու գիտե՞ս։ Եթե իսկապես գիտես, ոչ թե մոտավորապես ու կիսատ-պռատ, քո հերթը հաստատ կգա։ Էս պահին ես ուրախ եմ, որ աղբը մաքրվում է եւ աղբամաններն էլ հանվում են։

Մի երկու նորմալ աշխատակից ուներ մշնախը, նրանք էլ անգործ չեն մնա՝ վստահ եմ, վարչությունում էլ նորմալ կաշխատեն։ Ինչ վերաբերում է նրան, որ մարդիկ անգործ են մնում, ես տասնմեկ տարի ա՝ կամ գործազուրկ եմ, կամ օրը 25 ժամ աշխատել եմ ստրկական պայմաններով՝ առանց պայմանագրի, սոցապահովության տարրական երաշխիքների, առանց մասնագիտական աճի հնարավորության ու գրոշներով։

Հաճախ իմ արած աշխատանքի տակ սկի անունս չի գրվել։ Դա էն գինն ա եղել, որ ես վճարել եմ հանցագործ իշխանության դեմ չկզելու դիմաց։ Հիմա էլ եմ գործազուրկ։ Ամբողջ երկիրն ա գործազուրկ։ Կհամաձայնվե՞ք ձեր վճարած հարկերով կեղծ աշխատատեղեր ստեղծվեն, ու բոլորս աշխատավարձ ստանանք։ Ինչո՞ւ պիտի ինչ-որ նախարարության աշխատակիցներ ավելի արտոնյալ լինեն»:

Աղբյուրը ՝ armtimes.com

Leave A Reply

Your email address will not be published.