Գյումրու պայմաններում թատրոնը ռեկորդային թվով հանդիսատես է ունեցել
Գյումրու Վարդան Աճեմյանի անվան դրամատիկական թատրոնի գեղարվեստական ղեկավար ու տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Լյուդվիգ Հարությունյանը, թատրոնի մենեջեր Նվարդ Ղազարյանն ու թատրոնի գեղարվեստական խորհրդատու, ՀՀ ժողովրդական արտիստ Նիկոլայ Ծատուրյանն այսօր հանդես եկան ամփոփիչ մամուլի ասուլիսով։ Լյուդվիգ Հարությունյանը մի քանի ուշագրավ թվեր ներկայացրեց։ Նա նշեց, որ 2018 թվականին 20 հազարով ավելացել է թատրոնի հանդիսատեսի թիվը՝ փաստացի դառնալով 61 հազար 100։ Այս փաստը իրոք ռեկորդային է Գյումրու համար․ մի կողմից այս քաղաքում օր օրի սպասարկման օբյեկտներ են փակվում, սեփականատերերը դժգոհում են, թե բիզնեսը չի արդարացնում, մարդկանց մեծ մասը դրսերում են՝ խոպաններում, մյուս կողմից ականատես ենք լինում, թե ինչպես Գյումրու թատրոնում ներկայացումների օրը կանգնելու տեղ չկա։
Լյուդվիգ Հարությունյանը տեղեկացրեց, որ նախորդ տարի ունեցել են 142 ներկայացում, իսկ 2018 թվականին 150 ներկայացում։ Թատրոնն ունեցել է 25 հյուրախաղեր Հայաստանի տարբեր մարզերում, Արցախում և Լիբանանում։ Թատրոնի մեծ դահլիճից բացի` դատարկ չի մնացել փոքր դահլիճը, որը կրում է Մհեր Մկրտչյանի անունը․ այստեղ ներկայացումներ են բեմադրում երիտասարդ ռեժիսորները։ Թատրոնը ռեկորդ է խփում նաև իր անօթևան դերասաններին բնակարաններ ձեռք բերելու առումով։ Գյումրու թատրոնի աջակցման հիմնադրամի հավաքագրած միջոցներից արդեն իսկ երեք սենյականոց բնակարան են հատկացրել դերասաններից մեկին։ Շուտով կլուծվի նաև անօթևան մյուս բոլոր դերասանների բնակարանային խնդիրը։ Այս մասին վստահեցրեց Լյուդվիգ Հարությունյանը։ «Ի ուրախություն մեզ՝ ունենք մի բարերար, որը 4 բնակարան է տալու, կարող եմ վստահորեն ասել, որ չորս բնակարանների հարցը 80 տոկոսով լուծված է։ Մենք ցանկություն ունեինք, որ մինչև Ամանոր այդ բնակարանները լինեին։ Դերասաններից յուրաքանչյուրն ինքն է ընտրելու որ տունն է ուզում, ընթացքի մեջ է, թղթաբանական խնդիր կա հիմա, կարծում եմ 2019 թվականի առաջին եռամսյակում մեր դերասաններն արդեն կունենան իրենց բնակարանները»,- ասաց Լյուդվիգ Հարությունյա
2019 թվականի կարևոր իրադարձություններից մեկը, ըստ բանախոսի,այն է, որ թատրոնը 20 տարի անց հյուրախաղերի է մեկնում ԱՄՆ․ հունվարի 27-ին «Լանթերման Աուդիտորիում» սրահում կներկայացվի ապրիլյան քառօրյային նվիրված «Հարսանիք թիկունքում»-ը։Իսկ ԱՄՆ-ից հետո հյուրախաղերով հանդես կգան Մոսկվայում։ Լյուդվիգ Հարությունյանի տեղեկացմամբ, 2019 թվականին կունենան 4 առաջնախաղ․ 2019 թվականը հոբելյանական է․ լրանում է Հովհաննես Թումանյանի 150-ամյակը, իսկ թատրոնը պարտադիր անդրադարձ կունենա՝ նոր ներկայացում ունենալով։ Ասուլիսի ժամանակ խոսվեց նաև թատրոնի տնօրենի թափուր պաշտոնի մասին․ հիշեցնենք, տնօրեն Տիգրան Վիրաբյանը նշանակվեց Երևանի փոխքաղաքապետ։