Արա Աբրահամյանը շնորհավորել է Հովհաննես Չեքիջյանին
Ռուսաստանի հայերի միության և Համաշխարհային հայկական կոնգրեսի նախագահ Արա Աբրամյանը շնորհավորական ուղերձ է հղել Հովհաննես Չեքիջյանին:
«Հարգարժան պարոն Չեքիջյան, Համաշխարհային հայկական կոնգրեսի, Ռուսաստանի հայերի միության և անձամբ իմ անունից ի սրտե շնորհավորում եմ Ձեզ` ծննդյան 90-ամյակի առթիվ: Դուք որպես Հայաստանի պետական ակադեմիական երգչախմբի գեղարվեստական ղեկավար անգնահատելի ներդրում ունեք հայկական մշակույթի զարգացման և տարածման գործում: Վիթխարի է Ձեր ներդրումը հատկապես հայկական խմբերգային երգարվեստի զարգացման ու մասսայականացման գործընթացներում: Հայաստան երկիրն ու հայ երաժշտասեր հասարակայնությունը եզակի հնարավորություն ստացան վայելելու Ձեր ղեկավարած Հայաստանի պետական կապելլայի անզուգական կատարումները: Այդ կատարումները լայն ճանաչում են գտել նաև Հայաստանի սահմաններից դուրս բազմաթիվ այլ երկրների երաժշտասեր հասարակայնության միջավայրում: Եվ ուրախ ենք, որ վարպետությունը Հայաստանից դուրս մեր հայրենիքը ճանաչելու ևս մեկ առիթ է դարձել: Այդ ամենի շնորհիվ Ձեր անունը վաղուց արդեն ոսկի տառերով իր տեղն է զբաղեցրել երաժշտական մշակույթի տարեգրության մեջ: Թանկագին Մաեստրո Դուք մեր դարաշրջանի երաժշտական արվեստի մեծագույն ֆենոմենն ու կենդանի լեգենդն եք: Մեր սրտերն ու հոգիները լի են անսահման հպարտությամբ ու երախտիքի զգացումով` Հովհաննես Չեքիջյան ունենալու համար: Ցանկանում ենք Ձեզ երկար տարիների առողջ կյանք, ստեղծագործական նոր նվաճումներ` ի փառս Հայաստանի և հայ ժողովրդի»:
Շնորհավորական ուղերձը հանձնել են Ռուսաստանի հայերի միության փոխնախագահ Վլադիմիր Աղայանը և Ռուսաստանի հայերի միության և Համաշխարհային հայկական կոնգրեսի երիտասարդական ասոցիացիայի նախագահ Մարիամ Մարտիրոսյանը: