Երգիչ Սպիտակցի Հայկոն հարցաքննվել է որպես վկա
Դեկտեմբերի 14-ին՝ ժամը 07:40-ի սահմաններում ՊՆ N զորամասի պայմանագրային զինծառայող Ա.Չ.-ն, վարելով իրեն ամրակցված, զորամասի հաշվեկշռում գտնվող «Կիա Սորենտո» մակնիշի ՊՆ 0032 Մ զինհամարանիշի ավտոմեքենան, Երևան քաղաքի Խանջյան փողոցում վրաերթի է ենթարկել հետիոտն Քնարիկ Լևոնի Պետիկյանին՝ անզգուշությամբ առաջացնելով վերջինիս մահը:
Քննչական կոմիտեից հայտնում են, որ դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի ԶՔԳՎ չորրորդ կայազորային քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 377-րդ հոդվածի 2-րդ մասով հարուցվել է քրեական գործ, կատարվում է նախաքննություն:
Քրեական գործով նշանակվել են դիակի դատաբժշկական, դատատոքսիկոքիմիական փորձաքննություններ, դատահետքաբանական, դատաքիմիական և դատամանրաթելային համալիր փորձաքննություն, դատաավտոտեխնիկական փորձաքննություն:
Ա.Չ.- ի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել ստորագրություն չհեռանալու մասին:
Հաշվի առնելով հանրության հետաքրքրությունը ՔԿ -ից հայտնում են, որ Հայկարամ Ղևոնդյանը քրեական գործով հարցաքննվել է որպես վկա: Նախաքննությունը շարունակվում է:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: