Որպեսզի չասեն, թե հեղափոխականներն «ատկատ» են վերցրել

0

Սաշիկ Սարգսյանը պատրաստակամություն է հայտնել հայաստանյան մի բանկում ունեցած իր 30 միլիոնը հանձնել պետությանը, Արմեն Ավետիսյանը պատրաստվում է Ծաղկաձորի իր հյուրանոցը նվիրել պետությանը, գեներալ Մանվել Գրիգորյանն իր սեփականաշնորհած կուղբաբուծարանն է նվիրում համայնքին: Հիմա էլ Վաչագան Ղազարյանն է պատրաստ իր ընկերների միջոցով պետությանը 6 միլիոն դոլար հանձնել… Այս շարքը դեռ կարելի է շարունակել ու վստահ եմ, որ դեռ «բարեգործներ» կգտնվեն, որ տարիներ շարունակ երկրից ու քաղաքացիներից թալանած հսկայական գումարներն ու միջոցները «լվանալու» նպատակով ինդուլգենցիաներ ստանալու ցանկություն ունեն:

 

Image result for nikol pashinyan

Իմանալով՝ թե ի՞նչ խայտառակ վիճակ է տիրում երկրի տնտեսությունում, ապա յուրաքանչյուր լուման այսօր մեծ արժեք ունի, էլ չենք խոսում միլիոնավոր դոլարների մասին: Բայց որքան էլ պնդեն, թե փողը հոտ չունի, այդպես չէ: Ավելին, որոշ փողեր ոչ միայն տհաճ հոտ, այլև տխուր, նույնիսկ ողբերգական պատմություններ ունեն: Այն փողերը, որ այսօր «առատաձեռնորեն» առաջարկվում են պետությանը, հիմնականում գոյացել են մարդկային խեղված ճակատագրերի, քայքայված ընտանիքների ու բիզնեսների, սահմանում՝ մեր զավակների կորուստների հաշվին:

 

Related image

Նախընտրական քարոզարշավի ժամանակ Նիկոլ Փաշինյանն այս նվիրատվությունների մասին խոսում էր, որպես իշխանությունների հակակոռուպցիոն գործունեության արդյունք: Հանուն արդարության պետք է նշեմ, որ Փաշինյանը չհայտարարեց, որ կառավարությունը պատրաստվում է ընդունել դրանք, սակայն «հակակոռուպցիոն տելեթոնի» շարունակականությունը տպավորություն է ստեղծում, որ «բարերաները դեռ հույսեր ունեն»:

 

Related image

Հետհեղափոխական ամիսներին սկանդալային բացահայտումների ու դատավարությունների պակաս չունենք: Եթե դրանք իրականությունից հեռու չեն, ավելին, համոզված եմ, որ շատ մոտ են, ապա ինչու՞ հույսեր տալ «բարեգործներին»: Հեղափոխության տրամաբանությունը պահանջում է, որ յուրաքանչյուր դրվագի պարագայում նախևառաջ տեղի ունենա արդար ու անաչառ դատավարություն, հաստատվի այդ մարդկանց վերագրվող մեղքը, սահմանվի արդարացի պատիժ, որի միայն մասը կարող է լինել գողոնի կամ թալանածի վերադարձը: Դա էլ միայն այն դեպքում, երբ կհրապարակվի թալանածի իրական չափը: Այլապես ոչ մեկի բերանը հետո չես փակի, թե հեղափոխականներն «ատկատ» չեն վերցրել: Մյուս կողմից էլ արտաքին պետական պարտքի միլիարդները խղճուկ միլիոններով չենք փակի, սպառազինության, տեխնոլոգիաների հարց չենք լուծի: Նույնիսկ ընտրությունների ծախսերը չենք փակի:

 

Աղբյուրը ՝ Vesti.am

 

Leave A Reply

Your email address will not be published.