Օրերս տեղի ունեցավ Արցախյան ազատամարտի մասնակից, «Մ.Է.Գ.Վ.Ա.Խ» կամավորական ջոկատի, «Արծիվ-14», «Արծիվ -28» կամավորական գումարտակների փոխհրամանատար, փոխգնդապետ Ռոմիկ Մխիթարյանի «Հուշեր խրամատից» հեղինակային գրքի շնորհանդեսը:
«Public.am»-ը զրուցել է Ռոմիկ Մխիթարյանի հետ:
1. Պարոն Մխիթարյան, լույս է տեսել «Հուշեր խրամատից» գիրքը: Ինչո՞ւ հիմա՝ մոտ 2 տասնամյակ հետո որոշեցիք գիրք գրել:
Տարիներ շարունակ փորձել եմ գրչին տալ հուշերս ու միշտ ինչ-որ բան խանգարել է. մեկ նոր լարվածություն սահմանում, մեկ քաղաքական իրավիճակ: Չգիտեմ ինչպես կարողացա այս անգամ տրամադրվել և մեկ շնչով գրել:
Բայց հասա ինչ-որ մի կետի, երբ զգացի, որ կրկին վերապրում եմ անցածը, էմոցիաները խեղդում են և դադարեցի գրել….
2. Ինչի՞ մասին է այն պատմում:
Գիրքը մեր ջոկատի, մեր անցած մարտական ուղու մասին է: Փորձել եմ հիշել, պատմել մեր հետ կատարվածը, առանձին-առանձին ներկայացնել տղաներին՝ հրամանատարից մինչև զինվոր: Կան ծիծաղելի դրվագներ, կան նաև ողբերգական, դառը պահեր….
3. Ո՞րն է գրքի հիմնական, կարևոր ուղերձը:
Ինչ եմ ուզում ասել այս գրքով: Ուզում եմ, որ մարդիկ հասկանան՝ հայի համար հայրենիքից թանկ ոչինչ չկա, որ սիրելով և գնահատելով խաղաղությունը՝ յուրաքանչյուրս պետք է պատրաստ լինենք կյանքը զոհաբերել՝ հանուն մեր երկրի, մեր գալիք սերունդների:
Հեղինակ՝ Լուսինե Առաքելյան