Բեյոնսեն եւ Թեյլոր Սվիֆթը` Forbes-ի ամենաազդեցիկ կանանց ցանկում
Ամենաազդեցիկ կանանց ամենամյա ցանկում, որը կազմում է Fobes-ը, շատերն են ներառված` քաղաքական գործիչներ, շոու-բիզնեսի աստղեր: Ինչպես միշտ, լիդերների շարքում են Օփրա Ուինֆրին, որը, կարծես թե, ցանկում հաստատվել է ցմահ. փոխվում են միայն զբաղեցրած հորիզոնականները: Այս անգամ Օփրան 20-րդն է:
Երգչուհի Բեյոնսեն 50-րդն է: Նրան մի քանի հորիզոնականով զիջում է Թեյլոր Սվիֆթը (68-րդ տեղ):
Ցանկը գլխավորում է ԳԴՀ կանցլեր Անգելա Մերկելը, ում հաջողվել է առաջ անցնել ոչ միայն քաղաքական գործիչներից, այլեւ շոու-բիզնեսի ներկայացուցիչներից:
Ավելին, Մերկելը ետ է մղել նաեւ Եղիսաբեթ Երկրորդին, որը 23-րդ հորիզոնականում է: Իվանկա Թրամփը ցանկում 24-րդն է:
«Ընդ որում, Մերկելը ոճային չէ, չի առանձնանում վառ արտաքինով»,- գրում են օգտատերերը` նշելով, որ նրա դեպքում բոլորովին այլ չափորոշիչներ են հաշվի առնվել: «Խելացիություն, կոպտություն, քաշ համաշխարհային քաղաքական արենայում»: Այո, հաճախ այդ ամենը շատ ավելի ծանրակշիռ է, քան բոլոր աքսեսուարներն ու հագուստը միասին: