«Մանկական Եվրատեսիլ-2018» միջազգային մրցույթում Հայաստանը իններորդն է. հաղթեց Լեհաստանը
«Մանկական Եվրատեսիլ-2018» երգի հեղինակավոր միջազգային մրցույթում, որն անցկացվեց նոյեմբերի 25-ին Բելառուսի մայրաքաղաք Մինսկում, հաղթեց Լեհաստանը ներկայացնող Ռոքսանա Վեգիլը «Anyone i want to be» երգով:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ մրցույթի հայաստանյան մասնակիցը՝ Լևոնը, ներկայացավ Արտեմ Վալտերի հեղինակած «L.E.V.O.N» երգով՝ ժյուրիի և առցանց քվեարկության արդյունքում զբաղեցնելով իններորդ հորիզոնականը:
Նախորդ տարվանից միջազգային մրցույթի քվեարկության կարգում կարևոր փոփոխություններ էին տեղի ունեցել: Ըստ նոր կարգի՝ մասնակից երկիրը առցանց քվեարկության միջոցով կարող էր քվեարկել նաև իր պատվիրակի օգտին: Քվեարկությունը մեկնարկել էր նոյեմբերի 23-ից jesc.tv կայքում, որտեղ հնարավոր էր դիտել բոլոր մասնակիցների ելույթների նախնական տարբերակները: Հեռուստադիտողը ելույթը դիտելուց հետո հնարավորություն ուներ միաժամանակ քվեարկել 3, 4 կամ 5 մասնակցի օգտին:
Քվեարկությունն ավարտվեց նոյեմբերի 25-ին` մրցույթի օրը` անմիջապես շոուից առաջ: Այն վերսկսվեց մրցույթի ընթացքում բոլոր ելույթներից հետո: Տվյալ քվեարկությունը տևեց 15 րոպե: Հեռուստադիտողի քվեն վերածվեց միավորների՝ դառնալով մրցույթի արդյունքի մի մասը, մյուս մասը ձևավորվեց ժյուրիի գնահատականի հիման վրա: Ժյուրիի քվեարկության արդյունքում Հայաստանը Ուկրաինայից, Ալբանիայից, Իտալիայից ստացավ 3-ական միավորներ, Պորտուգալիայից, Նիդերլանդներից, Ավստրալիայից 6-ական միավորներ, Բելառուսը մեզ 5 միավոր տվեց, Իսրայելը և Լեհաստանը՝ 4-ական միավորներ, Ֆրանսիայից Հայաստանը 8 միավոր ստացավ, Մալթայից՝ 7: Հայաստանն իր 12 միավորը տվեց Բելառուսին:
Հեռուստադիտողի քվերակության արդյունքում Հայաստանը վաստակեց 70 միավոր: Ընդհանուր առմամբ մեր մանակիցը 125 ձայն վաստակեց:
Լևոնը «Մանկական Եվրատեսիլ» երգի մրցույթում Հայաստանը ներկայացնող 13-րդ մասնակիցն է: 12 տարեկան Լևոն Գալստյանը ծնվել է Արցախում՝ Ստեփանակերտում: Մի քանի տարի է՝ ընտանիքի հետ բնակվում է Մոսկվայում, պարբերաբար այցելում է հայրենիք: Լևոնը հասցրել է հաջողությամբ հանդես գալ մի շարք միջազգային մրցույթներում, որոնցից ամենակարևորներն են «Ռուսաստանի ձայնը», «Նոր ալիք»-ը: Նա 2018-ին մասնակցել է «Դեպի մանկական Եվրատեսիլ» երգի մրցույթին և 23 մասնակցից ճանաչվել է հաղթող՝ դառնալով Հայաստանի պատվիրակը «Մանկական Եվրատեսիլ-2018»-ում:
«Մանկական Եվրատեսիլ-2018»-ը անցկացվեց «Շողա» (Light up) նշանաբանի ներքո: Բացի Հայաստանից, մասնակցեցին Ալբանիան, Ավստրալիան, Ադրբեջանը, Բելառուսը, Կիպրոսը, Ֆրանսիան, Մակեդոնիան, Վրաստանը, Իռլանդիան, Իսրայելը, Իտալիան, Ղազախստանը, Մալթան, Լեհաստանը, Պորտուգալիան, Ռուսաստանը, Սերբիան, Նիդերլանդները, Ուկրաինան, Ուելսը:
Հանրային հեռուստաընկերությունը մրցույթի պաշտոնական հեռարձակողն է: