Եվգենի Պլուշենկոյի ելույթը և Ախթամար սառցե շոուի հետաքրքիր դրվագները

0

Հայկական հնագույն «Ախթամար» լեգենդը առաջին անգամ սառցե շոուի տեսքով ներկայացվեց հանդիսատեսին: Նոյեմբերի 25-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում տեղի ունեցավ «Ախթամար»-ի համաշխարհային պրեմիերան.

 

Սիրո մասին լեգենդ-ներկայացմանը հանդես եկան գեղասահքի օլիմպիական, աշխարհի չեմպիոններ և միջազգային մրցույթների դափնեկիրներ: Անսահման սիրո մասին ողբերգական պատմությունը ներկայացվեց կոմպոզիտոր Ալեքսեյ Գալինսկու երաժշտության ներքո: Շոուի ստեղծմանը մասնակցել են նաև պրոդյուսեր Ալեքսանդր Տոլստելևը, պարուսույց- բեմադրիչ Նիկիտա Միխայլովը, կրեատիվ պրոդյուսեր և արտադրության գծով տնօրեն Ստանիսլավ Կորչևսկին և այլք:

Կրակի աստվածուհու դերում Իրինա Սլուցկայան էր, Արտաշես արքային մարմնավորում էր Արթուր Դմիտրիևը, Թամարային՝ Անաստասիա Մարտյուշևան, Ազատին՝ Կոնստանտին Գավրինը: Սառույցի շոուի հեդլայներն էր Իրինա Սլուցկայան: Մարմնի, շարժման ու երաժշտության լեզվով հայկական հնագույն ելգենդը լավագույնս վերարտադրելու համար Իրինայի խոսքով, ներկայացումից առաջ իրեն բավականին օգնել են մի քանի անգամ Հայաստան այցելելն ու մասնավորապես Սևանավանքում լինելը:

 

 

«Կարելի է ասել՝ այդ այցերի ընթացքում զգացել եմ ձեր մշակույթի շունչը, որն այնքան հետաքրքիր է, նաև ուսումնասիրել եմ մարդկանց, համտեսել տեղի ուտեստները: Մի խոսքով, իմ շուրջը եղել է ամբողջապես հայկական կոլորիտ և փորձել եմ այդ զգացածը վերարտադրել սառույցի վրա: Գիտեք՝ որքան էի հուզվում:

 

Այսօր ինձ զգացի ձեր ազգի մի մասնկիը, ինչն ինձ դուր է գալիս: Դուդուկը, որ հնչում է բեմադրության սկզբում, թեև առաջին անգամ չէ, որ լսում եմ, բայց այնքան ազդեցիկ երաժշտություն է, որ ամեն անգամ փշաքաղվում եմ»,-ասաց նա:Սլուցկայան նշեց, որ արդեն իսկ ծրագրել են «Ախթամար»-ը ներկայացնել աշխարհի տարբեր երկրներում, որտեղ մեծ թվով հայ համայնք կա: Անդրադառնալով հայ հանդիսատեսի արձագանքին՝ նա նկատեց. «Գիտեք, հանդիսատեսը ավելի հավաք էր, զուսպ, բայց ես հասկանում էի, որ այդ զսպվածությունը այն պատճառով էր, որ բոլորը շունչները պահած հետևում էին ընթացքին և իհարկե վերջում ջերմ ծափահարություններով մեզ ողջունեցին: Կարծում եմ՝ ստացվեց ներկայացնել հայկական լեգենդի ողջ էությունը»:

 

Նախագծի պատրաստման աշխատանքները տևել են ավելի քան մեկ տարի: Ընդհանուր առմամբ ներկայացման վրա աշխատել է 200-ից ավելի մասնագետ: Հատուկ շոուի համար ստեղծվել են տեսաինստալացիաներ, որոնք ծառայում էին որպես ներկայացման դեկորացիաներ: Շոուի ընթացքում ներկայացվեցին  Հայաստանի գեղեցիկ բնապատկերները, արքայական կահավորանքը, խորհրդանիշները: Այս ամենը ներկայացվեց լեգենդի սիրահար զույգի պատմության միջոցով:

Կերպարների ստեղծման վրա աշխատել է ավելի քան 10 հոգանոց ստեղծագործական խումբ՝ զգեստների նկարիչ Կարինե Դնոյանի ղեկավարությամբ.

 

Ներկայացման պարուսույց-բեմադրիչ Նիկիտա Միխայլովը անկեղծացավ, որ հայկակն լեգենդի սառույցի վրա կենդանություն հաղորդելը բավականին բարդ աշխատանք է եղել. «Շատ ծանր աշխատանք էր, բայց սա  հաճելի հոգնածություն է: Ներկայացվող պատմությունը շատ ազդեցիկ է, նուրբ ու միաժամանակ՝ խորը: Մենք փորձեցինք պարի միջոցով վերարտադրել բոլոր զգացողությունները, կրակի ու ջրի միախառնումը, Ազատի ու Թամարի հարաբերությունները: Ամենաբարդը ինձ համար պարի միջոցով  այն հատվածը հաղորդելն էր, երբ սիրող մարդիկ միասին լինել չեն կարող: Փորձել ենք դա ստանալ լույսով, երաժշտությամբ և մի ամբողջության մեջ ներկայացնել հանդիսատեսին: Հուսով եմ, հանդիսատեսը դա ընկալեց»,-ասաց Միխայլովը:

 

Պարուսույցը նշեց, որ բեմադրությանը վերջին անգամ որպես հանդիսատես հետևել է գլխավոր փորձի ժամանակ, իսկ բուն ներկայացման օրը ողջ ընթացքում կուլիսների հետևում է եղել. «Ես վազում էի կուլիսներում, կարգավորում ամբողջ ընթացքը: Այսօր չտեսա մինչև վերջ, թե ինչպես եղավ, բայց հանդիսատեսի արձագանքից հասակացա, որ ստացվել է»:

Սառցե շոուի երկրորդ հատվածում հանդես եկավ  Եվգենի Պլուշչենկոն, ինչպես նաև հայ գեղասահորդներ՝ Սլավիկ Հայրապետյանը, Անաստասիա Գալստյանը, որոնք պատրաստվում են մեկնել գեղասահքի միջազգային մրցաշարի:

Աղբյուրը ՝ Tert.am Life

Leave A Reply

Your email address will not be published.