Forbes-ը հրապարակել է ամենաբարձր վարձատրվող երգչուհիների ցանկը
Հեղինակավոր Forbes հանդեսը հրապարակել է երաժշտության բնագավառում ամենաբարձր վարձատրվող կանանց ամենամյա վարկանշային աղյուսակը, որը գլխավորել է երգչուհի Քեթի Փերին:
«Witness: The Tour» համերգային շրջագայության շնորհիվ երգչուհին վաստակել է 83 մլն դոլար՝ այդպիսով նախորդ տարվա 9-րդ հորիզոնականից հայտնվելով առաջինում:
Երկրորդ հորիզոնականում է հայտնվել Թեյլոր Սվիֆթը, որի մեկ տարվա եկամուտը, պարբերականի հաղորդմամբ, կազմում է 80 մլն դոլար: Նշվում է, որ երգչուհու հաջողության հարցում զգալի դերակատարում է ունեցել «Reputation» ալբոմը, որը թողարկումից հետո մեկ շաբաթվա ընթացքում վաճառվել է գրեթե երկու միլիոն օրինակով:
Առաջատար եռյակը եզրափակել է նախորդ տարվա առաջատար Բեյոնսեն, որը վաստակել է 60 մլն դոլլար: Անցած տարին երգչուհին նվիրել է երեխաների դաստիարակությանը, քչաթիվ ելույթներին ու ամուսնու՝ Jay-Z-ի հետ ձայնագրած ալբոմի թողարկմանը:
Չորրորդ հորիզոնականում է հայտնվել Pink-ը, որը վաստակել է 52 մլն դոլար, իսկ հինգերորդ հորիզոնականում է Լեդի Գագան՝ 50 մլն դոլար եկամտով:
Առաջատար տասնյակում են ներառվել նաև Ջենիֆեր Լոպեսը, Ռիհաննան, Հելենա Ֆիշերը, Սելին Դիոնն ու Բրիթնի Սփիրսը:
Աղբյուրը՝ Tert.am