Արման Վարդանյանը Դուքենդոյի միջազգային ֆեդերացիայի պատվավոր անդամ

Երևանի «Դինամո» մարզադահլիճում այսօր՝ նոյեմբերի 17-ին, տեղի ունեցավ Հայաստանի դուքենդոյի առաջնությունը, որի ընթացքում համարներ ներկայացրին Դուքենդոյի ֆեդերացիայի բոլոր մասնաճյուղերի մարզիկները։

 

Միջոցառման պատվավոր հյուրն էր «Միասնություն» շարժման ղեկավար Արման Վարդանյանը: Հյուրերի թվում էին նաև սպորտի վաստակավոր մարզիչներ, դերասաններ և այլք:

Աշխարհի Դուքենդոյի ֆեդերացիայի նախագահ Գոռ Վարդանյանի և Հայաստանի Դուքենդոյի ֆեդերացիայի նախագահ Հայկ Վարդանյանի կողմից Արման Վարդանյանին շնորհվեց Դուքենդոյի միջազգային ֆեդերացիայի պատվավոր անդամի կոչում:

Վարդանյանն իր ելույթում նախևառաջ շնորհակալություն հայտնեց իրեն նման գնահատականի արժանացնելու համար, ապա իր հիացմունքն արտահայտեց նոր սերնդի վերաբերյալ:

Նա նկատեց՝ այս երեխաների մեջ մեր հայրենիքի ապագա պաշտպաններն են. նրանց աչքերից երևում է պատասխանատվության և հայրենասիրության մեծ զգացում։

Վարդանյանի խոսքով՝ պատերազմող երկրի համար շատ կարևոր է, որ նոր սերունդն իր մեջ կրի այդ արժեքները: 

«Միասնություն» շարժման ղեկավարը ևս մեկ անգամ շնորհակալություն հայտնեց ֆեդերացիայի ղեկավարությանը, մարզիչներին՝ իրենց կատարած անձնվեր գործի համար՝ ընդգծելով, որ նման կրթությամբ ու մոտեցումով միայն կարելի է ճիշտ դաստիարակել հայ ժողովրդի զավակներին:

Նշենք, որ միջոցառմանը մասնակցում էին մոտ 350-400 տարբեր քաշային կարգի մարզիկներ: Նրանք ֆեդերացիայի կողմից պարգևատրվեցին մեդալներով և պատվոգրերով:

Աղբյուրը՝ Lurer.com

Comments are closed.