Հնդկաստանում կինն առաջին անգամ մայրացել է փոխպատվաստված արգանդի շնորհիվ
Հնդկաստանի 28-ամյա բնակչուհի Մենակաշի Վալանը լույս աշխարհ է բերել արգանդի փոխպատվաստման շնորհիվ բեղմնավորված երեխայի, ինչն Ասիայում առաջին նման դեպքն է: Այդ մասին գրում է Daily Mail-ը՝ մանրամասնելով, որ երիտասարդ կնոջը հղիանալու համար անհրաժեշտ օրգանը տրամադրել է մայրը: Հայտնի է, որ արգանդի փոխպատվաստման վիրահատությունն իրականացվել էր նախորդ տարվա մայիսին:
Վալանն առանց այդ վիրահատության չէր կարող մայրանալ, քանի որ հղիության արհեստական ընդհատման երեք ու վիժման մեկ դեպքից հետո նրա արգանդը «ոչ պիտանի» էր դարձել:
Աղջկա 45-ամյա մայրը որոշել է իր արգանդը տրամադրել: Բարեհաջող վիրահատությունից հետո իրականացվել է արտամարմնային բեղմնավորում
Վալանի ու ամուսնու երկար սպասված առաջնեկը ծնվել է 32 շաբաթական՝ կեսարյան հատման միջոցով:
Աղբյուրը մանրամասնում է, որ աշխարհում արգանդի փոխպատվաստման արդյունքում լույս աշխարհ եկած երեխաները շատ քիչ են: Առաջին նման դեպքը գրանցվել է 2014թ.՝ Շվեդիայում: Դրանից հետո տասից ավելի նմանօրինակ վիրահատություններ են իրականացվել Շվեդիայում ու Միացյալ Նահանգներում:
Նշվում է, որ արգանդի փոխպատվաստման դեպքում կինը երեխային պետք է ունենա բացառապես կեսարյան հատման միջոցով:
Աղբյուրը՝ Tert.am