Գրոսմայստեր Լիլիթ Գալոյանը դատի է տվել Հայաստանի շախմատի ֆեդերացիային
Հայաստանի կանանց շախմատի հավաքականի անդամ, կանանց միջազգային գրոսմայստեր, շախմատի տղամարդկանց միջազգային վարպետ Լիլիթ Գալոյանի ընտանիքում ուրախ իրադարձություն է տեղի ունեցել: Ծնվել են զույգ բալիկներ՝ Լևոնն ու Արփին:
Հղիության ընթացքում Լիլիթը ստիպված է եղել լռել մի երևույթի մասին, որի շուրջ խոսակցություններն այդ պահին պարզապես կվնասեին նրա առողջությանը:
Պարզվում է` հղիությունը պատճառ կարող է հանդիսանալ, որպեսզի երկար տարիներ հավաքականի կազմում ընդգրկված և բարձր արդյունքներ ցույց տված շախմատիստուհին «ցուցակից» դուրս մնա և համարվի, որ գտնվում է վատ մարզավիճակում: Եվ սա այն դեպքում, երբ 2017 թ. կայացած Եվրոպայի առաջնությունում Լիլիթը 7 խաղից վաստակել է 4,5 միավոր` թիմի 5 անդամներից գրանցելով լավագույն արդյունքը:
Այս պատմության մեջ, սակայն, ամենաուշագրավն այն է, որ Հայաստանի շախմատային ֆեդերացիան իր որոշումը կայացրել է Գալոյանի պնդմամբ ապօրինի կերպով՝ հետին թվով փաստաթղթերն իրենց ցանկությանը համապատասխանեցնելով: Sport.panorama.am-ի հետ զրույցում Լիլիթ Գալոյանը փաստեց, որ 2017 թ. դեկտեմբերին շախմատի ֆեդերացիայի նիստում փոփոխություններ են տեղի ունեցել տղամարդկանց և կանանց հավաքականների կազմավորման մեջ: Մայիսի 2-ին հրապարակվել է կանանց հավաքականի կազմը` առանց Գալոյանի:
«Հավաքականում չեմ ընդգրկվել հղիության պատճառով, բայց ինչպե՞ս որոշեցին, թե վատ մարզավիճակում եմ: Նախկինում էլ եղել են նման դեպքեր և որևէ կին-շախմատիսուհի հավաքականից չի հեռացվել: Հղի կնոջն ընտրանու կազմից ազատելը նույնն է, թե աշխատանքից ազատելը, իսկ սա օրենքի խախտում է: Հիմա զրկվել եմ թիմում հանդես գալուց, ամենամսյա թոշակից, մրցաշարերի մասնակցելու և մարզիչների ծառայություններից օգտվելու ֆինանսական հնարավորությունից»,- ասաց Լիլիթ Գալոյանը:
Հայ շախմատիստուհին, ով բազմաթիվ անգամներ բարձր է պահել Հայաստանի պատիվը միջազգային մրցաշարերում, չի պատրաստվում ձեռքերը ծալած նստել: Նրա կարծիքով` այսօր ֆեդերացիայում հավաքվել են մի խումբ մարդիկ, ովքեր ոտնահարում են ՀՀ սահմանադրությունն ու օրենքները:
«Որպես ՀՀ քաղաքացի` մտադիր եմ պաշտպանել իմ ոտնահարված իրավունքները: Արդեն դիմել եմ դատարան` պահանջելով անվավեր ճանաչել ֆեդերացիայի կայացրած անհիմն որոշումները: Ֆեդերացիայից պահանջել եմ նիստերի արձանագրությունները, հավաքականի կազմավորման կարգերն ու ֆեդերացիայի կանոնադրությունը: Մինչ այժմ որևէ փաստաթուղթ չեմ ստացել»,- ասաց շախմատիստուհին:
Նրա պատմելով, ֆեդերացիան թիմերի ձևավորման կանոնակարգը փոփոխել է՝ հղում անելով ֆեդերացիայի նոր կանոնադրությանը, մինչդեռ այդ փաստաթուղթն իրավաբանական ուժ չի ունեցել, քանի որ ՀՀ ԱՆ իրավաբանական անձանց պետական ռեգիստրում գրանցվել է ավելի ուշ:
«Ֆեդերացիայի կանոնադրություն օգոստոսին հանկարծահաս հայտնվեց ֆեդերացիայի կայքում, իր նախատիպից 11 տարի անց, այն էլ այդ փաստաթուղթը ետին ամսաթվով էր՝ 2017 թ. հուլիսի 8: Ֆեդերացիան կայքում հմտորեն կամ միամտորեն թաքցնում է, որ փաստաթուղթը ՀՀ իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գրանցմանն ուղարկվել է մեկ տարի անց միայն՝ 2018 թ. հուլիսին, և այն, օրենքի համաձայն, ուժի մեջ է մտնում հենց գրանցում ստանալու օրվանից:
Այսինքն՝ եթե անգամ նրանք փոփոխված կանոնադրության համապատասխան են գործել, չեն ունեցել դրա իրավունքը, քանի որ օրենքով սահմանված կարգով այդ կանոնադրությունը պետական գրանցում է ստացել և գործածության համար ուժի մեջ է մտել այս տարվա հուլիսի վերջերից նոր միայն»,- ասաց նա:
Լիլիթ Գալոյանի համար անհասկանալի է սպորտն անձնական դաշտ տեղափոխելը և սա առաջին անգամը չէ, սակայն այս անգամ խաղի կանոնները փոխվել են և հայ շախմատիստուհին պատրաստ է հաղթել նաև դժվարին այս պարտիայում, մանավանդ, իր դեմ նման անարդարություն կատարվել էր նաև ավելի վաղ՝ 2000-ականների սկզբներին: Ցավոք, մրցակիցն այս անգամ իր հարազատ ֆեդերացիան է:
Աղբյուրը՝ Panarama.am SPORT