Արսեն Ջուլֆալակյան. «Միշտ էլ հետաքրքրություն ունեցել եմ քաղաքական զարգացումների վերաբերյալ. մասնագիտությամբ դիվանագետ եմ»
Հունահռոմեական ոճի ըմբիշ, աշխարհի, Եվրոպայի չեմպիոն, Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր Արսեն Ջուլֆալակյանը կարծում է, որ Ազգային ժողովի պատգամավոր դառնալով՝ կարող է սպորտային մեծ փորձը ծառայեցնել ոլորտի զարգացմանը:
«Եթե ասեմ, որ բացարձակ չէի զբաղվում քաղաքականությամբ կամ անմասն էի մնում դրանից, սուտ կլինի: Թե՛ ինձ ճանաչողերը, թե՛ ֆեյսբուքյան էջերով միշտ էլ իմ քաղաքական դիրքորոշումը տարբեր հարցերի շուրջ ունեցել եմ: Եվ ամենակարևորը մասնագիտությունս է ստիպում, քանի որ մասնագիտությամբ դիվանագետ եմ: Միշտ էլ հետաքրքրություն ունեցել եմ քաղաքական զարգացումների վերաբերյալ»,-«Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց մարզիկը:
Ջուլֆալակյանի խոսքով` տևական ժամանակ առաջարկություն եղել է ավելի վաղ քաղաքականություն մտել, բայց իրեն միշտ կանգնեցրել է սպորտը: «Ուզում եմ հանգստացնել սպորտային երկրպագուներիս՝ասելով, որ սպորտը ինձ համար մնալու է առաջնային, կարևոր, որոշիչ մինչև Տոկիոյի 2020 թվականի Օլիմպիական խաղերը: Պարզապես պետք է ավելի ճկուն լինեմ, որ համատեղեմ երկու մասնագիտությունները: Հիմա պրոֆեսիոնալ կարիերայիս ավարտին մնացել է 1,5 տարի, և ճիշտ ժամանակն է սահուն անցում կատարել քաղաքականությանը»,-ասաց նա:
Արսենը որոշումը կայացնելիս այն քննարկել է նաև իր հոր` Օլիմպիական խաղերի չեմպիոն Լևոն Ջուլֆալակյանի հետ: «ՔՊ կողմից բարձր մակարդակով առաջարկ ստացա, ինչպես նաև նրանք բավարարեցին իմ պահանջները` մնալ սպորտում և մնալ անկուսակցական, ինչպես նաև առաջադրվել ոչ թե ռեյտինգային, այլ համամասնական ընտրակարգով»,-ասաց անվանի մարզիկը:
Նրա կարծիքով ինքը լավ տեղյակ է սպորտում առկա խնդիրներից և սրտացավ է դրանց լուծման հարցում: «Ուզում եմ ունեցածս փորձը ծառայեցնել հայկական սպորտի զարգացմանը»,- նշեց նա:
«Արմենպրես»-ի այն հարցին, թե արդյոք պատրաստ է հետագայում նաև սպորտի նախարարի պաշտոնը ստանձնել Ջուլֆալակյանը շեշտեց, որ նախարարի պաշտոնը ստանձնելու համար նախ պետք է հասկանալ նախարարի դերը՝ ով է նա իրականում, ինչպիսի լծակներ ունի և ինչ է պահանջվում նրանից, որոնք են նրա պարտականությունները:
«Ես վերջին տարիներին չեմ տեսել սպորտի նախարարին այնպես, ինչպես ես պատկերացնում եմ: Պետք է ավելի հստակեցվի նրա լիազորությունները և այլն: Բայց կարծում եմ, որ լավագույնս կկարողանամ որպես նախարար աշխատել և այն կարծիքին եմ, որ այս պահին չկա սպորտի բնագավառում մեկը, ով այդքան հասկանում է սպորտից, այդքան սրտացավ է, որքան ես: Սպորտի նախարարը պետք է ընդունված լինի մարզաշխարհի կողմից»,-եզրափակեց նա:
«Իմ քայլը» դաշինքը կենտրոնական ընտրական հանձնաժողով ներկայացրեց դեկտեմբերի 9-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններին մասնակցելու համար գրանցման անհրաժեշտ փաստաթղթերն ու համամասնական ու տարածքային ցուցակները: Ցուցակի 57-րդ տեղում Արսեն Ջուլֆալակյանն է: Նա անկուսակցական է: