Ինչու՞ են հայ երեխաների ատամներն այդքան հաճախ փչանում եւ ի՞նչ անել այդ ուղղությամբ
Վերջին շրջանում մենք ավելի հաճախ ենք տեսնում փչացած, սեւացած ատամներով փոքր երեխաների: Մանկական ատամնաբույժներն էլ են նկատում, որ վերջերս երեխա հաճախորդներն ավելի ու ավելի են շատանում:
Ինչու՞ են հայ երեխաների ատամները սկսել այդքան հաճախ փչանալ եւ ի՞նչ կարելի է անել նրանց ատամների առողջության պահպանման համար:
Քաղցրավենիքը՝ չարի՞ք
Երեխաների ատամների խնդիրների գլխավոր պատճառներից մեկը օրաբաժնում ընդգրկված քաղցրեղենն է:
Մանկաբույժ Լյուդմիլա Սիմոնյանցը պնդում է, որ կոնֆետները եւ մյուս քաղցրավենիքները քայքայում են երեխաների ատամները, հանգեցնում են կարիեսի զարգացմանը եւ բացասաբար են ազդում ատամնաշարի ձեւավորմանը: Ճիշտ է՝ շատ ծնողներ չգիտեն այդ կամ բավականաչափ նշանակություն չեն տալիս դրան եւ թույլ են տալիս իրենց երեխաներին այնքան քաղցրավենիք ուտել, որքան նրանք ցանկանում են: Արդյունքում՝ փչացած ատամներ եւ կարիես:
Բայց եթե նման ծնողներին հարցնենք ատամների խնդիրների պատճառների մասին, նրանք հավանաբար կասեն, որ ամեն ինչում մեղավոր են նենգ «գեները»:
Գենետիկա vs կենսակերպ
Կարող են արդյո՞ք «գեները» իսկապես պատասխանատու լինել երեխաների ատամների առողջության համար:
Ատամնաբույժ Հովհաննես Գեւորգյանը պնդում է, որ գենետիկան, իհարկե, ընդհանուր առմամբ կարեւոր դեր է խաղում մարդու առողջության վիճակի եւ մասնավորապես ատամների առողջության գործում: Բայց պակաս կարեւոր դեր չունի նաեւ կենսակերպը. եթե անգամ մարդը «կատարյալ» գենետիկա ունի եւ ատամների հիվանդությունների ժառանգական նախատրամադրվածություն չունի, այդ հիվանդությունները, ամենայն հավանականությամբ կառաջանան նրա մոտ, եթե նա կանոնավոր կերպով չմաքրի ատամները եւ պրոֆիլակտիկ զննությունների համար չայցելի ատամնաբույժին: Եվ հակառակը. եթե մարդը կարիեսի եւ այլ հիվանդությունների նկատմամբ ժառանգական նախատրամադրվածություն ունի, բայց ուշադիր է իր ատամների հանդեպ եւ ճիշտ խնամում է դրանք, նրա մոտ, ըստ ամենայնի, ոչ մի խնդիր չի լինի:
Հետազոտությունը, որն անցկացրել են J. Craig Venter Institute-ի գիտնականները (JCVI, США), հաստատում է այս տեսակետը. ուսումնասիրությունն ապացուցել է, որ ատամների եւ լնդերի առողջությունը կախված է կենսակերպից եւ մարդու սնվելուց, այլ ոչ թե գեներից:
Ըստ ատամնաբույժի, ատամների համար վտանգավոր է ոչ այնքան շաքարավազը, որքան քաղցրավենիք ուտելուց հետո ատամները չմաքրելը: Եթե առանց ատամները մաքրելու պառկեք քնելու, գիշերը ատամների էմալը սննդի մնացորդների պատճառով կսկսվի քայքայվել, հատկապես քաղցրի պատճառով: Հետեւաբար, եթե դուք չեք կարող երեխաներին քաղցրավենիքներ չտալ, պետք է գոնե նրանց սովորեցնեք պարբերաբար ատամները լվանալ եւ դա ճիշտ անել, գրագետ, իսկ ժամանակ առ ժամանակ նրանց ատամնաբույժի մոտ տանեք, եթե անգամ ոչ մի տեսանելի խնդիր նրանց մոտ չկա:
Բուժե՞լ, թե՞ չբուժել. սա է խնդիրը
Շատ ծնողներ կարծում են, որ եթե երեխայի մոտ կարիես կա, պարտադիր չէ այն բուժել, չէ որ կաթնատամները վաղ թե ուշ կընկնեն: Սակայն խնդիրն այն է, որ կարիեսից վնասված կաթնատամները դուրս են գալիս եւ ժամանակից շուտ փչանում են, ինչի պատճառով հիմնական ատամներն արդեն անհամաչափ են զարգանում: Արդյունքում երեխաների մոտ թեք ատամներ են առաջանում, ավելին՝ երբեմն կաթնատամների չբուժված հիվանդությունները տարածվում են նաեւ հիմնականների վրա: Մասնագետներն ավելի հաճախ են տեսնում երեխաների, որոնց հիմնական ատամները հենց հայտվելուց արդեն կարիեսից վնասված են:
Դրա համար երեխաների կարիեսը միանշանակ պետք է բուժել, ավելին՝ բուժումը չի կարելի հետաձգել. ատամնաբույժին պետք է անմիջապես դիմել, չի կարելի սպասել, որ խնդիրը խորանա, հակառակ դեպքում՝ ատամը հնարավոր չի լինի փրկել:
Արդարության համար պետք է նշել, որ երեխաների մոտ կարիեսի խնդիրը արդիական է ողջ աշխարհում: Նույն Բրիտանիայում ամեն 7-րդ երեք տարեկան երեխան արդեն ունի կարիես եւ երեք տարեկանների 14 տոկոսը ատամնային լցոնումներ կամ հիվանդություններից դուրս եկած ատամներ ունի, ինչպես ցույց է տվել նոր ուսումնասիրություն
Աղբյուրը՝ News.am