Տրանսգենդեր մոդելներին կարող են թույլ տալ մասնակցել Victoria’s Secret շոուին
Կանանց ներքնազգեստի, մարմնի խնամքի պարագաների արտադրությամբ զբաղվող ամերիկյան Victoria’s Secret ընկերության ղեկավարներից մեկը՝ 70-ամյա Էդ Ռազեկը, ներողություն է խնդրել տրանսգենդեր մոդելների վերաբերյալ արած հայտարարության համար:
Ինչպես նշում է Daily Mail-ը, Ռազեկը քննադատվել է այն բանից հետո, երբ հայտարարել էր, որ տրանսգենդեր մոդելները չեն մասնակցում բրենդի ամենամյա շքեղ շոուին, քանի որ շոուն ինքին «ֆանտազիա է, պատրանք»:
«Ինձ հաճախ հարցնում են՝ ինչու տրանսսեքսուալները չեն մասնակցում: Կարծում եմ, որ նրանք չպետք է մասնակցեն, քանի որ շոուն պատրանք է՝ 42 րոպե տևողությամբ ժամանցի հատուկ տեսակ»,- հայտարարել էր Ռազեկը:
Դրանից հետո բրենդի հասցեին բազմաթիվ քննադատություններ են հնչել, իսկ աշխարհում ամենահայտնի տրանսգենդեր մոդելներից մեկը՝ Անդրեա Պեժիչը, իր հիասթափությունն էր հայտնել: Պեժիչի կարծիքով՝ «մոդելային ոլորտում այդքան ծանրակշիռ դեմք հանդիսացող Ռազեկը չպետք է հետամնաց հայացքներ ունենա»:
Արդյունքում Ռազեկը ներողություն է խնդրել իր ասածի համար՝ չբացառելով, որ ապագայում VS շոուներին կարող են նաև տրանսգենդերներ մասնակցել:
«Իրականում քասթինգներին շատ են գալիս տրանսգենդերներ, սակայն նրանք չեն ընտրվում մեր չափորոշիչներին չհամապատասխանելու պատճառով: Դա որևէ կապ չունի նրանց գենդերային պատկանելության հետ»,-ասել է նա:
Աղբյուրը՝ Magnis.News