Լեւոն Գալստյան «Շատ լավ գիտակցում եմ, թե ինչ պատասխանատվություն է ինձ վրա»

0

Այս ամսվա ամենասպասված մանկական միջազգային մրցույթին՝ «Մանկական Եվրատեսիլ  2018»-ին, հաշված օրեր են մնացել: Նեյեմբերի 25-ին 20 երկրների մասնակիցներ իրենց հայրենիքը կներկայացնեն հեղինակավոր մրցույթում: Հայաստանն այս տարի կրկին կմասնակցի մրցույթին, իսկ մեր դեսպանը «Դեպի Մանկական Եվրատեսիլ» մրցույթի հաղթող՝ 12-ամյա Լեւոն Գալստյանն է, որը ներկայանում է L.E.V.O.N բեմական անվամբ: «Մանկական Եվրատեսիլ 2018»-ին հայ պատանին կներկայացնի հենց իր անունը կրող L.E.V.O.N երգը:

NEWS.am STYLE-ը զրուցել է Լեւոնի հետ՝ պարզելով, թե ինչպես են ընթանում մրցույթի նախապատրաստական աշխատանքները, ինչպես որոշեց մասնակցել հայաստանյան նախընտրական փուլին եւ ինչպես է տրամադրված եվրոպական բեմում ներկայանալուն:

Լեւոն, ինչպե՞ս ստացվեց «Դեպի Մանկական Եվրատեսիլ»-ին մասնակցությունդ: Քո ցանկությո՞ւնն էր, թե՞ կողքից ինչ-որ մեկը հուշեց:)

Լինելով «Արցախի ձայն» նախագծում և հետևելով Վովայի, Նաստյա Պետրիկի և Միշայի օրինակին՝ ունեի մեծ ցանկություն մասնակցելու «Մանկական Եվրատեսիլ» մրցույթին: «Դեպի Մանկական Եվրատեսիլ» նախագիծն ինձ համար հրաշալի հնարավորություն էր իրականացնելու իմ երազանքը: Մասնակցության որոշումը կայացրել ենք բոլորս միասին՝ ես, ընտանիքս ու «Արցախի ձայներ»-ի թիմը:

Կպատմե՞ս երգիդ ստեղծման եւ L.E.V.O.N մականվան մասին:

Երգի հեղինակը Արտեմ Վալտերն է: Ի դեպ, «Մանկական Եվրատեսիլ 2012»-ի հաղթող Նաստյա Պետրիկի երգը նույնպես Արտեմն է հեղինակել: Ճանաչելով ինձ՝ Արտեմը գրել է էներգետիկ ու պարային երգ: Մենք ցանկանում էինք, որ իմ անունը լսելիս՝ մարդկանց տրամադրությունը բարձրանա և նրանց մոտ պարելու ցանկություն առաջանա: Երգը կոչեցինք հենց իմ անունով՝ L.E.V.O.N:

Ովքե՞ր են քեզ օգնել պատրաստվել մրցույթին: Ո՞ւմ խորհուրդներով ես առաջնորդվել եւ առաջնորդվում մրցութային օրերին:

Փուլ առ փուլ մեր թիմը դառնում է ավելի մեծ: Սկզբում աշխատում էի իմ պրոդյուսերի ու Արտեմ Վալտերի հետ, հետո նաև՝ խորեոգրաֆների և դիզայների: «Դեպի Մանկական Եվրատեսիլ»-ի ժամանակ աշխատեցի Հանրայինի մեծ ու պրոֆեսիոնալ թիմի հետ, ու հիմա նրանք իմ կողքին են լինելու նաև Մինսկում: Կարծում եմ՝ մայրիկիս ու հայրիկիս աջակցության մասին նշելու կարիք չկա. նրանք միշտ են իմ կողքին ու իրենց խորհուրդներով ու հոգատարությամբ սատարում են ինձ և զարգացնում իմ մեջ մարտական ոգին: Անչափ շնորհակալ եմ բոլորին:

Ինչպիսի՞ ելույթ ես պատկերացնում արդեն Մինսկում:

Շատ լավ գիտակցում եմ, թե ինչ պատասխանատվություն է ինձ վրա: 6-8, երբեմն նույնիսկ 10 ժամ, յուրաքանչյուր օր նվիրում եմ փորձերին: Մեկ մեկ ընկերներս են նեղանում, որ իրենց չեմ հանդիպում, ուսուցիչներս նկատողություն են անում, ֆուտբոլ չեմ հասցնում խաղալ, բայց ոչինչ՝ պետք է պատվով ներկայանալ:

Երկու օր առաջ քո ինստագրամյան էջում հայտարարել ես քո չելենջի մեկնարկի մասին: Կպատմե՞ս մի փոքր:

Ինչպես բազմիցս նշել եմ, ուզում եմ, որ իմ երգը վարակի բոլորին ու պարելու ցանկություն առաջացնի: Հենց այդպես էլ առաջացավ այս չելենջի գաղափարը: Մասնակցելը շատ հեշտ է. անհրաժեշտ է հետևել իմ ինստագրամյան էջին` @levongalstyanofficial, նկարել իմ պարով տեսահոլովակ, տեղադրել այդ տեսահոլովակը անձնական ինստագրամյան էջում՝ նշելով #DESUDEN ու #JESC2018 հեշթեգերը: Ամենաշատ հավանություն (like) ստացած պարի հեղինակը կստանա հատուկ մրցանակ՝ «Մանկական Եվրատեսիլի 2018» համերգի 2 տոմս:

Ունե՞ս թալիսման, որը քեզ օգնում է:

Ելույթներումս թալիսմանս ակնհայտ երևում է. դա իմ խաչն է, որը միշտ ինձ հետ է: Մինսկ մեկնելուց հնարավոր է ևս մեկ թալիսման ավելանա… կտեսնեք:

Մասնակիցներից շատերի մոտ հենց քո երգն էր տպավորվել, իսկ քեզ համար ո՞ւմ երգն էր նաեւ տպավորիչ:

Չեմ կարողանա առանձնացնել, շատ երգեր կային, որոնք սիրեցի:

Ինչո՞վ ես սիրում զբաղվել, բացի երգից: Որտե՞ղ ես սովորում, որո՞նք են սիրելի առարկաներդ…
Նախասիրություններս փոփոխվում են կախված իմ տրամադրությունից կամ զբաղվածությունից: Սակայն ֆուտբոլի հանդեպ սերն ինձ մոտ անփոփոխ է: Սովորում եմ Ստեփանակերտի թիվ 3 դպրոցում: Տարեց տարի նոր առարկաներ ենք ուսումնասիրում, թերևս սիրելի առարկա առանձնացնել չեմ կարող:

Արդեն սկսե՞լ ես նախապատրաստվել մրցույթին:

Վաղուց եմ սկսել ու մեծ հաճույքով եմ դա անում: Ինձ համար այդ ընթացքը նման է Ֆուտբոլի առաջնության մարզումներին. բոլորը հավաքվում են միասին ու սկսում օր ու գիշեր մարզվել: Այդպես էլ մենք՝ օր ու գիշեր պատրաստվում ենք:

Ում ես առաջնահերթ նվիրելու մրցույթում քո ելույթը:

Մեր սիրելի հայրենիքին:

 

Աղբյուրը՝ News.am

Leave A Reply

Your email address will not be published.