Լևոն Ջուլֆալակյան. «Կարող էինք ավելին, բայց սպորտն ունի իր բարդությունները»
Բուդապեշտում ավարտվեց ըմբշամարտի աշխարհի առաջնությունը: Ազատ ոճի հայ ըմբիշները ստուգատեսից վերադարձան ձեռնունայն, հունահռոմեականներից բրոնզե մեդալակիր դարձան 87 կգ քաշային Արթուր Շահինյանն ու 82 կգ քաշային Մաքսիմ Մանուկյանը: Բրոնզե պարգևի համար պետք է պայքարեր նաև 97 կգ քաշային կարգում հանդես եկող Արթուր Ալեքսանյանը, սակայն նա վնասվածքի պատճառով չէր ժամանել գոտեմարտին:
Հունահռոմեական ոճի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Լևոն Ջուլֆալակյանն այսօր լրագրողների հետ կայացած մամուլի ասուլիսում փաստեց, որ 8 քաշային կարգերից 4-ում հայ հունահռոմեականները պայքարում էին մեդալների համար, սակայն արդյունքում ստացվեց երկու բրոնզե մեդալ: Կարող էին ավելին, սակայն սա էլ մեծ հաջողություն է մեր երկրի համար:
«Մաքսիմ Մանուկյանն ու Արթուր Ալեքսանյանը ստուգատեսից առաջ մեջքի վնասվածքներ ունեին: Արթուր մեկնարկում նաև կողոսկրի վնասվածք ստացավ, սակայն կարողացավ շարունակել պայքարը մինչև երրորդ տեղի համար պայքարը: Մեդալի համար պայքարի նախօրեին վնասվածքը խորացավ և նախավարժանքի ժամանակ հասկացանք, որ գոտեմարտելն անիմաստ ու վտանգավոր կարող է լինել և հրաժարվեցինք:
Ընդհանուր առմամբ` մրցումներն անցան լարված պայքարում, բոլոր թիմերը լավ պատրաստված էին: Թիմային հաշվարկում կարող էինք լինել 4-րդը, սակայն Արթուրի չմասնակցության պատճառով գրավեցինք 6-րդ տեղը: Սա կարելի է համարել լուրջ հաջողություն, որովհետև փոքրիկ Հայաստանի համար սա իսկապես լավ արդյունք է: Ինչ խոսք, կարող էինք ավելին անել, բայց սպորտն ունի իր բարդությունները:
Մեր աշխատանքը միշտ շարունակական է, մենք երբեք տեղում չենք դոփում: 20 տարի է գլխավորում եմ հավաքականը և յուրաքանչյուր տարի հաջողությունները բարելավվել են: Եթե կա աշխատանք, կլինի արդյունք: Կլինի նաև սայթաքում, այնպես որ չի կարելի ծայրահեղությունների հետևից ընկնել: Մենք միշտ ձգտում ենք ավելիին»,- ասաց Ջուլֆալակյանը:
Մարզիչը տեղեկացրեց, որ նախաօլիմպիական տարին կսկսեն ծաղկաձորյան հավաքով, ապա հունվարին տեղի կունենա մարզաձևի Հայաստանի առաջնությունը: Հաջորդ տարին շատ ծանրաբեռնված է լինելու: Ջուլֆալակյանը հույս հայտնեց, որ կապահովեն Օլիմպիական վարկանիշ և ըստ արժանվույն կնախապատրաստվեն Օլիմպիական խաղերին:
Աղբյուրը՝ Sport Panarama.am