Շուտով եթերում կլինի «Կոռուպցիա» սկանդալային հեռուստասերիալը
Շուտով եթերում կլինի «Կոռուպցիա» հեռուստասերիալը: Public.am-ի հետ զրույցում հեռուստասերիալի ռեժիսոր և գլխավոր դերակատար Գոռ Վարդանյանը որոշ մանրամասներ ներկայացրեց:
1. Գոռ, եթերում կլինի «Կոռուպցիա» հեռուստասերիալը: Քանի՞ մասից է այն բաղկացած և ո՞ր հեռուստաալիքի եթերում կարող են այն դիտել:
Հեռուստասերիալը նախատեսված է 18-ից բարձր տարիքի լսարանի համար: Բաղկացած է 25 մասից: Հեռուստատեսությամբ այն կարող եք դիտել միայն «UCOM» ցանցում գործող «Տեսավարձույթ VOD» բաժնում, ինչպես նաև «PanArmenian TV»-ի յութուբյան պաշտոնական ալիքում:
2. Ո՞րն է հեռուստասերիալի հիմնական սյուժետային գիծը, կարևոր ասելիքը:
Հեռուստասերիալը նկարված է «Հրեշների գայլը» ֆիլմի մոտիվներով, բայց դրա անմիջական շարունակությունը չէ: Ֆիլմում ունենք ոստիկան, որը պայքարում է կոռուպցիայի դեմ՝ հանուն արդարության: Ստեղծել ենք մի հավաքական կերպար, որը պետք է օրինակ լինի հասարակության համար, մարդիկ ցանկանան նմանվել նրա մտածելակերպին և աշխատելաոճին: Ֆիլմի գլխավոր հերոսն ընկնում է այնպիսի իրավիճակների մեջ, որ անձնական կորուստներ է ունենում և ոչ միայն: Սա բավականին հետաքրքիր դրամատիկ թրիլլեր է: Պայքարը կյանքում երբևիցե հեշտ չի լինում: Հարկավոր է կամքի ուժ, կլինեն ծանր օրեր և խնդիրներ, որոնք հաղթահարելու դեպքում է միայն հնարավոր հասնել արդար նպատակին: Հաղթանակները և լավ գործերը հեշտ չեն տրվում:
3. Ովքե՞ր են հանդես գալու գլխավոր դերերում:
Գլխավոր դերում ես եմ, հավաքվել է հրաշալի դերասանական կազմ: Շատերը խաղացել են մեր նախկին ֆիլմերում:
4. Այս հեռուստասերիալից հետո ե՞րբ հեռուստադիտողը սպասի հաջորդ ֆիլմին:
«Կոռուպցիա» հեռուստասերիալը նկարահանել ենք նախորդ տարվա դեկտեմբերին: Այն պետք է ցուցադրվեր այս տարվա ապրիլին, բայց քանի որ այդ ժամանակ քաղաքական իրադարձություններ տեղի ունեցան երկրում, հավանաբար հեռուստաընկերությունը նպատակահարմար չգտավ ֆիլմը ցուցադրել: Մարդիկ ավելի շատ զբաղված էին միտինգներով և այլ հարցերով, և ֆիլմի ցուցադրությունը տեղափոխվեց աշուն: Շատերը, ովքեր դիտել են ֆիլմի փորձնական տարբերակը, կարծել են, որ նոր ենք նկարահանել այն: Հետագա ծրագրերի մասին ասեմ, որ մտահղացումներ, իհարկե, կան, երբ հարմար լինի, այն ժամանակ կիրագործենք:
Հարցազրույցը՝ Լուսինե Առաքելյանի