Արթուր Ալեքսանյանը չի ներկայացել գոտեմարտին
Բուդապեշտում ընթացող հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնությունում 97 կգ քաշային Արթուր Ալեքսանյանն այսօր պետք է գոտեմարտեր իրանցի ըմբիշ Ահդի Աբաս Ալիյարիֆեյզաբադիի հետ` վիճարկելով բրոնզե մեդալը: Հայ ըմբիշը, սակայն, չի ներկայացել գոտեմարտին: Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի անդամ Արսեն Ջուլֆալակյանը UWW-ի պաշտոնական կայքին հայտնել է, որ Ալեքսանյանը մեջքի վնասվածքով էր մասնակցում ստուգատեսին։ Ամենայն հավանականության, հենց այս պատճառով էլ Արթուրը հրաժարվել է մրցելույթից:
Հիշեցնենք, որ Ալեքսանյանը պայքարն սկսել էր 1/16 եզրափակչից, որտեղ 5:1 հաշվով առավելության էր հասել Իտալիայի ներկայացուցիչ Նիկոլոզ Կախելաշվիլու նկատմամբ: 1/8 եզրափակչում հայ ըմբիշը 10:6 հաշվով հաղթել էր նորվեգացի Ֆելիքս Բալդաուֆին, իսկ քառորդ եզրափակչում 4:3 հաշվով` վրացի Ռևազի Նադարեիշվիլուն: Միակ պարտությունը նա կրել էր կիսաեզրափակչում` 1:3 հաշվով զիջելով Ռուսաստանի ներկայացուցիչ Մուսա Եվլոևին:
Աղբյուրը՝ Panarama.am.Sport