Նիկոլ Փաշինյանը ներկայացրեց Գաբրիել Ղազարյանին
Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն այսօր ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ նախարարի պաշտոնակատար Գաբրիել Ղազարյանին: Նիկոլ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել պաշտոնաթող նախարար Լևոն Վահրադյանին համատեղ աշխատանքի համար և շնորհավորել Գաբրիել Ղազարյանին՝ ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ:
Վարչապետի պաշտոնակատարը նշել է, որ Ղազարյանը նախկինում եղել է ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի պաշտոնում և քաջատեղյակ է ոլորտի խնդիրներին: Նրա խոսքով՝ թե′ երիտասարդության, թե′ սպորտի ոլորտներում առկա է մեծ ներուժ, որը լիարժեք իրացնելու համար պետք է առավել արդյունավետ մոտենալ խնդիրներին, այն է՝ ոգեշնչել մեր մարզիկներին, պայմաններ ստեղծել, որպեսզի այդ ոգևորությունը դառնա կոնկրետ արդյունք և ըստ արժանվույն գնահատել արձանագրված արդյունքները:
Գաբրիել Ղազարյանը շնորհակալություն է հայտնել վստահության համար և նշել, որ նախարարությունն ունի մշակված մի շարք ծրագրեր՝ Նիկոլ Փաշինյանի նախանշած ուղղություններով սպորտի և երիտասարդության ոլորտի զարգացումը խթանելու համար:
Աղբյուրը՝ Sport Panarama.am