Ինչո՞վ են օգտակար սև, կանաչ, սպիտակ և մյուս թեյերը
Սպիտակ
Սպիտակ թեյերը թեթև են ու նրբահամ։ Նրանք ամենաքիչ մշակված թեյերն են, որոնք ենթարկվում են միայն շոգեմշակման ու չորացման, հնարավորինս պահպանելով բնականին մոտ վիճակը։ Վերջին ուսումնասիրությունները ցույց են տվել, որ այս թեյերը պարունակում են ավելի շատ քաղցկեղի դեմ պայքարող հակաօքսիդանտներ, քան որևէ այլ թեյ։ Այս թեյը նախընտրելու մեկ այլ պատճառ է այն, որ սպիտակ թեյը կարող է օգնել ձեր մարմնի իմունային համակարգին պայքարել մանրէների և վտանգավոր վարակահարուցիչ միկրոբների դեմ։ Բազմաթիվ ուսումնասիրություններ բերել են այն եզրահանգման, որ ֆտորով հարուստ սպիտակ թեյը օգնում է կանխել ատամնափառի առաջացումը՝ ատամի փչացման գլխավոր պատճառը։
Կանաչ թեյ
Կանաչ թեյը թեթև է և թարմացնող։ Լավ հայտնի լինելով առողջության համար իր շատ օգտակար հատկություններով, կանաչ թեյն օգնում է կանխել քաղցկեղը, նվազեցնում է խոլեստերինը, իջեցնում է արյան ճնշումը, ամրապնդում է իմունային համակարգը, կանխում է կարիեսի առաջացումը, նվազեցնում է լարվածությունը(սթրեսը), կարգավորում է ծերացման ընթացքը։ Չինաստանում ասում են. «Կանաչ թեյ խմելը նպաստում է կյանքի մասին լավ հոգ տանելուն»։
Ուլունը միջանկյալ դիրք է գրավում կանաչ և սև թեյերի միջև։ Այս թեյերը հաճախ պատրաստվում են հասուն տերևներից (այլ ոչ թե մատղաշ), հավաքվելով մեծահասակ թեյի թփերից։
Այս թեյի օգտագործման երկար պատմությունը Հարավ-արևելյան Ասիայի երկրներում ցույց է տվել, որ այն դանդաղեցնում է ծերացման գործընթացները, նպաստում է քաշի նվազեցմանը և զգալի կազդուրիչ ազդեցություն է թողնում ամբողջ օրգանիզմի վրա։ Նկատվել է, որ ուլունի կանոնավոր օգտագործումը զգալիորեն բարելավում է մաշկի վիճակը և ամրացնում է իմունային համակարգը։ Այս թեյերը բարերար ազդեցություն են թողնում նաև մարսողական պրոցեսների վրա և հաճախ օգտագործվում են որպես ստամոքսին օգնող միջոց՝ ծանր և յուղոտ կերակուրը մարսելու համար։
Սև թեյը բարձրացնում է տրամադրությունը, պաշտպանում է սթրեսներից, բարձրացնում է արյան ճնշումը, և այն պարզապես համեղ է։
]
Բուրավետ թեյերը սկիզբ են առել Հեռավոր Արևելքում տարածված ավանդույթներից։ 18-րդ դարից սկսած թեյերը համեմվել են, օրինակ՝ հասմիկի, վարդի, դեղձի ծաղկաթերթերով։ Համեմված թեյերը կարող են դիտվել որպես հիանալի աղանդեր՝ մատուցված տաք կամ սառը վիճակում։ Համեմված թեյերը ստեղծվում են՝ սև, ուլուն տեսակի, սպիտակ կամ կանաչ թեյերին ավելացնելով մրգեր, ծաղիկներ կամ բնական համեմունքներ։ Համեմունքներն ավելի շուտ լրացնում են թեյին, քան ծածկում թեյի տերևների նուրբ բուրմունքը։ Համեմված թեյերը համեղ համերի ընդլայնված ընտրություն են առաջարկում թեյերի աշխարհում։
Պուեր
Պուերը լեգենդար չինական թեյ է, որն իր անունը ստացել է ի պատիվ համանուն գյուղի, որտեղ հայտնագործվել է նրա պատրաստման տեխնոլոգիան։ Այս թեյատեսակի պատրաստման համար որպես հումք են ծառայում վայրի թեյի ծառի տերևները, որոնք խոնավացվում են գոլորշիով, վերածվում կույտերի ու որոշակի ջերմաստիճանում պահվում հատուկ տարածքներում՝ մոտավորապես մեկ ամիս։ Այնուհետև թեյը ջերմային մշակման է ենթարկվում, փաթեթավորվում ու պահվում արդեն ավելի երկար ժամանակ՝ 1 տարուց մինչև 25 տարի։ Որքան երկար է պահաժամկետի տևողությունը, այնքան ավելի օգտակար ու արժեքավոր է այս թեյը։
Պուերը ֆերմենտացված (խմորման ենթարկված) թեյ է։ Այլ կերպ ասած, այն «կենդանի» արտադրանք է, որտեղ մշտապես գործում են խմորման պրոցեսները։ Պահաժամկետի յուրաքանչյուր տարվա հետ այն ձեռք է բերում նոր համ ու գույն։ Ինչպես հայտնի է, «Ճաշակին ընկեր չկա», ուստի մեկին դուր է գալիս նոր արտադրված թեյը, իսկ մյուսին՝ ավելի հնաորակը։
Պուերը միաժամանակ նաև բուժիչ թեյ է։ Կլինիկական հետազոտությունները հաստատել են, որ այն բարելավում է մարսողական ֆունկցիան, արագացնում է նյութափոխանակությունը, իջեցնում է խոլեստերինի մակարդակն արյան մեջ և կարող է օգտագործվել որպես, այսպես կոչված, նիհարեցնող թեյ։ Այն զերծ է որևէ տեսակի արհեստական հավելումներից, ուստի բացարձակապես անվտանգ է օրգանիզմի համար։
Աղբյուրը՝ asecose.am