Մկրտիչ Արզումանյանի մասնակցությամբ «Գործակալ 044: Օպերացիա Գեղարդ» ֆիլմի մանրամասները
Հոկտեմբերի 18-ին մեծ էկրան կբարձրանա Մկրտիչ Արզումանյանի մասնակցությամբ «Գործակալ 044: Օպերացիա Գեղարդ» դետեկտիվ կատակերգության ժանրում ֆիլմը:BlogNews.am-ի հետ զրույցում ֆիլմի գծային պրոդյուսեր Վահանը տրամադրել է լուսանկարներ և մանրամասներ պատմել ֆիլմից:
Ըստ սյուժեի՝ Հռոմի պապի հայաստանյան այցին ընդառաջ Սուրբ Գեղարդը տեղափոխվում է թանգարան, սակայն նրա ժամանումից ընդամենը 7 օր առաջ այն թանգարանից գողանում են: Հատուկ կազմված հանձնաժողովը Գեղարդի գողության բացահայտումը վստահում է արգենտինահայ գործակալ Հենզել Բրուտենցին: Նրա՝ Հայաստան գալու առաջին իսկ վայրկյաններից պարզ է դառնում, որ Հենզելն անհաջողակ է, սակայն ինչ-որ կերպ այդ անհաջողությունները վեր են ածվում հաղթանակների: Նա ստիպված է գործել ծայրահեղ գաղտնիության պայմաններում, ինչի պատճառով անընդհատ կերպարանափոխվում է և հայտնվում տարբեր զավեշտալի իրավիճակներում:
Ֆիլմում խաղում են Մկրտիչ Արզումանյանը, Հայկ Սարգսյանը, Մարիամ Ադամյանը, Արմեն Մարգարյանը, Մարիամ Դավթյանը, Մակար Գալստյանը: Բեմադրող ռեժիսորը Հայկ Կբեյանն է, բեմադրող օպերատորը՝ Արթուր Ուստյանը, սցենարի հեղինակը՝ Նարեկ Ավագյանը, պրոդյուսերը՝ Տիգրան Համբարձումյանը:
«Նկարահանումները հիմնականում անցկացվել են Երևանում, նկարահանել ենք ամռան ամիսներին: Նկարահանման ժամանակ Մկրտիչ Արզումանյանը նույնիսկ ակրոբատիկ հնարքներ է արել: Հատուկ մասնագետներ էինք հրավիրել նրան սովորեցնելու համար, և բոլոր ակրոբատիկ հնարքներն արել է նա առանց դուբլյորի»,- նշում է Վահանը։
Յուրաքանչյուր կերպարի համար մի քանի թեկնածու եղել է՝ բացի Մկրտիչ Արզումանյանից. «Ի սկզբանե սցենարը գրվել է Մկրտիչ Արզումանյանի կերպարի շուրջ, իսկ մյուս դերասաններին ընտրել ենք, ովքեր լրիվ համապատասխանեն իրենց դերերին: Կարծում եմ՝ հանդիսատեսը կինո դիտելիս դրանում կհամոզվի»:
Այն հարցին՝ շահավե՞տ է արդյոք Հայաստանում նկարահանել կատակերգություն, պատասխանում է. «Մենք կարող ենք ցանկացած տեսակի ֆիլմ նկարահանել, բայց նայում ենք նաև պահանջարկին: Դրամաներ էլ են նկարահանվում Հայաստանում շատ լավ, բայց հիմա մարդկանց պետք է լիցքաթափել լավ ֆիլմով»: