Աբրահամ Խաշմանյան. «Արարատը կանգնել է լուրջ փաստի առաջ»

0

«Արարատի» նորանշանակ գլխավոր մարզիչ Աբրահամ Խաշմանյանն ակումբի մամուլի քարտուղարության հետ զրույցում խոսել է եղած «Արարատում» գրանցված փոփոխությունների և ներկայիս խնդիրների մասին.

«Դեռ երկրորդ օրն եմ «Արարատում»: Կարող եմ ասել, որ կան փոփոխություններ մարզաբազայում. շատ լավ պայմաններ են, ինչն ինձ անհրաժեշտ է աշխատանքների համար:

Դեռ չեմ կարող ասել, թե ֆուտբոլիստները ֆունկցիոնալ առումով ինչ վիճակում են, բայց փաստն այն է, որ այսօր թիմը գտնվում է վերջին հորիզոնականում՝ ունենալով շատ քիչ միավորներ:

Այսօրվա դրությամբ շատ մեծ խնդիրների առաջ էլ ենք կանգնել, ու մեզ շատ մեծ աշխատանք է սպասվում, քանի որ ինչպես ասում են՝ միանգամից նավից պարահանդես ենք իջել: Ես դեռ ծանոթ էլ չեմ բոլոր ֆուտբոլիստների հետ:

Մտածում ենք՝ գոնե մինչև ձմեռ կարողանանք կայունություն մտցնել թիմում ու ֆուտբոլիստներին հասկացնել, թե ինչ սկզբունքներ են անհրաժեշտ լավ թիմ դառնալու և լավ խաղ ցուցադրելու համար: Կարծում եմ՝ ձմռանը շատ մեծ փոփոխություններ կլինեն և հուսով եմ՝ հենց ձմռանից հետո «Արարատը» կկերպարանափոխվի ու կդառնա այն «Արարատը», որին ժողովուրդը սպասում է:

Արդեն ասացի, որ բավականին մեծ խնդիրների առաջ ենք կանգնել: Հենց երեկ՝ առաջին օրը, բավականին տհաճ միջադեպ տեղի ունեցավ: Կարելի է ավելի կոպիտ ասել՝ ակումբը սաբոտաժի ենթարկվեց. հիմնական կազմի 6 լեգիոներ չցանկացավ լինել թիմում: Նրանք ցանկացան հեռանալ այն գործակալի ու այն մասնագետների խմբի հետ, ովքեր մեզանից առաջ կային «Արարատում»:

Մենք այսօր կանգնել ենք փաստի առաջ՝ ընդամենը 14 ֆուտբոլիստ կա, որ հիմնական կազմում մարզվում է, որոնցից ընդամենը 3-4-ին եմ ճանաչում և գիտեմ, որ միգուցե համապատասխանում են այն մակարդակին, որը մեզ պետք է: Մյուսները պատանիներն են, որոնք երկրորդ թիմի ֆուտբոլիստներ են:

Այսօր իրոք կանգնած ենք փաստի առաջ, բայց նորմալ է. մենք մեր աշխատանքները կկատարենք: Հուսով եմ՝ ամեն ինչ շատ արագ կընկնի իր տեղը:

Պարտավոր էի այս ամենն ասել, որովհետև «Արարատն» ունի բազմաթիվ երկրպագուներ: Կարծում եմ՝ ցանկացած հարց, ցանկացած խնդիր, որը չի վերաբերի միայն մեր խոհանոցին, հանրությունը պետք է իմանա: Դրա համար ես անհրաժեշտ համարեցի այս ամենն ասել, որ մեր երկրպագուները և ֆուտբոլային աշխարհն իմանան, թե ինչ է տեղի ունենում այսօրվա դրությամբ»,- «Արարատի» մամուլի ծառայությանը տված հարցազրույցում ասել է Աբրահամ Խաշմանյանը:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ «Արարատի» 5 ֆուտբոլիստ ինքնակամ հեռացել է ակումբից:

Հավելենք, որ Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության 10-րդ տուրից հետո «Արարատը» 5 միավորով եզրափակում է մրցաշարային աղյուսակը: 11-րդ տուրում Աբրահամ Խաշմանյանի թիմը մրցելու է «Արարատ-Արմենիայի» հետ. այս հանդիպումը նախանշված է հոկտեմբերի 6-ին:

Աբրահամ Խաշմանյան: «Կարծում եմ, որ ցանկացած հարցի և խնդրի մասին հանրությունը պետք է տեղեկացված լինի»

Опубликовано FC Ararat Yerevan Вторник, 2 октября 2018 г.

Աղբյուրը ՝  Sport Panarama.am

Leave A Reply

Your email address will not be published.