Վովա Ահարոնյան. «Ընտրել եմ այս ուղին, պատրաստ եմ պայքարել ու հաղթահարել բոլոր դժվարությունները»
Public.am»-ի զրուցակիցն է սիրված երգիչ Վովա Ահարոնյանը: Նրա հետ զրուցել ենք վերջերս թողարկված տեսահոլովակի, ապագայի պլանների, երգարվեստում հանդիպող խոչընդոտների մասին և ոչ միայն:
1. Վովա, նախ շնորհավորում եմ ձեր առաջին տեսահոլովակի լույս ընծայման կապակցությամբ: Գիտեմ, որ բավական երկար տարիներ է երգում եք, բայց սա ձեր առաջին տեսահոլովակն է: Ինչո՞ւ մինչ այժմ տեսահոլովակներ չեք նկարահանել:
Շնորհակալ եմ շնորհավորանքի համար: Երգում եմ 4 տարեկանից: Այո, երկար տարիներ աշխատել եմ քաղաքի տարբեր ակումբներում և ռեստորաններում, բայց սա իմ առաջին տեսահոլովակն է, քանի որ ամեն ինչ արել եմ իմ սեփական ուժերով, իմ միջոցներով՝ առանց որևէ հովանավորության կամ պրոդյուսերի, իսկ որակյալ երգը, գործիքավորումը, տեսահոլովակը, որն ի դեպ նկարահանվել է Հայաստանում առկա լավագույն տեխնիկայով, մեծ ծախսեր է պահանջում:
2. Ովքե՞ր են ընդգրկված նկարահանող խմբում:
Ռեժիսորն է Ռուզաննա Գոնյանը, գլխավոր օպերատորը՝ Դենիս Սապրյակինը, դրոն-օպերատորը՝ Օլեգ Ռոսանովը: Տեսահոլովակում գլխավոր դերերում ես եմ, մոդել Էլեն Սահակյանը և իմ դուստրը՝ Դիանան:
3. Կարող են արդյո՞ք ձեր ունկնդիրներն ակնկալել, որ հետագայում տեսահոլովակներն ավելի հաճախ կլինեն:
Այո, իհարկե: Բավականին ժամանակ է պահանջվել և շատ աշխատանքներ են տարվել իմ առաջին տեսահոլովակը ստեղծելու համար, սա շատ կարևոր քայլ է իմ կյանքում և նորանոր տեսահոլովակների ստեղծումն անպայման շարունակելի է լինելու, այլապես այս ամենն իմաստ չուներ:
4. Ապագայի ի՞նչ ծրագրեր ունեք:
Ընդհանուր առմամբ՝ նոր երգեր, ձայնագրություններ, զուգերգեր, տեսահոլովակներ, ինչպես նաև ոչ հեռու ապագայում մենահամերգ, իսկ ավելի հստակ իմ ծրագրերի մասին չեմ խոսի: Թող դրանք անակնկալներ լինեն իմ ունկնդիրների համար:
5. Ի՞նչ հիմնական խնդիրների եք բախվում ձեր գործունեությունը ծավալելիս:
Իրականում երգչի ուղին բավականին բարդ, աշխատատար ճանապարհ է, որտեղ պետք է ունենալ մեծ համբերություն, քանի որ մեր ասպարեզում ավելի հաճախ ես հանդիպում խոչընդոտների, բարդությունների և անարդարությունների: Բայց, այդ ամենը շատ լավ պատկերացնելով, ընտրել եմ այս ուղին և պատրաստ եմ պայքարել ու հաղթահարել բոլոր դժվարությունները:
6. Ի՞նչ կմաղթեք Ձեր երկրպագուներին և «Public»-ի ընթերցողներին:
Իմ երկրպագուներին և «Public»-ի ընթերցողներին ուզում եմ մաղթել խաղաղություն, խաղաղ Հայաստան, որտեղ մենք կկարողանանք ստեղծել որակյալ երգ, բարձրաճաշակ երաժշտություն և վայելել գեղեցիկ արվեստը: Իսկ ես ամեն ինչ կանեմ, որ իմ երգերով, կատարումներով գոհացնեմ իմ երկրպագուներին, հանդիսատեսին:
Հեղինակ՝ Լուսինե Առաքելյան