Այսօր վարչապետի ծննդյան օրն է. մի քանի փաստ նրա մասին
Այսօր՝ հունիսի 1-ին, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ծննդյան օրն է: Վարչապետը նշում է 43-ամյակը:Public.am-ը ներկայացնում է հետաքրքիր դրվագներ վարչապետի կյանքից:
Ծնվել է 1975թ. հունիսի 1-ին, Իջևան քաղաքում:
Ավարտել է Իջևանի թիվ 1 միջնակարգ դպրոցը:
1991-95թթ. սովորել է Երևանի պետական համալսարանում: Ավարտական՝ հինգերորդ կուրսում ԵՊՀ-ից հեռացվել է՝ քաղաքական դրդապատճառներով:
1992-ից զբաղվել է ակտիվ լրագրությամբ: Աշխատել է «Դպրություն», «Հայաստան», «Լրագիր», «Լրագիր օր», «Մոլորակ» թերթերում: 1998-ին հիմնադրել է «Օրագիր» օրաթերթը, որը 1999թ. դատական որոշմամբ փակվել է՝ քաղաքական դրդապատճառներով: 1999-ին նշանակվել է «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր, այդ պաշտոնը զբաղեցրել է մինչև 2012թ.:
1999-ի օգոստոսին քաղաքական դրդապատճառներով դատապարտվել է մեկ տարի ազատազրկման:
2008-ի մարտի 1-ից հետո, լինելով հետախուզման մեջ, մեկ տարի չորս ամիս անցկացրել է ընդհատակում: 2009թ. հուլիսի 1-ին ինքնակամ ներկայացել է ՀՀ գլխավոր դատախազություն, որտեղ ձերբակալվել և 2010թ. հունվարին դատապարտվել է 7 տարվա ազատազրկման՝ 2008թ. մարտի 1-ին զանգվածային անկարգություններ կազմակերպելու մեղադրանքով: Հայաստանի և միջազգային հանրության կողմից լայնորեն ճանաչվել է որպես քաղբանտարկյալ, խղճի կալանավոր։ Մեկ տարի 11 ամիս անցկացնելով բանտում՝ ազատ է արձակվել 2011թ. մայիսի 27-ին՝ համաներման որոշմամբ:
Նիկոլ Փաշինյանի ծնողները՝ Վովա Փաշինյանը և Երջանիկ Չիբուխչյանը:
2012-ի խորհրդարանական ընտրություններում ընտրվել է ԱԺ պատգամավոր «Հայ ազգային կոնգրես» դաշինքի համամասնական ցուցակով: 2012-13թթ. եղել է ԱԺ էթիկայի հանձնաժողովի նախագահ:
2017թ. մայիսից՝ «ԵԼՔ» խորհրդարանական խմբակցության ղեկավար:
2018թ․ մարտի 31-ին Գյումրիի Վարդանանց հրապարակից սկսել է «Իմ քայլը» շարժումը, որը նույն թվականի ապրիլ-մայիս ամիսներին հանգեցրել է ոչ բռնի, ժողովրդական, թավշյա հեղափոխության։
Ապրիլի 13-ին «Իմ քայլը» նախաձեռնության անդամները հասան Երևան:
2018թ․ մայիսի 8-ից ՀՀ վարչապետն է։
Ամուսնացած է, ունի երեք դուստր և մեկ որդի:
Պարզվում է ՝ վարչապետը սիրում է նաև հեծանիվ քշել:
Որդու՝ Աշոտի հետ:
Mediamax.am-ի հետ զրույցում վարչապետը, խոսելով երջանկության մասին ասել է.
«Ամեն օր մարդը պետք է իր երջանկությունը կառուցի: Մեծ հաշվով ինձ երջանիկ եմ համարում, բայց այնպես չէ, թե իմ կյանքում ոչ երջանիկ պահեր չեն եղել: Երբ մարդը երջանկություն է ձեռք բերում, շատ ավելի դաժան է դառնում պայքարն այդ երջանկությունը պահպանելու համար: Երբ չունես երջանկություն, ձգտում ես ունենալ, իսկ երբ ունես, կորցնելու վտանգ կա: Երջանկություն ունենալու մեջ էլ դժբախտություն կա. երջանկություն կորցնելու հեռանկարն արդեն դժբախտության զգացողություն է առաջացնում»:
Վարչապետն իր կյանքի ամենալուսավոր կետը անձնականում համարում է ընտանիքը, իսկ ՝գործնականում` «Հայկական ժամանակը», քաղաքական դաշտում՝ այն քաղաքացիական շարժումը, որի ակունքներում եղել է:
Փաշինյանը վախի մասին.
«Վախի զգացումը ցանկացած մարդուն հատուկ է, ուրիշ բան, թե ինչով ես հակակշռում վախը: Եթե քո մեջ կա ավելի ծանր բան, քան վախն է, բնական է, որ դա հակակշռում է: Տվյալ դեպքում այն, ինչ հակակշռում է վախին, դա քաղաքացու գիտակցումն է. այն, ինչ կատարվում է երկրում, ես դրա համար պատասխանատու եմ ինքս իմ, իմ խղճի, մարդկանց, Աստծու, երեխաներիս, բոլորի առաջ: Եթե ինչ-որ իրավիճակում մարդկանց բացատրես, թե վախեցա, դրա համար այսպես ստացվեց, դա հարգելի բացատրություն չի համարվի Աստծո, սերնդի, ոչ մեկի կողմից»:
Նիկոլ Փաշինյանի վրա ամենամեծ տպավորությունը թողել է Չեխիան, Պրահան:
Նկարում՝ փոցխում է Հայաստանի համայնքներից մեկի գյուղամեջը:
Public.am