Դիաբետիկների համար ֆրանսիական դեղամիջոցը պետությունն այսուհետ ավելի ցածր գնով կգնի
Հայաստանի կառավարությունը մայիսի 24-ի նիստի ժամանակ որոշում է կայացրել փոփոխություններ կատարել Կառավարության 2015-ի հունվարի 30-ի N 78-Ն որոշման մեջ, ըստ որի պետությունը ֆրանսիական «Les Laboratoires Servier» ընկերությունից Դիաբետոն MP դեղամիջոցը դիաբետով հիվանդների համար ձեռք կբերի իջեցված գնով։
Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հայտնել է, որ Հայաստանի ու Les Laboratoires Servier ընկերության միջեւ 2015-ի մարտի 24-ին կնքված պայմանագի համաձայն, ֆրանսիական կողմը պարտավորվել է 478 170 000 դրամ արժողությամբ 11 385 000 հաբ «Դիաբետոն» մատակարարել , գումարած՝ 5130 000 դրամ արժողությամբ 1265000 հաբ՝ որպես մարդասիրական օգնություն։
«ԱՆ-ն իրականացրել է շուկայի հետազոտություն ու բանակցել մատակարարի հետ, ինչի արդյունքում առաջարկություն է արվել նվազեցնել Դիաբետոնի մատակարարման գինը։ Նոր գինը կազմում է հաբի դիմաց 0․0416 եվրո՝ 0․06 եվրոյի փոխարեն ՝ առանց մարդասիրական օգնություն տրամադրելու։ Այսինքն, պայմանագրի փոփոխության դեպքում, մատակարարվելու է նույն քանակությամբ հաբ, բայց ավելի ցածր գնով։ Ընդհանուր արժեքը կկազմի 376 337 500 դրամ։ Խնայողությունը կկազմի 154 մլն դրամ»,- ասել է Արսեն Թորոսյանը։
Պատասխանելով աշխատանքի ու սոցիալական հարցերով նախարար Մանե Թանդիլյանի հարցին այն մասին, արդյոք այդ պայմանագիրը հնարավորություն տալիս է վերանայել գները դրանց տատանումների դեպքում ու արդյոք Les Laboratoires Servier ընկերությունը մրցութային հիմունքներով է ընտրվել, Արսեն Թորոսյանը նշել է, որ պայմանագիրը հնարավորություն է տալիս գները վերանայել դեպի նվազեցում եւ ամեն տարի գինը նվազում էր։ «Ես չգիտեմ արդյոք գնումն իրականացվել է տենդերի, թե արտադրողի հետ ուղիղ բանակցությունների հիման վրա, բայց գնումը կատարվում է անմիջապես արտադրողից՝ առանց միջնորդների, որպեսզի ավելորդ ծախսեր չլինեն»,- ասել է նա։
Նա հավելել է, որ կա դեղամիջոցի որակի ու վստահության հարց ու դրա համար էլ պետությունը ընտրում է լավագույն արտադրողների դեղամիջոցները։ Նրա խոսքով՝ այս պահին սա է նմանատիպ դեղամիջոցների համար լավագույն գինը։
«Ես համարում եմ, որ քանի որ սա պետության կողմից տրամադրվող դեղամիջոց է, ապա գին- որակ հարաբերակցության մեջ մենք պետք է ավելի ուշադիր լինենք որակի հանդեպ, քանի որ խոսքը մեր ժողովրդի առողջության պահպանման մասին է»,- ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Արսեն Թորոսյանը դիմել է կառավարությանը՝ պատվաստանյութերի ձեռքբերման հարցում օգնելու խնդրանքով։ Նա նշել է, որ այդ հարցը ցանկալի է լուծել կարճ ժամանակում, քանի որ օգոստոսից սկսած կարող է պատվաստանյութերի պակաս նկատվել։ Որոշվել է այդ հարցը ֆինանսների նախարարի հետ քննարկել։
Public.am