Ռիտա Սարգսյանը հրաժարական է տվել

0

Ռիտա Սարգսյանը հրաժարական է տվել «Նվիրիր կյանք» հիմնադրամի նախագահի պաշտոնից: Այդ մասին այսօր տեղի ունեցած ասուլիսի ժամանակ հայտարարել է հիմնադրամի տնօրեն Վերժինե Ոսկանյանը:

Հիշեցնենք, բոլորովին վերջերս, իշխանափոխությունից անմիջապես հետո հիմնադրամի ֆեյսբուքյան էջում հայտնվեց հայտարարություն այն մասին, որ հիմնադրամը ժամանակավորապես դադարեցնում է իր գործունեությունը, այնուհետ հայտնի դարձավ, որ 2010 թվականից հիմնադրամը գլխավորող նախկին առաջին տիկին Ռիտա Սարգսյանը չի շարունակելու իր գործունեությունը, այս մասին բազմաթիվ հրապարակումներ եղան:

Այս հայտարարություններից հետո ՀՀ վարչապետի կինը՝ Աննա Հակոբյանը, հրատապ հանդիպում էր հրավիրել մանկական ուռուցքաբանության և արյունաբանության ոլորտի բարեգործական հիմնադրամների և մասնագետների մասնակցությամբ, որպեսզի այդ հիվանդություններով տառապող երեխաներն առանց օգնության չմնան: Հանդիպման ընթացքում քննարկվել էին մանկական քաղցկեղի և արյան հիվանդությունների հետ կապված հիմնախնդիրները Հայաստանի Հանրապետությունում և դրանց լուծման կարճաժամկետ ու երկարաժամկետ ուղիները: Որոշվել էր ստեղծել աշխատանքային խումբ, որը բաց է համագործակցության եւ միանալու համար:

Այս հանդիպումից հետո «Նվիրիր կյանք»-ի ֆեյսբուքյան էջից հեռացվեց գործունեությունը դադարեցնելու մասին հայտարարությունը:

Այսօր «Նվիրիր կյանք» հիմնադրամի տնօրեն Վերժինե Ոսկանյանը հայտարարել է, որ հիմնադրամը հեռացրել է իր հայտարարությունը ու շարունակելու է գործել նախկինի նման, սակայն հոգաբարձուների խորհրդի որոշման համաձայն, իրենք այսուհետ աշխատելու են առանց ղեկավարի, քանի որ իրենք ինքնաբավ են եւ կարող են իրենց նախկին կազմով, առանց նախագահի շարունակել աշխատել:

Public.am

Leave A Reply

Your email address will not be published.