Հանդիպում «Health and Development» հիմնադրամի Ծխախոտի դեմ պայքարի ծրագրի համակարգող Օլգա Կնորեի հետ
Մայիսի 16-ին, «Սպառողների ազգային ասոցիացիան» Գրին Բին no smoking սրճարանում կազմակերպել էր հատուկ մեդիա-նախաճաշ ԶԼՄ ներկայացուցիչների համար: Միջոցառման հյուրն էր հատուկ այցով Հայաստան ժամանած փորձագետ, «Health and Development» հիմնադրամի Ծխախոտի դեմ պայքարի ծրագրի համակարգող, «Campaign for Tobacco-Free Kids»-ի մեդիա համակարգող Օլգա Կնորեն:
Նախաճաշի շուրջ անմիջական շփման մթնոլորտում փորձագետը ներկայացրեց «Ինչի մասին է ստում ծխախոտի ինդուստրիան» թեմայով զեկույց և անդրադարձավ ծխախոտի կախվածությանն ու վնասակար ազդեցությանը, պատասխանեց լրատվամիջոցների հարցերին:
Ելույթի սկզբում Օլգա Կնորեն ընդգծեց՝ կարևոր է գիտակցել, որ ծխախոտային արդյունաբերությունը սովորական բիզնես չէ, քանի որ շատ սպեցիֆիկ արտադրանք է վաճառում: Այս բիզնեսը ապահովում է հսկայական շահույթ՝ ամեն տարի «սպանելով» ավելի քան 7 միլիոն մարդ ամբողջ աշխարհում:
Փորձագետի խոսքով` ծխախոտի ինդուստրիայի ամենամեծ հաջողությունն այն է, որ պրոպագանդայի նպատակով ծախսում է հսկայական գումարներ և օգտագործում մեդիա գրեթե բոլոր հարթակները՝ հովանավորչությունը դիտարկելով որպես հիմնական գործիք:
«Campaign for Tobacco-Free Kids»-ի մեդիա համակարգող Օլգա Կնորեն տեղեկացրեց ըստ ուսումնասիրությունների, Հայաստանի բնակչության 30%-ը ծխում է, և նրանց մեծ մասը ժամանակի ընթացքում կախվածություն է ձեռք բերել. «Ծխախոտային կախվածությունը համեմատվում է հերոյինից կախվածության հետ: Իրականում ծխախոտի պարունակության մեջ թութունը չնչին տոկոս է կազմում: Եթե ուսումնասիրենք ծխախտի գլանակը, ապա կտեսնենք, որ դրա գերակշռող մեծամասնությունը ներծծվող թուղթ է»:
«Health and Development» հիմնադրամի Ծխախոտի դեմ պայքարի ծրագրի համակարգող Օլգա Կնորեն դրական է գնահատում այն փաստը, որ Հայաստանի օրենսդրական դաշտը պատշաճ կերպով վերահսկում է ծխախոտի ինդուստրիայի ոլորտը ծխախոտային արտադրատեսակների օգտագործման բացասական ազդեցության նվազեցման և կանխարգելման նպատակով:
Ըստ փորձագետի՝ հասարակության հետ տարվող հակածխախոտային արշավներն անչափ կարևոր են: Առողջապահության համաշխարհային կազմակերպության անցկացրած վերջին հետազոտությունունները ցույց են տվել՝ ծխող մարդկանց քանակի նվազեցման տեսանկյունից հակածխախոտային կոմպլեքսային աշխատանքներն ու արշավներն ավելի արդյունավետ են: Այն երկրներում, որտեղ կիրառվել են կոմպլեքսային աշխատանքներ, տարիների ընթացքում նկատվել է սիրտ-անոթային հիվանդություններով մարդկանց քանակի նվազում:
Միջոցառման PR-գործընկեր SPRING PR-ընկերություն, PR-պատասխանատու Մարիամ Սաֆարյան,
Հեռ. + 374 10 500 561, + 374 96 23 25 19, Էլ. հասցե [email protected]