Մեկնարկել է Էդվարդ Միրզոյանի անվան պատանի կոմպոզիտորների հանրապետական 5-րդ մրցույթը

0

Կոմպոզիտոր, մանկավարժ, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Էդվարդ Միրզոյանի անվան պատանի կոմպոզիտորների հանրապետական 5-րդ մրցույթին մասնակցության իրավունք է ստացել 11 պատանի ստեղծագործող: Նրանք բաժանվել են երկու խմբի (կրտսեր խումբ՝ մինչև 13 տարեկան, ավագ խումբ՝ 14-18 տարեկան):

Մրցույթը մեկնարկեց մայիսի 10-ին Հայաստանի կոմպոզիտորների միությունում:

«Ուրախալի է, որ  այս տարի հայազգի մասնակիցների հայտեր ենք ստացել ոչ միայն Հայաստանից, Արցախից, այլև արտասահմանից` Գերմանիայից և Ռուսաստանից: Դա ոգևորիչ է, հուսադրող և հրաշալի է, որ մենք շարունակում ենք ստեղծագործել նաև արտերկրում»,- նշեց մրցույթի գեղարվեստական ղեկավար, կոմպոզիտոր Էդմոնդ Մակարյանը:

Նրա խոսքով` այս տարվա մրցույթի առանձնահատկությունն այն է, որ ներառվել է նաև երգի ժանրը:

«Մրցույթը մասնակիցների գործերը Հայաստանի սահմաններից դուրս հնչեցնելու հնարավորություն է տալիս: Նախորդ տարի դրանք հնչել են Բելգիայում, իսկ այս տարի կներկայացվեն ՌԴ-ում»,-ընդգծեց գեղարվեստական ղեկավարը:

Այս տարի մրցույթը նվիրված է Երևանի հիմնադրման 2800-ամյակին։ Մրցույթի ավագ խմբի (14-18 տարեկան) մասնակիցները, բացի գործիքային մեկ ստեղծագործությունից, կներկայացնեն նաև մեկ երգ` նվիրված քաղաքամայր Երևանին։ Լավագույն երգի հեղինակը կպարգևատրվի Երևանի քաղաքապետի պատվոգրով: Կրտսեր խմբում (մինչեւ 13 տարեկան) նախորդ տարիների համեմատ կատարվել է փոփոխություն․ պատանի կոմպոզիտորը կարող է ներկայացնել ցանկացած գործիքի համար գրված մեկ ստեղծագործություն՝ նախկինում պարտադիր պայման հանդիսացող դաշնամուրային ստեղծագործության փոխարեն։

Կրտսեր խմբի մասնակից, Կ. Սարաջյանի անվան երաժշտական դպրոցի սան  Էդուարդ Ալեքսանյանն ասաց, որ ներկայացնելու է դաշնամուրի համար նախատեսված «Հայկական պար» ստեղծագործությունը, որը նվիրում է հաղթանակած հայ ժողովրդին: Նա հավելեց, որ մասնակցում է մրցույթին, քանի որ ցանկանում է, որ իր գործը շատերը լսեն և ուզում է լավ տպավորություն թողնել երաժշտասերների վրա:

Ավագ ենթախմբի մասնակից, Ղ. Սարյանի անվան արվեստի դպրոցի աշակերտ Արսեն Բոյաջյանը խոստովանեց, որ շատ է սպասել մրցույթին ու սիրով ներկայացնելու է երկու ուդի համար նախատեսված «Կտավ» ստեղծագործությունը:

Էդվարդ Միրզոյանի անվան պատանի կոմպոզիտորների հանրապետական մրցույթի ժյուրիի կազմում ընդգրկված են անվանի կոմպոզիտորներ՝ Հայաստանի կոմպոզիտորների միության նախագահ, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Արամ Սաթյանը, ՀՀ ժողովրդական արտիստներ Մարտին Վարդազարյանը, Երվանդ Երզնկյանը, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչներ Էդուարդ Հայրապետյանը, Արզաս Ոսկանյանը, Երվանդ Երկանյանը, մրցույթի գեղարվեստական ղեկավար Էդմոնդ Մակարյանը:

Մրցույթի գալա-համերգը և մրցանակաբաշխությունը կանցկացվեն մայիսի 12-ին՝ Էդվարդ Միրզոյանի ծննդյան օրը:

Մրցույթն իրականացվում է Հայաստանի կոմպոզիտորների միության նախաձեռնությամբ, ՀՀմշակույթի նախարարության և Երեւանի քաղաքապետարանի աջակցությամբ:

Leave A Reply

Your email address will not be published.