Քյոթահիայի քառամյա դպրոցից Ռիխարդ Շմիդտի մասնավոր կոնսերվատորիա. Կոմիտասի անցած ճանապարհ ու ստեղծագործական ուղին (ֆոտո, վիդեո)

0

Կոմիտաս վարդապետը հայ երաժշտության ամուր սյուներից մեկն է, առանց որի հայկական ժառանգությունը զգալիորեն սակավ կլիներ: News.am Style -ը ներկայացնում է վարդապետի կյանքի ճանապարհն ու ստեղծագործական ուղին:

Կոմիտասը (Սողոմոն Սողոմոնյան) ծնվել է 1869 թ. սեպտեմբերի 26-ին Քյոթահիա կամ Կուտինա (Օսմանյան կայսրություն)  քաղաքում`17-րդ դարում Գողթն գավառից գաղթած ընտանիքում: Սողոմոնը 1870 թվականին կորցնում է մորը, իսկ 1880-ին՝ մորը: Որբացած երեխայի խնամքն իր վրա է վերցնում հայրական տատը, ապա՝ հորաքույրը։

Կոմիտասը սովորում է Քյոթահիայի քառամյա դպրոցում, այնուհետեւ՝ Բրուսայի վարժարանում։

1881 թվականին, երբ Քյոթահիայի առաջնորդական փոխանորդ Գևորգ վրդ. Դերձակյանն ուղևորվում է Էջմիածին՝ եպիսկոպոս ձեռնադրվելու, Գեւորգ Դ Ամենայն հայոց կաթողիկոսի կոնդակի համաձայն իր հետ Էջմիածին է տանում մեկ լավ ձայն ունեցող որբ պատանի` Սողոմոնին, որը ընտրվել էր 20 պատանիների միջից:

1881-1893 թվականներին Սողոմոնը ուսանում է Գեւորգյան ճեմարանում՝ Սահակ վարդապետ Աամատունու ղեկավարությամբ ուսումնասիրելով երաժշտություն, ինչպես նաեւ հավաքագրում է ժողովրդական երգեր եւ ստեղծագործական փորձեր անում:

1890-ին Սողոմոնը ձեռնադրվում է սարկավագ եւ ուսումն ավարտելուց հետո պաշտոնավարում որպես Ճեմարանի երաժշտության ուսուցիչ: Ապա`1894 թվականին, Սողոմոնը ձեռնադրվում է որպես աբեղա՝ հայոց կաթողիկոս Կոմիտաս Ա Աղցեցու պատվին ստանալով Կոմիտաս անունը, իսկ 1895-ին դառնում է վարդապետ:

Ճեմարանից հետո երաժշտական կրթությունը Կոմիտասը շարունակել է Թիֆլիսում՝ 1895-ից 1896 թվականներին Մակար Եկմալյանի մոտ սովորելով, ապա Մանթաշյանի հովանավորությամբ մեկնում է Բեռլին, որտեղ 1899 թվականին ավարտում է Ֆրիդրիխ Վիլհելմ համալսարանի փիլիսոփայության բաժինն ու Ռիխարդ Շմիդտի մասնավոր կոնսերվատորիան: Նույն թվականին նա դառնում է միջազգային երաժշտական ընկերության հիմնադիր անդամներից մեկը եւ հանդես գալիս հայ երաժշտության մասին զեկույցներով եւ դասախոսություններով:

Վարդապետը վերադառնում է Էջմիածին, որտեղ սկսում է գրառել միջնադարյան հայ երաժշտությունն ու ուսումնասիրել հայկական խազերը, ինչպես նաեւ ղեկավարել Ճեմարանի երգչախումբը:

1907 թ. Փարիզում հրատարակվում է կոմպոզիտորի առաջին՝ «Հայ քնար» ժողովածուն: Երեք տարի անց նա տեղափոխվում է Կոստանդնուպոլիս եւ հիմնում 300 հոգանոց «Գուսան» երկսեռ երգչախումբը՝ շարունակելով մանկավարժական գործունեությունը: 1912 թ. Լայպցիգում հրատարակվում է Կոմիտասի «Հայ գեղջուկ երգեր» ժողովածուն: Այս շրջանի նրա լավագույն ստեղծագործությունը խմբերգային արվեստի գլուխգործոցներից մեկը համարվող «Պատարագն» է՝ արական երգչախմբի համար։

1915 թվականին տեղի ունեցած Հայոց Ցեղասպանության ընթացքում Կոմիտասը եւս ձերբակալվում եւ աքսորվում է: Որոշ ժամանակ անց ԱՆ դեսպան Մորգենթաուի միջնորդությամբ նրան ետ են վերադարձնում, սակայն նա հոգեպես անհավասարակշիռ վիճակում է հայտնում եւ դադարում ստեղծագործել: 1916-ից 1919 թվականներին Կոմիտասը գտնվել է Կոստանդնուպոլսի Շիշլի թաղամասում գտնվող հոգեբուժարանում, ապա կյանքի վերջին 16 տարիները ապրել Փարիզի Վիլ Էվրար եւՎիլ Ժուիֆ արվարձանների բուժհաստատություններում։

Կոմիտասը վախճանվել է 1935 թվականի հոկտեմբերի 20-ին Փարիզում, որից մեկ տարի անց աճյունը տեղափոխվել է Երեւան եւ ամփոփվել հայ մշակույթի գործիչների պանթեոնում, որն այժմ կրում է իր անունը եւ որին կից գործում է Կոմիտասի թանգարան-ինստիտուտը:


Leave A Reply

Your email address will not be published.