Գիտնականները բացատրություն են գտել երիտասարդների մոտ սրտի բորբոքման հազվագյուտ ձեւի առաջացման համար

0

Գենետիկական անոմալիաները կարող են որոշ մարդկանց ավելի հակված դարձնել միոկարդիտին՝ սրտի բորբոքման հազվագյուտ տեսակ, որը կարող է գրանցվել երիտասարդների եւ մարզիկների շրջանում, ասվում է Circulation ամսագրում հրապարակված մեծ նոր հետազոտության մեջ:

Նոր հետազոտությունն ուսումնասիրել է միոկարդիտի հետ կապված սրտամկանի հիվանդության երկու տեսակ: Դիլատացիոն  կարդիոմիոպաթիան, որը ամենատարածված տեսակն է, սովորաբար գրանցվում է 50 տարեկանից ցածր մեծահասակների շրջանում: Դա տեղի է ունենում, երբ սրտի մկաններն ընդլայնվում են, դառնում բարակ եւ մեծացնում սրտի խցիկները, ինչը դժվարացնում է արյան մղումը: Առիթմոգեն կարդիոմիոպաթիայի ժամանակ սրտի մկանները փոխարինվում են սպիներով եւ ճարպերով, որոնք սրտի ռիթմի փոփոխություններ են առաջացնում։

Հետազոտողները վերլուծել են սուր միոկարդիտով 336 մարդու եւ 1053 առողջ մարդու ԴՆԹ-ի հաջորդականության տվյալները Մեծ Բրիտանիայում եւ Նիդեռլանդներում՝ փորձելով գտնել կարդիոմիոպաթիայի երկու տեսակների հետ կապված գենետիկ տարբերակները: Երկու խմբերում էլ գերակշռում էին տղամարդիկ։

Մասնակիցներին հետեւել են հինգ տարի: Միոկարդիտով հիվանդների 8 տոկոսի կամ 13-ից մեկի մոտ կարդիոմիոպաթիաների հետ կապված գենետիկ տարբերակներ են եղել՝ առանց միոկարդիտի մասնակիցների 1 տոկոսի համեմատ։

Այս հետազոտության արդյունքները կարող են մասամբ բացատրել, թե ինչու է առողջ երիտասարդների մոտ երբեմն այնպիսի վիճակ առաջանում, որը կարող է սրտի անբավարարության եւ հանկարծակի սրտի մահվան հանգեցնել, ասում են գիտնականները:

Միոկարդիտը՝ սրտի բորբոքում, հաճախ առաջանում է վիրուսով։ Այս հիվանդությունը կարող է սրտի մկանների հիվանդության վերածվել, որը թուլացնում է սիրտը եւ արյուն մղելու դրա կարողությունը: Միոկարդիտը սովորաբար լուծվում է ինքնուրույն կամ բուժմամբ, սակայն որոշ դեպքերում այն ​​կարող է տեւական վնաս պատճառել: Դա կարող է նաեւ մահվան հանգեցնել։

Նախկինում չախտորոշված ​​եւ չբուժված միոկարդիտը որպես 1-ից 17 տարեկան դեռահասների 8 տոկոսի եւ մարզիկների 9 տոկոսի հանկարծակի մահվան պատճառ է ճանաչվել: Հետմահու հետազոտությունները ցույց են տալիս, որ այն կարող է պատասխանատու լինել բոլոր հանկարծակի սրտային մահերի 3-ից մինչեւ 12 տոկոսի համար:

Հետազոտությունները միոկարդիտի զարգացման փոքր, բայց բարձր ռիսկ են հայտնաբերել COVID-19-ով վարակվելուց հետո եւ էլ ավելի փոքր, բայց, այնուամենայնիվ, բարձր ռիսկ՝ COVID-19-ի դեմ պատվաստումից հետո:

Leave A Reply

Your email address will not be published.