«Վատամարդ լինելու բեռը» գցեցինք մեր սիրելի ռեժիսորի ուսերին»․ Վանը՝ Nemra-ի «Սեւ աչերով աղջիկ» տեսահոլովակի, հերոսուհու ընտրության ու քասթինգի մասին

0

Nemra ռոք խումբը երկրպագուներին ուրախացրել է նոր տեսահոլովակով։ Երաժիշտներն այս անգամ անդրադարձել են իրենց երգացանկում արդեն սիրելի դարձած «Սեւ աչերով աղջիկ» երգին։ Լյուդվիգ Դուրյանի ու Խաչատուր Ավետիսյանի հին ու սիրված ստեղծագործությունը Nemra-ն ներկայացրել է սեփական մշակմամբ ու մեկնաբանությամբ, իսկ ավելի վաղ խումբը հատուկ քասթինգ էր հայտարարել տեսահոլովակի սեւաչյա հերոսուհուն գտնելու համար։ NEWS.am STYLE-ը խմբի կիթառահար ու մենակատար Վան Եղիազարյանի հետ զրուցել է քասթինգի փուլի, երկրպագուների արձագանքի ու սպասվող նորությունների մասին։

Վան, չնայած բազմաթիվ հեղինակային երգեր ունեք, տեսահոլովակների հարցում հաճախ նախապատվությունը տալիս եք հենց հին երգերի նոր մշակումներին․ ինչո՞վ է պայմանավորված այս փաստը, ու ինչպե՞ս ընտրությունը կանգ առավ «Սեւ աչերով աղջիկ» երգի վրա։

Խմբի գործունեության տասը տարիների ընթացքում 8-ից ավելի տեսահոլովակ ենք ներկայացրել մեր հեղինակային երգերով, բայց քանի որ երգացանկի մեջ նաեւ իրենց ուրույն տեղն ունեն մեր հայկական երգերի մշակումները, որոշեցինք մի քանի տեսահոլովակ էլ ունենալ հայերեն երգերի համար․ սա մեր 4-րդ տեսահոլովակն է հայերենով։ Որոշեցինք տեսահոլովակ նկարահանել ինստագրամում հարցում անցկացնելուց հետո, ամենասպասվածը «Սեւ աչերով աղջիկն» էր եւ մեր հեղինակային՝ «If you go»-ն։ Որոշեցինք ամառային տրամադրության համար առաջինը ներկայացնել «Սեւ աչերովը», հետո կանցնենք մելանխոլիկ «If you go»-ին, իսկ դրանից հետո արդեն կներկայացնենք մեր հեղինակային մի քանի այլ երգեր, որոնք անգլերենով են, նաեւ այն երգերը, որոնք դեռ երբեք չենք երգել համերգների ժամանակ։

«Սեւ աչերով աղջիկ» երգի տեսահոլովակի հերոսուհուն ընտրելու համար քասթինգ էիք հայտարարել սեւաչյա աղջիկների համար։ Կպատմե՞ս՝ ինչպես անցավ այդ փուլն, ու ինչպե՞ս ընտրությունը կանգ առավ Անահիտ Պետրոսյանի վրա։

Իրականում ուզում էինք տեսնել՝ ինչքան գեղեցիկ աղջիկներ կան մեր լսարանում, պարզվեց՝ բավականին շատ, ուղղակի բոլորի մեջ մեր ռեժիսոր Մարիամ Գեւորգյանը Անահիտին տեսավ «սեւ աչերով աղջկա» դերում: Մեր, գրեթե, բոլոր տեսահոլովակներում մենք ընտրում ենք նոր դեմքերի, որոնց համար մեր տեսահոլովակը կլինի նոր սկիզբ: Այդ անկեղծությունը, որը կա առաջին անգամ նկարահանվելիս, հետո դժվար է գտնել: Իհարկե, շատ ռիսկային է, քանի որ առաջին անգամ դեռ փորձ չունեն տեսախցիկի հետ աշխատելու, բայց կարծում եմ՝ մեր բոլոր տեսահոլովակների հերոսուհիներն էլ տաղանդավոր էին, մեր բախտը բերել է այդ հարցում: Անահիտի հետ շատ հաճելի էր աշխատելը, ու կարծում եմ՝ նա շատ հիանալի կատարեց իր դերը: Ես հուսով եմ, որ Անահիտը կշարունակի այս ոլորտում գործունեություն ծավալել, քանի որ դա իր մոտ շատ լավ է ստացվում: 

Խումբը շատ երկրպագուհիներ ունի, վստահ եմ՝ շատերը մասնակցած կլինեն քասթինգին․ այդ առումով մտավախություն չունեի՞ք, որ, գուցե, ինչ-որ մեկը «ծանր տաներ» ընտրության փուլը չանցնելը։ Այդպիսի դեպքեր գրանցվե՞լ են:

Իսկապես, շատ էին ցանկացողները, եթե ինձանից կախված լիներ, ես բոլորին կընտրեի, դրա համար «վատամարդ լինելու բեռը» գցեցինք մեր սիրելի ռեժիսորի՝ Մարիամի ուսերին: Իրականում այս քասթինգը մեզ կօգնի հետագա տեսահոլովակների համար հերոսուհիներին հեշտ գտնելու հարցում: Իսկ «ծանր տանողներ», իհարկե, եղան, բայց, անկախ ամեն ինչից, մեր ցանկացած քայլը ծանր տանողներ միշտ լինում են: 

Շատ մեկնաբանություններ կան, որտեղ նշում են, որ սա ձեր ամենալավ տեսահոլովակն է։ Կիսո՞ւմ ես այս կարծիքը։

Ինչպես մեր ցանկացած երգ, այնպես էլ՝ տեսահոլովակ ընդունում եմ հարազատի պես, ու շատ դժվար է տարբերություն դնելը: Միայն կարող եմ ասել, որ համապատասխան է այս երգին եւ փոխանցում է ամբողջ էներգետիկան, դռայվը եւ դրական էմոցիաները: Այն է, ինչ պետք է ուրախ երգի համար՝ գունավոր, անկեղծ ու բաց սրտով տեսահոլովակ է ստացվել: Եթե նայենք զուտ իմ նախընտրություններով, ես օրվա մեծ մասն անցկացնում եմ ավելի մելանխոլիկ երգեր լսելով, այդ պատճառով մեր տեսահոլովակներից իմ բնավորությանն ավելի շատ մոտ են «Daisy»-ի ոճի աշխատանքները: Կուզեմ առանձին նշել «Սեւ աչերովի» ձայնագրության տարբերությունը, քանի որ կարծում եմ՝ սա մեր ամենահաջողված ձայնագրություններից է գործիքավորման առումով, բազմաթիվ նոր հնչյուններ ենք ավելացրել ու մեծ աշխատանք ենք տարել Լեւոն Հախվերդյանի հետ միասին (Brevis recording studio).

Հայկական երգերը ձեր մշակումներով բավական սիրվում են․ երգացանկում էլ ո՞ր երգերն եք ներառել կամ ներառելու, որոնք հանրությունը դեռ չի լսել Nemra-ի կատարմամբ։

Վերջերս ներկայացրինք Առնո Բաբաջանյանի «Չքնաղ երազ» երգը, որը համերգների ժամանակ կատարելիս զգացինք հանդիսատեսի բուռն արձագանքը: Էլի մի քանի երգ ենք նախապատրաստում, պատրասվում ենք ներկայացնել մեր հայալեզու ալբոմը, բայց որոշ ժամանակով, կարծում եմ, կդադարեցնենք հայկական երգերի ձայնագրությունն ու տեսահոլովակները, քանի որ մեր հեղինակային երգերը հերթի մեջ համբերատար սպասում են, եւ մենք շատ մեծ էնտուզիազմով պատրաստվում ենք վերադառնալ դրանց:

Leave A Reply

Your email address will not be published.