«Ախպեր ջան, ցավդ տանեմ». «Եվրատեսիլ 2022»-ում Մոլդովայի ներկայացուցիչները հայկական պարեղանակով են ողջունել Հայաստանի պատվիրակությանը

0

«Եվրատեսիլ 2022»-ում Մոլդովան ներկայացնող Zdob si Zdub եւ Advahov Brothers խմբերի ներկայացուցիչները հայերենով ու հայկական հայտնի` «Տոնական» ստեղծագործությամբ են ողջունել մրցույթում Հայաստանի պատվիրակությանը: Տեսանյութը NEWS.am STYLE-ին տրամադրել է պրոդյուսեր, երաժիշտ Դավիթ Բադալյանը (Tokionine), որն այս օրերին «Մանկական Եվրատեսիլ 2021»-ի հաղթող Մալենայի հետ Թուրինում է: Նա տեղեկացրեց, որ Մոլդովայի ներկայացուցիչները, պարզապես, անցնելով Հայաստանի պատվիրակության կողքով` սկսել են նվագել հայկական պարեղանակ, ինչն, իհարկե, անսպասելի ու հաճելի է եղել հայկական թիմի համար:

Մոլդովան այս տարի մրցույթին ներկայանում է Trenuletul երգով: Ի դեպ, Zdob si Zdub խումբը «Եվրատեսիլ»-ին արդեն երրորդ անգամ է մասնակցում: Առաջին անգամ նրանք Մոլդովան մրցույթում ներկայացրել են 2005 թ-ին` զբաղեցնելով 6-րդ հորիզոնականը, այնուհետեւ` 2011-ին` հայտնվելով 12-րդ հորիզոնականում: Այդ տարի պրոմո արշավի շրջանակում խումբը եղել էր նաեւ Հայաստանում:

Ինչ վերաբերում է Մալենայի` «Եվրատեսիլ 2022»-ին մասնակցությանը, երգչուհու պրոդյուսերը նախընտրեց չբացահայտել մանրամասները` տեղեկացնելով, որ այսօրվա ուղիղ հեռարձակման ժամանակ նրա երկրպագուներին անակնկալ է սպասվում: Մալենան, ի դեպ, եւս մրցույթի մասնակիցների հետ մայիսի 8-ին մասնակցել է  «Եվրատեսիլ 2022»-ի պաշտոնական բացմանն ու  քայլել փիրուզագույն գորգով:

Այսօր Թուրինում տեղի է ունենալու «Եվրատեսիլ 2022»-ի առաջին կիսաեզրափակիչ փուլը, որտեղ Հայաստանը ներկայացնող Ռոզա Լինը հանդես է գալու վերջինը` 17-րդ համարի ներքո: Ռոզան ներկայացնելու է իր հեղինակած Snap երգը:

Leave A Reply

Your email address will not be published.