Շեքսպիրի «Մակբեթը»` միստիկ բեմադրությամբ ու տպավորիչ դեկորներով. ռուսական «Театр у моста» թատրոնը` Երեւանում (ֆոտո)

0

Սարսափ, առեղծված, կախարդներ, դեկորներ, որոնք հանդիատեսին դարձնում են պատմության մասնակիցը… Երեկ` նոյեմբերի 18-ին, Երեւանի Շեքսպիրյան 15-րդ փառատոնի շրջանակում, Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի բեմում կայացավ «Թատրոն Կամրջի մոտ» («Театр у моста») թատրոնի «Մակբեթ» ներկայացումը, որի բեմադրիչը ՌԴ վաստակավոր արտիստ,  Չեխիայի ազգային մրցանակի, «Ոսկե դիմակ» փառատոնի, ՌԴ պետական մրցանակի դափնեկիր` Սերգեյ Ֆեդոտովն է:

Թատերախումբն առաջին անգամ էր Հայաստանում, եւ ինչպես հայտնում է բեմադրիչը` շատ տպավորված են իրենց երեւանյան առօրյայով:

Ինչ վերաբերում է Շեքսպիրի` միշտ արդիակսն լինելուն, Ֆեդոտովը կարծում է` նա հանճար է, եւ նրա ստեղծագործություններն անժամանակ են, որովհետեւ հերոսներն իրենց մեջ ունեն յուրահատուկ առեղծված, ինչը փորձել են ցույց տալ նաեւ «Մակբեթ» ներկայացման մեջ:

«Ես շատ ուրախ եմ, որ այս փառատոնի շրջանակում Հայաստանում ենք: Այս ներկայացումը շատ երկրներում ենք խաղացել, բայց Երեւանում դեռ չէինք եղել: «Մակբեթը» դասական ներկայացում է. մեր թատրոնն արդեն 33 տարի է, ինչ կա, եւ մենք ներկայացնում ենք դասական գործեր, բայց մեր խաղացանկում միշտ ընդգրկում ենք այն պիեսները, որտեղ կան կախարդներ ու առեղծվածային այլ էակներ: «Մակբեթ»-ում եւս կան կախարդներ, սպանություններ, մեռյալներ… Մեր փորձերն էլ սիրում ենք անել խորհրդավոր տեղերում, իսկ Երեւանում բավական շատ են այդպիսի վայրերը»:

Բեմադրիչի խոսքով` Covid19-ով պայմանավորված այս բարդ օրերին, երբ ստեղծագործողների կյանքը դժվարացել է, ողջունելի է նման փառատոն կազմակերպելը.

«Շնորհակալ ենք Կարո Բալյանին` այս հրավերի համար, ու կարծում եմ` այսպիսի ժամանակաշրջանում փառատոն կազմակերպելն, առհասարակ, հերոսություն է»,-իր խոսքում նշեց նա:

Երեւանի Շեքսպիրյան փառատոնը մեկնարկել է նոյեմբերի 15-ից եւ տեւելու է մինչեւ նոյեմբերի 20-ը:

Այն աշխարհահռչակ Եվրոպական Շեքսպիրյան փառատոների ցանցի անդամ է: 2016թ-ից փառատոնի տնօրենը Կարո Բալյանն է։

Leave A Reply

Your email address will not be published.