Անգլիական թիմերը Սուպերլիգայից հրաժարվել են ՈւԵՖԱ-ից ստացած շահավետ առաջարկից հետո

0

Անգլիական ակումբները եվրոպական ֆուտբոլային Սուպերլիգայի մասնակցությունից հրաժարվել են ոչ միայն հանրության կողմից ճնշումների պատճառով, այլև ՈւԵՖԱ-ից ստացած շահավետ առաջարկի շնորհիվ:

Mundo Deportivo-ի համաձայն՝ ՈւԵՖԱ-ն Պրեմիեր լիգայի ներկայացուցիչներին առաջարկել է մեծ գումար, որի չափը չի նշվում:

Նշվում է, որ Մադրիդի «Ռեալը», «Աթլետիկոն» ու կատալոնական «Բարսելոնան» չեն ստացել այդպիսի առաջարկ: Իսպանական թիմերը, ամենայն հավանականությամբ, չեն լքի նախագիծը, քանի որ դեռ հավատում են դրա հաջողությանը:

Հիշեցնենք, որ Սուպերլիգայի ներկայացուցիչները պաշտոնապես հայտարարել են նախագծի դադարեցման մասին: Պաշտոնական հայտարարության մեջ նշվում է, որ հաշվի առնելով ստեղծված իրավիճակն ու անգլիական ակումբների՝ մասնակցությունից հրաժարվելը, Սուպերլիգայի կազմակերպիչները մտադիր են փոխել մրցաշարի ձևաչափը:

Ավելի վաղ Սուպերլիգայի հիմնադիր 12 ակումբներից անգլիականները պաշտոնապես հայտարարել էին նախագծից դուրս գալու մասին։ Այդ ակումբներն են Պրեմիեր լիգայի ներկայացուցիչներ «Մանչեսթեր Յունայթեդը», «Մանչեսթեր Սիթին», «Լիվերպուլը», «Չելսին», «Արսենալն» ու «Տոտենհեմը»։

Մադրիդի «Ռեալի», «Աթլետիկոյի», կատալոնական «Բարսելոնայի», իտալական «Յուվենտուսի», «Միլանի» ու «Ինտերի» կողմից պաշտոնական հայտարարություն դեռ չեն եղել։

Ավելի վաղ ՈւԵՖԱ-ն ու ՖԻՖԱ-ն հայտարարել էին, որ Սուպերլիգայի մասնակից ակումբները կհեռացվեն եվրագավաթային մրցաշարերից, իսկ ակումբները ֆուտբոլիստները կզրկվեն ազգային հավաքականներում մասնակցել Եվրոպայի եւ աշխարհի առաջնություններին։

Leave A Reply

Your email address will not be published.