«Գեղեցկուհու տիտղոսը ես նվաճել եմ ոչ իմ բարձր հասակի, սլացիկ ոտքերի եւ գեղեցիկ դիմագծերի համար…». «Միսս Աշխարհ Արմենիա» Լիանա Ոսկերչյանը՝ իր արտաքին յուրահատկության եւ հաղթահարված բարդույթների մասին

0

«Միսս Աշխարհ Արմենիա 2019» տիտղոսակիր Լիանա Ոսկերչյանը, վստահաբար կարելի է ասել, այն հայ գեղեցկուհին է, որը ոչ միայն չվախեցավ ցուցադրել իր յուրահատկությունը, այլեւ ամբողջ աշխարհին բարձրաձայնեց, որ մարդկանց առանձնահատկությունները չպետք է դիտարկել՝ որպես թերություն. յուրաքանչյուրը գեղեցիկ է իր տարբերակիչ հատկանիշներով: Այսօր՝ Մայրության եւ Գեղեցկության տոնին, NEWS.am STYLE-ն ամենահամարձակ հայ գեղեցկուհու հետ զրուցել է գեղեցկության ստանդարտներից, իր համարձակ քայլից, բարդույթներից եւ մայրիկի հետ հարաբերություններից:

Լիանա, վիտիլիգոն դարձել է քո արտաքին յուրահատկություններից մեկը, բայց գաղտնիք չէ, որ սկզբում ինքդ էլ շոկ ես ապրել, երբ առաջին անգամ բախվել ես դրան: Ինքնուրո՞ւյն ես կարողացել հաղթահարել այդ փուլը, թե՞ եղել են մարդիկ, պատմություններ, որոնք քեզ ոգեշնչել են եւ օգնել նայել հարցին այլ տեսանկյունից:

Կարելի է ասել՝ ինքս իմ մեջ դա հաղթահարել եմ՝ մասնակցելով գեղեցկության մրցույթին. դա եղավ 2017 թ-ին, երբ դեռ շատ էի բարդութավորվում եւ ամեն կերպ փորձում էի ծածկել դա: Հատուկ արհեստական արեւայրուք էի ընդունել, որպեսզի մաշկիս գունային տարբերությունը չերեւար: 2017 թ-ի մրցույթին հենց այդպես եմ մասնակցել, բայց 2019-ին այդպես չարեցի… Իսկ երբ հաղթեցի «Միսս Աշխարհ Արմենիա» մրցույթում, ցանկացա դրա մասին խոսել, բարձրաձայնել այդ թեման, քանի որ ինքս շատ լավ գիտակցում էի խնդիրները, անցել էի դրա միջով: Վիտիլիգոն չունի պատճառ, գենետիկ չի փոխանցվում ու ցանկացած պահի ցանկացածի հետ կարող է պատահել: Փոքր տարիքում մարդիկ շատ ավելի դժվար կարող են դա հաղթահարել, եւ դա գիտակցելով՝ ուզում էի լինել օրինակ, ցույց տալ, որ ես գեղեցկուհի եմ, բայց ես էլ ունեմ վիտիլիգո, եւ որ տարբերվելը բնավ չի նշանակում, որ դու գեղեցիկ չես: Ուզում էի, որ իմ օրինակը ոգեշնչում լիներ մարդկանց համար: Կարծում եմ՝ ինձ մոտ դա ստացվեց, որովհետեւ շատ նամակներ էի ստանում թե´ երիտասարդ աղջիկներից, թե´ մայրիկներից, որոնց երեխաները մանկապարտեզում արդեն բախվել են այդ «խնդրին»… Ուրախացա, որ նպատակիս հասել եմ եւ, նույնիսկ, միջազգային բեմից եմ բարձրաձայնել այդ մասին: Մինչ այդ՝ ես համարձակություն չունեի, անգամ, հարազատներիս հետ այդ մասին կիսվելու, եւ երբ բարեկամներս, ընկերներս այդ թեմայով հարցնում էին, փորձում էի շրջանցել դա՝ ասելով, թե արեւահարվել եմ, շուտով կանցնի, որովհետեւ վախենում էի, որ արձագանքը դրական չի լինի:

Հաճախ դիմացինը, դիտավորյալ կամ չգիտակցելով, կարող է անել արտահայտություններ, որոնք խոցելի են իրականում: Քեզ հաճա՞խ են նեղացրել` մատնանշելով վիտիլիգոն: Կհիշե՞ս մի դեպք, որ, հատկապես, չես կարողանում բաց թողնել:

Միշտ չէ, որ քեզ հասկանում են, հաճախ որոշում են քեզ խղճալ՝ նշելով՝ դե լավ, մի վախեցիր, դու դրանով էլ ես գեղեցիկ, կամ անդադար հարցեր են տալիս՝ «ինչո՞ւ, ինչպե՞ս, գնացե՞լ ես բժիշկի, այս դեղը փորձե՞լ ես» եւ այլն…Դիմացինիդ, իհարկե, այդ հարցերն անմեղ են թվում, բայց երբ օվա ընթացքում քեզ այդ մասին հարցնում են երկու-երեք հոգի՝ մատնացույց անելով նույն «խնդիրը», իրոք, սկսում ես բարդութավորվել, հատկապես, երբ դա անում են քեզ անծանոթ մարդիկ՝ փողոցում, խանութում եւ այլ վայրերում:

Միտումնավոր, կարծում եմ, ոչ ոք չի փորձում վիրավորել, բայց անգամ, երբ նկատում ես, որ փողոցում ինչ-որ քննող հայացքներ են նետում քեզ վրա, կամ երբ խանութում վաճառողից ինչ-որ բան ես ուզում վերցնել, նա այնպես է անում, որ քեզ չդիպչի՝ մտածելով, թե կվարակվի… Մի զվարճալի պատմություն էլ կա. մի անգամ, երբ ինձ մի աղջիկ տեսավ, ասաց՝ «Վայ էս էն բանից ա, որ Մայքլ Ջեքսոնն էլ ուներ ու մահացավ» (ծիծաղում է): Ինձ համար այդ իրավիճակն, իհարկե, ե´ւ շոկային էր, ե´ւ ծիծաղելի: Նախ՝ վիտիլիգոյից ոչ ոք չի մահացել, երկրորդ՝ եթե անգամ ինչ-որ մեկն ունեցել է քո առանձնահատկությունից ու մահացել է, չգիտեմ՝ ինչքանով է ճիշտ մարդու երեսին այդ մասին ասելը, դրա համար մինչ օրս հիշում եմ այդ միջադեպը:

Քո պատմությանը ծանոթացանք «Միսս Աշխարհ»-ի շրջանակում. ինչպե՞ս որոշեցիր այն ներկայացնել հանրային նման հարթակից. ի՞նչ-որ մեկն ուղղորդեց, թե՞ հենց քո որոշումն էր:

Դրա մասին խոսելը եղել է բացառապես իմ որոշումը, անգամ մայրս չգիտեր, որ ես այդ թեմայով խոսելու եմ: Երբ Անգլիայում էի եւ հրապարակեցի այդ հոլովակը, այդ ժամանակ միայն հարազատներիցս շատերը, որոնք, նույնիսկ, չգիտեին, որ ես ունեմ վիտիլիգո, այդ հոլովակից հետո իմացան: Միտքը ծագեց նրանից, որ ես գիտեմ «Միսս Աշխարհ»-ի հորդորն ինչումն է: Այդպիսի մրցույթները միայն գեղեցիկ, սլացիկ կազմվածքով աղջիկների մասին չեն, այնտեղ դու պետք է նաեւ ունենաս ասելիք ու գաղափարախոսություն, եւ քանի որ ես իմ օրինակով գիտեի՝ որքան դժվար է, լինելով յուրահատուկ խուսափել որոշ հարցադրումներից, բացի այդ՝ հաշվի առնելով այն փաստը, որ վիտիլիգո ունեցող շատ աղջիկներ կարծում են, թե իրենք գեղեցիկ չեն, ցանկանում էի ցույց տալ նրանց, որ ես այստեղ եմ, ես հաղթել եմ իմ երկրում ազգային մրցույթն ու հասել այստեղ, նույն բեմում կանգնած եմ աշխարհի ամենագեղեցիկ աղջիկների կողքին՝ հավասարը հավասարի հետ:

Քո սեփական ընկալումները փոխվեցի՞ն պատմությունդ ներկայացնելուց հետո: Նկատե՞լ ես ինքնավստահության աճ:

Իհարկե, փոխվեցին: Ես շատ էի վախենում մարդկանց արձագանքից, երբ հաղթեցի ազգային մրցույթում: Մի քանի օր փորձում էի նորություններին չհետեւել, որպեսզի չտեսնեմ, թե ինչ են գրում մարդիկ, բայց մի օր ընկերներս անձնական նամակով ուղարկեցին սքրինշոթեր, որտեղ միայն դրական մեկնաբանություններ էին: Նույնը եղավ նաեւ «Միսս Աշխարհ» մրցույթում իմ հարցազրույցից հետո: Փորձերից հետո Լոնդոնում վախենալով բացեցի սոցիալական ցանցի իմ էջը, ու զարմացա այդքան դրական մեկնաբանություններ տեսնելով: Եվ ես զգացի, որ սրա կարիքն իրոք կար, ու դա ինձ մոտիվացրեց, որ կանգ չառնեմ ու այդ ուղղությամբ էլ շարունակեմ իմ ճանապարհը: Անցած տարի ընկերներիս հետ որոշեցինք հիմնել փոքրիկ բիզնես՝ նվերների համար փոքրի խանութ-սրահ, որի անվան ընտրության հետ կապված շատ մտքեր կային, բայց քանի որ դա առաջին բիզնեսն էր, ուզում էի, որ այն ինձ հետ կապ ունենար, իսկ նշանաբանը դրեցինք «Գո վիթիլի», ինչը վիտիլիգոյի շրջված տարբերակն է, ինչը նշանակում է, որ այն գաղափարը, որը ես սկսել եմ «Միսս Աշխարհ»-ում, տարածելու եմ նաեւ այս հարթակում:

Լիանա, կցանկանայի, որ խոսեինք նաեւ մայրիկիդ հետ հարաբերություններիդ մասին. ո՞րն է նրանից ստացածդ ամենակարեւոր խորհուրդը:

Կդժվարանամ մտաբերել միայն մեկ խորհուրդ, որն ամենակարեւորն է եղել, բայց մի բան կարող եմ վստահ ասել՝ շնորհակալ եմ այն դաստիարակության համար, որը ես ստացել եմ, եւ վստահ կարող եմ ասել, որ գեղեցկուհու տիտղոսը ես նվաճել եմ ոչ թե իմ բարձր հասակի, սլացիկ ոտքերի եւ գեղեցիկ դիմագծերի, այլ այն դաստիարակության, շնորհքի ու տաղանդի համար, որոնք ես ունեմ, իսկ դա ես ունեմ իմ մայրիկի՝ տարիների աշխատանքի շնորհիվ:

Արտաքին տվյալներդ ումի՞ց ես ժառանգել:

Իրականում ես շատ նման եմ հորս, բայց մինչեւ նրա լուսանկարները տեսնելը, բոլորն ասում են, որ ես մայրիկիս եմ շատ նման, չնայած՝ ես կարծում եմ՝ մայրիկս եւ հայրիկս արտաքնապես նման են (ծիծաղում է): Ամեն դեպքում, ինչպես նշեցի՝ գեղեցկուհի դառնալու համար միայն արտաքին տվյալները շատ ու շատ քիչ են:

Ինքդ բնական գեղեցկուհի ես. ինչպե՞ս ես վերաբերվում պլաստիկ միջամտություններին:

Ես՝ ինքս, կողմ եմ պլաստիկ միջամտություններին, որովհետեւ, միգուցե, մարդն իրեն այդպես ավելի լիարժեք է զգում: Իհարկե, ամեն ինչ չափի մեջ է գեղեցիկ:

Արտաքին տվյալներդ ումի՞ց ես ժառանգել:

Իրականում ես շատ նման եմ հորս, բայց մինչեւ նրա լուսանկարները տեսնելը, բոլորն ասում են, որ ես մայրիկիս եմ շատ նման, չնայած՝ ես կարծում եմ՝ մայրիկս եւ հայրիկս արտաքնապես նման են (ծիծաղում է): Ամեն դեպքում, ինչպես նշեցի՝ գեղեցկուհի դառնալու համար միայն արտաքին տվյալները շատ ու շատ քիչ են:

Ինքդ բնական գեղեցկուհի ես. ինչպե՞ս ես վերաբերվում պլաստիկ միջամտություններին:

Ես՝ ինքս, կողմ եմ պլաստիկ միջամտություններին, որովհետեւ, միգուցե, մարդն իրեն այդպես ավելի լիարժեք է զգում: Իհարկե, ամեն ինչ չափի մեջ է գեղեցիկ:



Leave A Reply

Your email address will not be published.