Հայաստանը աշխարհում 22-րդ տեղում է միլիոն բնակչությանը բաժին ընկնող կորոնավիրուսի հետեւանքով մահվան դեպքերի թվով 23 հուլիսի, 2020 13:10

0

Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 36 162 դեպք (վերջին մեկ օրում +469) եւ 688 մահ: Ըստ https://www.worldometers.info/coronavirus/-ի տվյալների՝ մեր երկրում մեկ միլիոն բնակչությանը բաժին է ընկնում 232 մահ: Հայաստանն այս ցուցանիշով այսօր աշխարհում 22-րդ տեղում է:

Այս ցուցանիշով այսօր աշխարհում առաջին տեղում է Սան Մարինոն: Այնտեղ կորոնավիրուսի հետեւանքով մահացել է 42 մարդ, բայց քանի որ այս պետության բնակչությունը կազմում է ընդամենը 33 935 մարդ, մեկ միլիոն բնակչության հաշվարկով ստացվում է մահվան 1238 դեպք:

Այս ցուցանիշով աշխարհում երկրորդ տեղում Բելգիան է, որտեղ կորոնավիրուսի հետեւանքով մահացել է 9808 պացիենտ՝ 846 մահ միլիոնին: Երրորդ տեղում է Անդորան (889 մահ, 673՝ միլիոն բնակչությանը), չորրորդը Մեծ Բրիտանիան է (45 501 մահ, 670՝ մահ միլիոն բնակչությանը), հինգերորդը Իսպանիան է (28 426 գրանցված մահ, 608՝ միլիոն բնակչությանը):

Մահվան բացարձակ թվով աշխարհում առաջատարը ԱՄՆ-ն է՝ 146 185: Այնտեղ մեկ միլիոն բնակչությանը բաժին է ընկնում մահվան 441 դեպք, Նահանգներն այս ցուցանիշով հիմա աշխարհում 11-րդ տեղում է:

Հիշեցնենք, որ Հայաստանում համավարակի ժամանակ, իշխանությունների ձեւակերպմամբ, «այլ հիվանդությունների հետեւանքով» մահացել է կորոնավիրուսով եւս 217 պացիենտ: Այսպիսով՝ մեր երկրում մահվան դեպքերի ընդհանուր թիվը հասել է 905-ի:

Հիշեցնենք նաեւ, որ Հայաստանը մեկ միլիոն բնակչությանը բաժին ընկնող վարակման դեպքերի թվով այսօր աշխարհում 11-րդ տեղում է:

Leave A Reply

Your email address will not be published.