Նկարիչ Ֆրենսիս Բեկոնի եռանկարը 84,6 միլիոն դոլարով վաճառվել է Sotheby’s-ի հեռավար աճուրդում

0

Նկարիչ Ֆրենսիս Բեկոնի եռանկարը 84,6 միլիոն դոլարով վաճառվել է Sotheby’s-ի հեռավար աճուրդում։ Սա առաջին խոշոր աճուրդն էր, որ կորոնավիրուսի համավարակի պատճառով ամբողջովին հեռավար է տեղի ունեցել։ Sotheby’s աճուրդի տան դահլիճում ներկա է եղել միայն աճուրդավարը, որը գների առաջարկներն ընդունել է տեսակապով՝ դահլիճում տեղադրված մոնիտորների միջոցով, հայտնում է RFI-ն:

Էսքիլեսի «Օրեստեա» ողբերգության վրա հիմնված եռանկարի սկզբնական գինը սահմանվել է 60 միլիոն դոլար: Ըստ The New York Times-ի՝ Բեկոնի գործի նոր սեփականատիրոջ անունը անհայտ է, սակայն հայտնի է, որ նա Նյու Յորքի բնակիչ է, ով «գցել է» Չինաստանից հակառակորդի առաջարկած գինը:

«Օրեստեա» ողբերգության վրա հիմնված եռանկարը մեկն է այն 28 լայնամասշտաբ եռյանկարներից, որը 1962-ից մինչեւ 1991 թվականները նկարել է բրիտանացի էքսպրեսիոնիստը: Լոտը աճուրդի է դրվել Օսլոյում գտնվող մասնավոր թանգարանի կողմից, որը հիմնադրել է կոլեկցիոներ Հանս Ռասմուս Աստրուպը՝ եռանկարը վերջինիս մոտ է եղել 1984-ից։ Այն Ֆրենսիս Բեկոնի երբեւէ աճուրդի հանված երրորդ աշխատանքն է: 2013-ին Բեկոնի մեկ այլ եռանկար՝ «Երեք էսքիզ Լյուսիան Ֆրոյդի դիմանկարին», Christie’s-ում վաճառվել է 142,4 միլիոն դոլարով՝ ներառվելով աճուրդային տանը վաճառված ամենաթանկ նկարների տասնյակի մեջ: Իսկ 2017-ին Բեկոնի (Ֆրենսիս Բեկոնի) «Խոսող Ջորջ Դայերի դիմանկարը» աշխատանքը գնել են 70 միլիոն դոլարով:

Կորոնավիրուսի համավարակի պատճառով խոշորագույն Christie’s եւ Sotheby’s աճուրդային տները ստիպված են եղել փոխել գարնանային սակարկումների պլանը: Ակնկալվում է, որ Christie’s-ը խոշոր աճուրդ կանցկացնի հուլիսի 10-ին:

Բեկոնի եռանկարի համար ստացված գումարը ռեկորդային է դարձել հեռավար ձեւաչափով անցկացված վաճառքների համար: Նախկինում առցանց վաճառված ամենաթանկ լոտերը եղել են Ջոան Միթչելի «Garden Party» կտավը (7,9 միլիոն դոլար) եւ Ժան-Միշել Բասկիի «Անանաուն (Գլուխ)» նկարը (15, 2 միլիոն դոլար):

Leave A Reply

Your email address will not be published.