Սիրուշոյի «Պռեգոմեշ» հավաքածուն՝ Bloomingdales-ում. «Ամերիկայի ձայնի»-ի անդրադարձը

0

Հայ ժողովրդի հարուստ պատմությունն ու ազգային առանձնահատկությունները ներկայացնող «Պռեգոմեշ» զարդերի հավաքածուն արդեն հատել է Հայաստանի սահմանները. առաջին անգամ Հայաստանում արտադրված զարդերը ներկայացվում են Միացյալ Նահանգներում Bloomingdales առեւտրի խոշոր կենտրոնում։ Երգչուհի Սիրուշոյի ապրանքանիշի հաջողություններին անդրադարձել է «Ամերիկայի ձայնը»։

Նոյեմբերի 23-ին Լոս Անջելեսում միջոցառմանը ներկա էր նաեւ սիրված երգչուհին։ «Անհավանական է թվում, որ մի բան, որը պատրաստվել է Հայաստանում, որն իրենց սենյակներում մեր վարպետները պատրաստել են, այսօր հասել է այստեղ եւ Bloomingdales-ի նման մեծ մոլում ներկայացված է եւ իսկապես մեկ ժամվա ընթացքում հասցրեց սպառվել»,- «Ամերիկայի ձայնին» տված հարցազրույցում ասել է Սիրուշոն։ Երգչուհին նաեւ նշել է, որ երկար ժամանակ է տվել, մինչ ապրանքանիշը Bloomingdales է հասել։

Երգչուհին նաեւ նշել է, որ յուրաքանչյուր զարդ պատմություն ունի, ամեն նմուշի ետեւում մեծ ուսումնասիրություն է ընկած. «Ինքս անձամբ ուսումնասիրում եմ թե հայկական գրքերը, թե գնում եմ թանգարաններ, աշխատում եմ թանգարանների հետ, ուսումնասիրում եմ հին զարդերը։ Հետո այդ զարդերը վերցնում ենք, մշակում, դարձնում այօրվա՝ այնպիսին, որ տարբեր տարիքի կանայք կարողանան կրել եւ իր ոճն ունեցող յուրաքանչյուր կին կարողանա համադրել իր հագուստի հետ»։ Երգչուհին նշել է նաեւ, որ ձգտում են ընդլայնել հայկական մշակույթի սահմանները. «Եվ դա փորձում եմ անել թե երգի միջոցով, եւ թե արդեն զարդերի»։

Leave A Reply

Your email address will not be published.