«Իմ սիրտը կարելի է շահել հավատարմությամբ, խիզախությամբ, չվաճառվելու բնույթով, ծաղիկներով, ադամանդներով և ժպիտով»․ Շպռոտի կյանքի սկզբունքները

0

Այս անգամ Blognews.am-ի հետ իր գաղտնիքներով, խորհուրդներով և կյանքի սկզբունքներով կիսվեց երգչուհի Շպռոտը: 

Տանել չեմ կարողանում, երբ բենզինս վերջանում է, ու պիտի գնամ բենզին լցնելու բեմական շորերով։

Կատարելությունն ինձ համար, երբ համերաշխ ես «հիմա»-ի հետ, ինչ իրավիճակ էլ լինի։

Չեմ ներում դավաճաններին։

Իմ հաջողությունների համար շնորհակալ եմ ինձ, աշխարհին, բնությանը, Աստծուն, ինձ լավը կամեցողներին, իմ ազգին։

Հավատում եմ, որ կա մի հզոր ուժ, որը ոչ թե երկնքում է, այլ մեր մեջ է, մեզ սնուցողը, որին կարող ենք անվանել Աստված։

Իմ կյանքում կարևորում եմ այն, որ մտքերը ամեն օր խնամքի կարիք ունեն։ Եթե խնամես և հետևես մտքերիդ, կյանքը կդառնա վայելք։

Իմ սիրտը կարելի է շահել հավատարմությամբ, խիզախությամբ, չվաճառվելու բնույթով, ծաղիկներով, ադամանդներով ու ժպիտով։

Անարդար եմ համարում կենդանիներին ցավ պատճառելը, կանանց անբարո անվանելը, «բայց տղամարդկանց կարելի ա» փաստը, անհավասարությունը, երգչուհիներին չհարգելը, իսկ տղամարդ երգիչներին՝ հարգելը։

Չարությանը երբեք չեմ պատասխանում չարությամբ։

Ես խենթ եմ, որովհետև հավատում եմ հրաշքների։

Կյանքից առավել սիրում եմ կյանքը։

Ինձ ուժ են տալիս մամաս, քույրս, մեդիտացիան, բեմը, երգելը։

Ամենատարօրինակ բանը, որ փորձել եմ, հեռախոսով վոկալներս ձայնագրելն է եղել, և ստացվել է, որ իմ որոշ հայտնի երգեր ձայնագրված են հեռախոսով։

Երբեք չեմ փորձի թմրանյութ, էքստրիմ սպորտ և պարաշյուտով թռչել։

Դժվարությունները հաղթահարում եմ նրանց հանդեպ վերաբերմունքս փոխելով։ Չկան դժվարություններ, կան իրավիճակներ, որոնք միշտ լուծվում են։

Նյարդայնանում եմ, երբ կողքիս խռացնում են, և երբ կատուս չի թողնում՝ քնեմ։

Միշտ հիշեք, որ ամեն ինչ մեր ձեռքերում է, երջանկությունը նման է մկանի, պետք է զարգացնես և վարժեցնես ինքդ քեզ լինել երջանիկ: Ամեն օր հիշեք այն լավ դեպքերը, որոնք եղել են երեկ կամ այսօր։

Իմ խորհուրդը անխտիր բոլորին․ վատ մտքերի դեմ մի կռվեք, այլ փոխարինեք լավ մտքերով։

Ամենադժվարն ինձ համար եղել է փոխել որոշ համոզմունքներ կյանքի և իմ վերաբերյալ, որոնք ես ստացել եմ մանուկ հասակում ծնողներից և շրջապատից։

Երբ ես երգում եմ, իմ տաքությունն իջնում է, ես լավանում եմ, արցունքները չորանում են, աշխարհը կանգ է առնում, և ես երջանիկ եմ։

Հպարտանում եմ իմ անցյալով, իմ հերոս հորով, իմ սիրով լցված մամայով, իմ հայ լինելով, իմ ստեղծած երգերով: Այն աղջիկը, որ ես եմ հիմա, տալիս է ինձ հպարտ լինելու պատճառներ։

Ես սիրում եմ ինձ և երբեմն թույլ եմ տալիս ինձ սխալվել։



Leave A Reply

Your email address will not be published.