«Դասերից շատ է բացակայում, բայց սիրում է նկարահանման ընթացքը և երբեք չի բողոքում». Մանո Գրիգորյանը պատմել է Յանայի նոր կերպարի մասին

0

Մանո և Սարգիս Գրիգորյանների դուստրը՝ Յանան, նկարահանվում է ռեժիսոր Արման Գևորգյանի «Վերադարձ» նոր գեղարվեստական ֆիլմում: «Կրկին նկարահանվում է Սարգիսի հետ. նրա դուստրն է: Յանան կերտում է փոքրիկ Արփիի կերպարը, ով պատերազմի ժամանակ կորցնում է իր մորը, և չգիտեն՝ նա ո՞ղջ է, թե՞ ոչ: Նա անընդհատ հայրիկից պահանջում է, որ մայրիկին հետ բերեն: Բավականին էմոցիոնալ կերպար է՝ համեմատած մյուս դերերի հետ, որոնցում նա խաղացել է»,-BlogNews.am-ի հետ զրույցում պատմում է Մանոն։

Սա Յանայի առաջին դերը չէ, բայց Մանոն նշում է, որ ամենաէմոցիոնալն է և բարդ է. «Այստեղ տեսարաններն ավելի շատ են: Մի փոքր դժվար է, քանի որ երկար են նկարահանումները, և դասերից շատ է բացակայում: Ֆիլմում պրոֆեսիոնալներ են նկարահանվում, նա միակ փոքրիկն է, բայց բոլորն ասում են, որ հրաշալի է կատարում իր առջև դրված խնդիրները: Նա առհասարակ չի դժգոհում, որ մի ամբողջ օր պետք է լինի նկարահանման հրապարակում»:

«Վերադարձ» ֆիլմի ռեժիսորն Արման Գևորգյանն է, ով աշխատում է Յանայի հետ. «Ամենամեծ դժվարություններից մեկն էլ այն է, որ ֆիլմն արևմտահայերեն է, բայց, փառք Աստծո, դա էլ է Յանայի մոտ ստացվել հաղթահարել»:

Իհարկե, ծնողներն են Յանայի փոխարեն որոշում՝ կկարողանա՞ արդյոք խաղալ ֆիլմում, թե՞ ոչ, բայց Մանոն նշում է, որ նկարահանման ընթացքը դստերը շատ է դուր գալիս. «Անցյալ տարի նույն այս ժամանակահատվածում էր, որ նկարահանվում էր «ԱԿԱ» ֆիլմը, դրանից հետո սկսեց ասել, որ շատ է կարոտել նկարահանումները: Նկարահանումների ընթացքում նայում է, թե մեծերն ինչպես են խաղում, և նրա համար մեծ պատիվ է, որ խաղում է այդ դերասանների հետ: Ես էլ եմ ուրախ, որ տարիներ հետո, եթե շարունակի այս ճանապարհով, պատմելու և հիշելու շատ բան է ունենալու»:

Մանոն միայն անհանգստանում է, որ դուստրը սկսում է կտրվել իր հասակակիցներից և շրջապատից. «Նրան անընդհատ հեռուստատեսությամբ են տեսնում կամ ինչ-որ նախագծում է զբաղված, ինչն ազդում է իր հասակակիցների հետ շփման վրա։ Այդ խնդիրն է ինձ անհանգստացնում, որովհետև Յանան երբեմն ասում է, որ իր հասակակիցները մի քիչ հեռավորություն են պահում իրենից, բայց ոչ թե նրա համար, որ չեն սիրում, այլ պարզապես այդպես են վերաբերվում: Իհարկե, նա ամեն ինչ անում է, որ դասերին միշտ պատրաստ գնա, իսկ ուսուցիչներն էլ մի փոքր շատ են գովում, օրինակ են բերում․ դա էլ է խնդիր ստեղծում: Բայց ես էլ եմ այդ ճանապարհով անցել, ավելի շատ պարի մեջ էի խորացել և արդյունքում դպրոցից ընկերներ չեմ ունեցել»:

Leave A Reply

Your email address will not be published.