Լիլիթ Քոչարյանն այսուհետ կվարի «DayOff» հաղորդումը

0

«5-րդ ալիքով» հեռարձակվող «DayOff»  հաղորդումը կրկին վերադառնում է եթեր և այսուհետ հաղորդումը վարելու է Լիլիթ Քոչարյանը: BlogNews.am-ի հետ զրույցում երիտասարդ հաղորդավարուհին պատմել է ինչպես առաջարկի, այնպես էլ իր հետաքրքրությունների, հեռուստատեսությունում հայտնվելու, նկարահանումների մասին:

Մինչ «5-րդ ալիքում» աշխատանքի անցնելը Լիլիթն աշխատում էր այլ հեռուստաընկերությունում, որտեղից էլ սկսվել են հեռուստատեսային առաջին քայլերը: Աղջիկը նշում է, որ նկարահանումների փորձ ունեցել է դեռ տասնութ տարեկանից` տեսահոլովակներ, գովազդային հոլովակներ, ֆոտոնկարահանումներ, գեղարվեստական ֆիլմ:

««DayOff» հաղորդումը վարելու առաջարկը ստացել եմ պրոդյուսեր Լևոն Դադասյանի կողմից, ում հետ շատ վաղուց եմ ծանոթ: Երկար չեմ մտածել առաջարկը ընդունելուց, քանի որ հաղորդման ձևաչափը ինձ դուր եկավ և հասկացա, որ կարող եմ: Լևոնին շնորհակալ եմ, այս պատասխանատու աշխատանքն ինձ վստահելու համար:  Ես սիրում եմ մարդկանց հետ շփվել և հաղորդման ձևաչափը ինձ հնարավորություն կտա մարդկանց ավելի խորը ուսումնասիրել: Ես այս ամենին նայում եմ, երբ երկու մարդ իրար հետ պարզապես շփվում են, բայց հարցեր տվողն այդ պահին ես եմ:»

Լիլիթը նշում է, որ զրուցակիցների հետ անմիջական է լինելու, թեթև և չի փորձելու ծանրացնել հաղորդումը.«Ես չեմ փորձում ավելի լուրջ հարցազրույց անցկացնել: Փորձում եմ այնպես անել, որպեսզի դիմացինս էլ չլարվի: Մի սահման կա, երբ դա կոտրվում է ստացվում է թեթև զրույց»:  Նոր նախագծում ոճային փոփոխությունների չի ենթարկվել, բայց նշում է որ բնավ դեմ չի. սիրում է փոփոխություններ:

Լիլիթը մասնագիտությամբ ծրագրավորող է, անկախ նրանից որ հեռուստատեսությունում աշխատել է, հիմնական մասնագիտությունը երկրորդ պլանում չի եղել. «Իմ առօրյայի մեծ մասը կազմում է իմ հիմնական աշխատանքը, որի հետ համատեղում եմ հեռուստատեսությունը: Իրարից շատ տարբեր են երկուսն էլ, բայց իմն են: Ես սիրում եմ տարբեր գործերով զբաղվել:

Այն հարցին, արդյոք սիրում է կյանքում փոփոխություններ անել և գուցե նոր բաներ փորձել, Լիլիթը` նշում է. «Ինձ թվում է ռիսկով եմ, նոր բաներ փորձել շատ եմ սիրում և որքան էլ լինեն այդ ռիսկերը, որ ինչ որ բան չի ստացվի: Ես նախընտրում եմ փորձել, թող չստացվի: Ինչ որ բան չկա, որ ցանկանամ անել, բայց մտածեմ, իսկ կարո՞ղ է արդյոք չստացվի: Այդ բացասական մտքերը փորձում եմ կողք դնել և երբ տրամադրվում ես, ամեն ինչ լինում է այնպես, ինչպես ուզում ես»:

Leave A Reply

Your email address will not be published.