Այս շենքը հեշտ թողնողներից չեմ. Երգի պետական թատրոնի ղեկավար Արթուր Գրիգորյան

0

Ոչ մի նախարար չի կարող վերցնել ու փակել Երգի պետական թատրոնը։

 

Картинки по запросу artur grigoryan Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Հայաստանի երգի պետական թատրոնի գեղարվեստական ղեկավար Արթուր Գրիգորյանը՝ անդրադառնալով մամուլում տարածված Մշակույթի նախարարության տեղեկանքին, որում ի թիվս այլ կառույցների առաջարկվում է լուծարել նաեւ Երգի պետական թատրոնը։

«Ուղղակի զարմացած եմ, անծանոթ երեւույթ է ինձ համար, որովհետեւ կարելի էր մի քիչ քաղաքակիրթ ձեւով դա անել, նամակ ուղարկել կամ տեղեկացնել, ոչ թե լրատվամիջոցներով կամ բամբասանքով իմանայի, որ ինչ–որ մեկը քեզ փակում է»,–ասաց նա։

Արթուր Գրիգորյանը շեշտեց՝ իր գոյության 25 տարիների ընթացքում Երգի պետական թատրոնը միայն լավ երաժշտություն է մատուցել. «Ի՞նչ իրավունքով է մշակույթի նախարարի պաշտոնակատարը փակում Երգի պետական թատրոնը, երբ ոչ մի կերպ կապ չունի բացման հետ։ Թատրոնը 25 տարեկան է այս տարի դառնում եւ բացի որակյալ եւ լավ երաժշտությունից ոչ մի ավելորդ բան չի մատուցել»։

Նա հավելեց՝ անպայման չի սիրեն կամ չսիրեն, բայց պետական մակարդակով այդպես չեն հարցեր լուծում. «Եթե նա փոխնախարար է կամ մշակույթի նախարարի պաշտոնակատար, թող թատրոնի դուռը մի անգամ բացեր ու իմանար, թե թատրոնը ինչով է զբաղվում։ Ինչ–որ բիզնեսներ են ինձ վերագրում, ես կուզեի իմանալ, թե որտեղ եմ պահել այդ բիզնեսները, եւ ինչու դրանց մասին ես տեղյակ չեմ»։

Երգի պետական թատրոնի գեղարվեստական ղեկավարը պնդեց՝ լուծարման համար պատճառ պետք է լինի. «Ինչի՞ համար են փակում, հի՞ն է, պետք չի՞»։

Նա նաեւ ընդգծեց՝ սա շատ փնթի վերաբերմունք է նախարարության կողմից. «Գոնե հարգեն «ժողովրդական արտիստ» կոչումը։ Կամ թող զանգեին կամ նամակ գրեին»։

Արթուր Գրիգորյանը համոզված է՝ Երգի պետական թատրոնի լուծարման դեպքում հեռուստատեսությամբ հայերեն լեզվով ադրբեջանական ծագմամբ երգերն ավելի մասսայական կդառնան։ Նա հորդորում է դրա վրա ուշադրություն դարձնել, ոչ թե «լուծարել մի կառույց, որը երբեք փողի հետեւից չի ընկել եւ վատ երաժշտություն չի մատուցել»։

Նրա փոխանցմամբ՝ Երգի պետական թատրոնում կրթված երգիչները եւս տարակուսած եւ զարմացած են. «1994 թվականի ծանր տարիներին Արամոն, Էմմա Պետրոսյանը, Արթուր Իսպիրյանը, Շուշան Պետրոսյանը, Նունե Եսայանը, բոլորն իրենց ձեռքերով են սարքել դահլիճը, դե թող գան, վերցնեն, տեսնեմ՝ ոնց են վերցնելու։ Բարոյական հարցեր կան, որ նույնիսկ չի կարելի մտածել այդ ուղղությամբ։ Թող մի քիչ հասկանան ինչ են անում, նոր որոշումներ կայացնեն»։

Արթուր Գրիգորյանը եզրափակեց՝ հեշտ չի լինելու լուծարել Երգի պետական թատրոնը. «Պարզ չի՞, որ այս շենքը հեշտ թողնողներից չեմ»։

Աղբյուրը ՝ news.am

Leave A Reply

Your email address will not be published.