«Նազենի Ղարիբյանի ղեկավարությամբ՝ ֆիլմերի ֆինանսավորման հանձնաժողովն ապօրինաբար մերժել է «Տատիկիս վարսերը» ֆիլմի ֆինանսավորումը». Հովհաննես Գալստյան

0

 

«Նազենի Ղարիբյանի ղեկավարությամբ՝ ֆիլմերի ֆինանսավորման հանձնաժողովն ապօրինաբար մերժել է «Տատիկիս վարսերը» ֆիլմի ֆինանսավորումը». Հովհաննես Գալստյան

«Պարալլելս Ֆիլմպրոդաքշն» կինոընկերության հիմնադիր Հովհաննես Գալստյանը, ով փետրվարի 3-ից գտնվում է անժամկետ հացադուլի մեջ, այսօր Մատենադարանի մոտ մամուլի ասուլիս էր հրավիրել՝ պարզաբանելու ՀՀ մշակույթի նախարարության տարածած վերջին հայտարարությունը։ 

Ըստ ռեժիսորի, Մշակույթի նախարարության տարածած հայտարարության ամբողջ տրամաբանությունն այն է, որ մարդը կարող է լինել քրեական հանցագործ, թաթախված կոռուպցիայի մեջ, բայց այդ ամենն անտեսեն և ասեն, թե կարող է ամեն ինչ նորից սկսել։

«Այսինքն՝ ասում են՝ մեկ անգամ էլ մասնակցի մրցույթին, եթե հաղթես՝ կֆինանսավորենք։ Սա նախարարության հերթական հակասական  դրսևորումներից է։ Եթե նրանք վստահ լինեին, որ ես սխալ եմ, և ուզում են ինձ հնարավորություն տալ, ապա ինչո՞ւ դա նախորդ հանձնաժողովը չի արել։ Եթե նախորդ հանձնաժողովը մերժել էր, ինչո՞ւ նորը պետք է չմերժի։ Սա իրավական անգրագիտության կծիկ է»,- ասաց Հովհաննես Գալստյանը։

Նրա խոսքով՝ նախարարության հայտարարության մեջ տեղ գտած այն բացատրությունը, թե ֆիլմի նկարահանման համար նախորդ հայտը մերժվել է՝ հաշվի առնելով մի շարք արատավոր երևույթներ, չի համապատասխանում իրականությանը, քանի որ իրենք ստացել են մերժման հայտը, որտեղ հստակ գրված է, որ նախագիծը մերժել են նախկինում չկատարված պարտավորությունների համար։

«Փակուղային իրավիճակի առջև կանգնելով՝ նախարարությունը սկսել է տարբեր այլ հիմնավորումներ գտնել։ Սակայն փաստն այն է, որ Նազենի Ղարիբյանի ղեկավարությամբ՝ ֆիլմերի ֆինանսավորման հանձնաժողովն ապօրինաբար մերժել է «Տատիկիս վարսերը» ֆիլմի ֆինանսավորումը՝ հղում անելով կանոնակարգի մի կետին, որին հղում անելու իրավունք չունեն»,- նշեց ռեժիսորը։

Հովհաննես Գալստյանի փաստաբան Նունե Դանիելյանի խոսքով՝ հանձնաժողովը ֆիլմի հայտը մերժել է և մերժման  հիմքում դրել կանոնակարգի 15-րդ կետը, որը կիրառվել է հետադարձ ուժով, մյուս հիմնավորումները որևէ նշանակություն չունեն։

Ազգային կինոկենտրոնի նախկին տնօրեն Գևորգ Գևորգյանի բնորոշմամբ՝ տարօրինակ է տեսնել, որ այսօր արվեստագետը հայտնվել է նման պայմաններում և իրականացնում է հացադուլ։

«Չեմ հասկանում, ինչո՞ւ է սիրո և համերաշխության մթնոլորտն այսօր վերածվել դաժանության, միմյանց վիրավորելու մթնոլորտի։ Ինչո՞ւ են հարցերը բանակցությունների միջոցով կարգավորելու փոխարեն՝ անցել վիրտուալ, ֆեյսբուքյան գրառումների, ես այստեղ եմ եկել՝ հասկանալու, թե ինչու է այդպես։

Հովհաննես Գալստյանն արվեստագետ է, որն արտադրում է ֆիլմեր, ֆինանսավորման համար դիմել է պատկան մարմիններին, հարցին ընթացք տալու և քննարկելու փոխարեն՝ գնացել են մերժման ամենահեշտ մեթոդին՝ անօրինական ձևով հղում կատարելով այն ֆիլմի վրա, որը դեռևս չի ավարտվել։

Երբ Արմեն Ամիրյանը նշանակվել էր մշակույթի նախարար, կինոնախագծի գործընկերներին նամակ ուղարկեց և խնդրեց, որ ֆիլմի նկարահանումները շարունակեն։ Կամ՝ օրինակ են բերում այն, որ մենք մինչև 30 տոկոս կեղծ փաստաթուղթ ենք տվել մեր գործընկերների հետ փոխհարաբերություններ ձևավորելու համար։ Եթե պետությունը չի աջակցում, ապա արտասահմանյան գործընկերները դժվար աջակցեն, այդ պատճառով էլ մենք փորձում ենք միշտ ընդառաջել»,- շեշտեց Գ. Գևորգյանը։

Նա նաև հշեցրեց, որ կինոնախագծի խնդիրների հետ կապված՝ Մշակույթի նախկին նախարար Լիլիթ Մակունցը հանձնարարել էր, որպեսզի ստեղծվի հանձնաժողով և  Հովհաննես Գալստյանի հայտը քննարկվի։ Սակայն Մակունցը ստանձնեց այլ պաշտոն, խնդիրն այդպես էլ մնաց չլուծված։

Աղբյուրը ՝ 168.am

Leave A Reply

Your email address will not be published.