Հայաստանի տասը լավագույն մարզիկները՝ ըստ VNews-ի

1

ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունը ամփոփեց Հայաստանի տասը լավագույն մարզիկների մրցույթը, ու առանց այս կողմ ու այն կողմ ընկնելու ասենք, որ այն կրկին միանշանակ չընդունվեց հանրության կողմից: Ուստի, ազդեցություն չունենալով քվեարկության ընթացքին, ներկայացնում ենք 10 լավագույնների ցանկը ըստ մեր խմբագրության, որում sms քվեարկության արդյունքները ամենևին դեր չեն խաղացել:

VNews.am-ի լավագույն տասնյակը կազմվել է՝ հաշվի առնելով մեր լրագրողների կարծիքները (Գասպարյան Ռոբերտ, Հայրապետյան Աշոտ, Մկրտչյան Հայկազ, Մկրտչյան Լիանա, Ոսկանյան Վահե, Ռաֆայելյան Կարեն)՝ համեմատաբար մեծ գործակիցներ սահմանելով հայկական սպորտ առավել շատ լուսաբանող լրագրողների տարբերակների համար:

Արթուր Ալեքսանյան (Հունահռոմեական ոճի ըմբշամարտ)

Картинки по запросу artur alexanyan

Մեր ամենատիտղոսակիր ու ամենամարզիկ Արթուր Ալեքսանյանի համար այս տարի վերջապես հաջող դասավորվեց Եվրոպայի առաջնությունը: Ռիոյի խաղերի օլիմպիական չեմպիոնը 2014-ից հետո առաջին անգամ դարձավ Եվրոպայի չեմպիոն, ընդ որում, նա հասավ այդ նվաճմանը՝ ոչ մի միավոր չզիջելով մրցակիցներին: Իսկ տարվա գլխավոր ստուգատեսին «Ճերմակ արջը» մոտեցավ վնասվածքով, բայց նույնիսկ վնասվածքով Արթուր Ալեքսանյանը ավելի ուժեղ էր տարբեր երկրների առաջատար ըմբիշներից: Աշխարհի առաջնությունից հատկապես տպավորվել է Արթուրի գոտեմարտը նորվեգացի ըմբիշի հետ, երբ հզոր տղան 0-6 հաշվով պարտվելիս վերջին վայրկյաններին տապալեց մրցակցին ու հաղթեց 10-6 հաշվով: Կիսաեզրափակիչում էլ, ցավոք, զիջեց ռուս ըմբիշ Մուսա Եվլոևին, որին նախորդ տարի հաղթել էր ԱԱ-ի եզրափակիչում: Արթուրը այս օրերին ԱՄՆ-ում և ապաքինման լուրջ կուրս է անցնում: Բայց մեր տասնյակում նրա տեղը միշտ ամրագրված է ու աներեր:

Ֆերդինանդ Կարապետյան (Ձյուդո)

13 տարվա ընդմիջումից հետո էլ վերջապես հաջողություն ունեցանք նաև ձյուդոյում: Ֆերդինանդի տքնաջան աշխատանքը Իսրայելում տվեց ցանկալի պտուղը: Հայ մարզիկը եզրափակիչում առավելության հասնելով 2017թ. Եվրոպայի չեմպիոն արդբեջանցի ձյուդոյիստի նկատմամբ՝ աննկարագրելի զգացողություններ ու պահեր պարգևեց մեզ բոլորիս: Վերջին անգամ նման նվաճման հասել էր մեր հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Նազարյանը:

Սակայն աշխարհի առաջնությանը մեր ձյուդոյիստը չկարողացավ մասնակցել, քանի որ այն կայանալու էր Ադրբեջանում: Մեր ոչ բարով խերով հարևաններն էլ հրաժարվեցին երաշխավորել մեր մարզիկի անվտանգությունը: Այնուամենայնիվ, դա փոքրիկ մանրուք է այն մարզիկի համար, որ ունի Կարապետյանի նման մեծ ձգտում ու հաղթողի հոգեբանություն: Ֆերդինանդը իր օրինակով շատերին ոգեշնչեց ու վստահ ենք, որ դեռ այդպիսի առիթներ շատ են լինելու:

Մաքսիմ Մանուկյան (Հունահռոմեական ոճի ըմբշամարտ)

Картинки по запросу maksim manukyan

Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունը հիշարժան էր մեզ համար նաև Մաքսիմ Մանուկյանի ոսկե մեդալով: Հայ ըմբիշը Կասպիսկում ապացուցեց, որ աշխարհի առաջնությունում չեմպիոնությունը պատահականություն չէր: Սակայն աշխարհի առաջնությանը տեխնիկական լավ որակների տիրապետող Մաքսիմը մոտեցավ վնասվածքով, այնուամենայնիվ նա կարողացավ բրոնզե մեդալակիր դառնալ: Հայկական ըմբշամարտի ավանդույթները շարունակելու, կամային մեծ որակներ ցուցադրելու, համառության, օրինակ ծառայելու համար մեր բոլոր լրագրողները Մաքսիմին ընդգրկել էին իրենց տասնյակներում:

Սիմոն Մարտիրոսյնան (Ծանրամարտ)

2018-ին Սիմոն Մարտիրոսյանից ակնկալիքները շատ էին, բայց նա ոչ միայն պատվով կատարեց իր առջև դրած խնդիրները, այլ նաև բառի դրական իմաստով գերակատարեց դրանք: Հայ ծանրորդը այս տարի ամբողջ Եվրոպայի ու աշխարհի առաջ հաստատեց, որ օլիմպիական խաղերին բոլորի հայացքը սևեռված է լինելու հենց նրա վրա: Ճիշտ է՝ Սիմոնին չեմպիոնությունը ԱԱ-ում անցած տարվա որակազրկման պատճառով մի փոքր ձգձգվեց, բայց ինչպես ասում են՝ եղավ ճիշտ ժամանակին, ինչպես օլիմպիական խաղերի արծաթե մեդալը: Ժամանակակից «Տորք Անգեղը» 16 կգ գերազանցում էր իր մոտակա հետապնդողին: Եվ դա, այսքան երիտասարդ տարիքում: Մենք՝ բոլորս, միաձայն առանձնացրել էինք նրա անունը:

Գոռ Մինասյան (Ծանրամարտ)

Ախ, եթե չլիներ Տալախաձեն, Գոռի պարգևած ուրախությունը կբազմապատկվեր: Բայց Լաշան, ինչպես Սիմոնը, անգերազանցելի է: Իհարկե, ամեն մրցաշարին Գոռը բարելավում է արդյունքը, բայց վազող նապաստակին անհնար է որսալ: Այնուամենայնիվ լրագրողների ու հույս ունենք, որ նաև մարզասերների համար, Գոռը մնում է չեմպիոն անկախ մեդալի գույնից: Իսկ կայունությունը ու սառնասրտությունը Գոռի գլխավոր հատկանիշներն են: Բացի, օրինակելի մարզիկ լինելուց, գյումրեցին համեստ մարդ է ու հիանալի տղա է:

Էդգար Ստեփանյան (Հեծանվասպորտ)

Հայկական հեծանվասպորտի իր ուսերի վրա տանում է Էդգար Ստփանյանը: 2018-ը Էդգարի կարիերայի ամենահաջող տարին էր: 21-ամյա մարզիկի համար տարին սկսեց ակումբային մակարդակով ելույթներով, որտեղ նա 5 անգամ դարձավ հաղթող ու երկուսական անգամ էլ արծաթե մեդալակիր դարձավ, այնուհետև Եվրոպայի մեծահասակների առաջնությունում զբաղեցրեց 8-րդ տեղը, իսկ ամռանը կայացած Մ23-ում նվաճեց ոսկե մեդալ, որը բոլոր ժամանակների ամենամեծ նվաճումն էր հայկական հեծանվասպորտում: Հաջորդիվ Էդգարը փայլեց միջազգային մրցաշարերում ու երբ հերթը հասավ աշխարհի գավաթի խաղարկությանը, մեր մարզիկը վնասվածք ստացավ, այլապես այստեղ էլ մեդալ կունենայինք: Այնուամենայնիվ, գնահատելով Էդգարի կատարած աշխատանքը ոչ հենակետային սպորտաձևի համար, հաշվի առնելով անհրաժեշտ պայմանների սղությունը ու այդ ամենը համեմատելով Էդգարի հաջողությունների հետ, մենք այն կարծիքին ենք, որ Էդգարը լավագույններից էր:

Տիգրան Կիրակոսյան (սամբո)

Սամբոն շատ է մոտ վերջնականապես օլիմպիական մարզաձև դառնալուն: Եթե դա հաստատվի, ապա Տիգրանը այն մարզիկներից կլինի, որը կհավակնի չեմպիոնական կոչմանը: Հայ մարզիկը այս տարի փայլուն ելույթ է ունեցել Եվրոպայի առաջնությունում՝ նվաճելով գլխավոր մրցանակը, իսկ աշխարհի առաջնությանը կանգնել է պատվո հարթակի աստիճանին:

Արթուր Շահինյան (Հունահռոմեական ոճի ըմբշամարտ)

Արթուրը մեր ամենատաղանդավոր ըմբիշներից է, որին միշտ ինչ-որ բան խանգարում էր աշխարհի առաջնությունում հաջողության հասնելուն: Տարբեր տարիներին նա Եվրոպայում փայլել էր, բայց նման խոշոր մրցաշարում՝ երբեք: Պատահական չէ, որ ԱԱ-ի բրոնզե մեդալակիր դառնալուց հետո Արթուրը հուզված նշեց, որ այդ մեդալը իր համար ոսկու արժեք ունի: Այսպիսով, Արթուրի տեղը այս տասնյակում վաստակած է:

Վլադիմիր Հարությունյան – Լև Սարգսյան (Ջրացատկ)

Այս մարզական տարին Հայաստանի համար յուրահատուկ էր նաև հենց այս տղաների պատճառով: Նրանք Եվրոպայի առաջնությունում Հայաստանի համար պատմական նվաճման հասան՝ սինքրոն աշտարացատկում գրավելով 3-րդ պատվավոր տեղը: Ոչ միայն Հայաստանը, այլ նաև ամբողջ Եվրոպոն ուրախացավ մեր տղաների նվաճմամբ, քանի որ դա նախադեպ էր սպորտի համար: Բոլորին էլ հայտնի, որ Հայաստանում ջրացատկորդների համար ապահոված չեն տարրական պայմանները: Նրանք դեռևս մարզվում են սովետական մարզագործիքներով, բայց չեն փնթփնթում ու իրենց հաջողություններով են ստիպում խոսալ մարզաձևում առկա խնդիրների մասին: Կարծում ենք, որ մեղք կլիներ այսքան մեծ նվիրվածություն, աշխատասիրություն ու հայրենասիրություն ունեցող տղաների դուրս թողնել ընտրյալններից ցանկից:

Մարկոս Պիզելի (ֆուտբոլ)

Ամենահայ բրազիլային՝ այսպես են սիրում անվանել Մարկոսին երկրպագուները: Պիզելին, չնայած ֆուտբոլի համար իր պատկառելի տարիքին, փայլել է թե՛ հավաքականում, թե՛ ակումբում: Նա այս տարի բոլոր վարկածներով լավագույնը ճանաչվեց Ղազախստանում, իսկ հայկական եռագույնի նկատմամբ սերը մի խոշոր մեդալի արժեք ունի: Մարկոսին մենք նաև ճանաչել էինք «Տարվա լավագույն Ֆուտբոլիսիտ», այնպես որ, այս հարցում մեր տեսակետները նույնպես չբաժանվեցին: Պետք չէ մոռանալ ու պետք է ընդունել, որ ֆուտբոլը ամենամասսայական սպորտաձևն է ու երկրպագուներին մշտական սպորտային լարվածության մեջ է պահում, ուստի ֆուտբոլիստներին չպետք է արհեստականորեն դուրս թողնել հայկական մարզական ընտանիքից:

Leave A Reply

Your email address will not be published.