Մահվանը հաղթողը. Չնայած Ղարաբաղյան պատերազմում երկու ոտքերի կորստին՝ Արշակը հոկեյի թիմի ավագ է դարձել

0

Ղարաբաղյան պատերազմում երկու ոտքերը կորցրած Արշակ Հովհաննիսյանն իր օրինակով ցույց է տալիս, որ դժվարությունները չեն կարող կոտրել մարդուն, եթե նա ցանկանում է ապրել եւ իր ապագան կառուցել:

Հովհաննիսյանի կյանքը փոխվեց 1994-ի սկզբին: Ղարաբաղյան պատերազմի թեժ շրջանն էր եւ նրան՝ 20-ամյա պատանուն սեփական կամքով առաջնագիծ ուղարկեցին:

«Լինելով ժամկետային զինծառայող ես համաձայնեցի իմ ծառայության մնացած մասը առաջնագծում անցկացնել՝ պաշտպանելով իմ ժողովրդին եւ հայրենիքը», — NEWS.am Medicine-ին ասաց Հովհաննիսյանը:

1994 թվականի հունվարի 30-ին պատանին սահմանի մոտ պայթել էր ականի վրա:

«Ես չկորցրեցի գիտակցությունս եւ ամեն ինչ պարզ հիշում եմ: Այդ ժամանակ ինձ թվում էր, որ ես  գնդակոծության տակ եմ հայտնվել, բայց մեքենայում, ուր ինձ տարել էին օգնության հասած տղաները, ես տեսա, որ զրկվել եմ ձախ ոտքից», — ասաց նա:

Բուժման երկար շրջան սկսվեց: Բժիշկները փորձում էին պահպանել պատանու երկրորդ ոտքը, սակայն անարդյունք: Գրեթե մեկ ամիս անց վիրաբույժները անդամատեցին նրա աջ ոտքը:

Տղամարդը չի թաքցնում, որ սկզբում նա ապագայի հանդեպ վախ էր զգում:

«Սակայն հենց դա ինձ ստիպեց ուժեղ լինել եւ պայքարել: Ես երդվեցի ինձ, որ այս հանգամանքներն ինձ չեն կոտրի, որ ես լիարժեք կյանքով կապրեմ, սպորտով կզբաղվեմ, կաշխատեմ, ընտանիք կստեղծեմ», — նշեց նա:

Վերականգման շրջանը մոտ 6 տարի տեւեց եւ այս ընթացքում Հովհաննիսյանին ոսկրերի աճի պատճառով ստիպված էին նորից անդամատել: Բայց կյանքի հենց այս բարդ շրջանում նա հանդիպեց իր երկրորդ կեսին եւ ամուսնացավ:

«Հիվանդանոցում ես ծանոթացա իմ ապագա կնոջ՝ Լուսինեի հետ: Նա որպես բժշկական քոլեջի ուսանող պրակտիկա էր անցնում, իսկ ես սովորում էի պրոթեզներով ինքնուրույն քայլել:

Իմ զբոսանքների ժամանակ նա ձեռքով պահում էր ինձ, ինձ պայքարելու ուժ էր տալիս: Նրա ծնողները դեմ էին մեր ամուսնությանը, այնպես որ ես ստիպված էի շատ անգամներ նրան փախցնելու ծրագիր իրականացնել», — պատմում է Հովհաննիսյանը:

Տղամարդու ընտրությունը ճիշտ եղավ. նա ամուր ընտանիք ունի, մեծ երեխաներ (23-ամյա Վահան եւ 17-ամյա Կատյա):

Հովհաննիսյանը նշում է, որ մշտապես ձգտել է  հենարան լինել ընտանիքի համար: 90-ականներին ինչպես եւ շատ երեւանցիներ, ովքեր փորձում  էին կերակրել իրենց ընտանիքներին, նա նույնպես փողոցում իր «սեղանն» ուներ, որի վրա ամեն տեսակ բաներ էր վաճառում:

Հետո նա զբաղվել է տարբեր բիզնես նախագծերով, մի քանի տարի առաջ հեռակա ավարտել է Երեւանի պետական համալսարանը:

Սակայն, նրա գլխավոր կիրքը, թերեւս, սպորտն է: Հովհաննիսյանը զբաղվում է տարբեր տեսակի սպրոտաձեւերով, եղել է սայլակով հաշմանդամների բասկետբոլի թիմի ավագ, իսկ այսօր սլեջ-հոկեյի (տափօղակով հոկեյի տեսակ սահմանափակ հնարավորություններով մարդկանց համար):

«Մենք շատ կոշտ ենք խաղում, ինչպես որ ընդունված է իսկական հոկեյում: Կարող ենք նաեւ մրցակցի առաջը կտրել եւ հարվածել նրան պատնեշին», — ժպտում է նա:

Հովհաննսիյանը բազմիցս բասկետբոլում, փաուերլիֆթինգում զբաղեցրել է առաջին, երկրորդ եւ երրորդ տեղերը: Սա նրա սպորտային ձեռքբերումների ամբողջական ցանկը չէ: Անցյալ տարվա աշնանը նրան հաջողվեց Արագած լեռ բարձրանալ:

Հովհաննիսյանը պարգեւատրվել է  «1992-1994 թվականների մարտական գործողությունների մասնակից» կրծքանշանով,  «Արիության», «Գարեգին Նժդեհ», «Վազգեն Սարգսյան», «ՀՀ Զինված ուժեր. 20 տարի» մեդալներով:

Հովհաննսիյանի կյանքի հավատամքը երբեք չհանձնվելն է.

«Բոլոր նրանց, ովքեր բախվել են հաշմանդամության հետ, ես կոչ եմ անում հավատալ սեփական ուժերին եւ երբեք չհանձնվել: Դուք նույնպես կարող եք լիարժեք կյանք ունենալ, պետք է միայն հավատալ դրան եւ ամբողջ սրտով ցանկանալ: Չի կարելի տանը փակված մնալ: Դուք կարող եք ընտանիք ստեղծել, երեխաներ ունենալ, բարձրագույն կրթություն ստանալ, աշխատանքի ընդունվել: Կարեւորը առաջ գնալն է եւ թույլ չտալ կյանքի հանգամանքներին կոտրել ձեզ: Եվ իհարկե, շատ կարեւոր է, սպորտով զբաղվելը»:

Հայաստա՜ննննն??⛸????????

Опубликовано Armenian Para Ice Hockey Пятница, 21 декабря 2018 г.

Աղբյուրը ՝ News.am

Leave A Reply

Your email address will not be published.