Արման Սահակյան. «Առանց լեգեոներների լիմիտի ի՞նչ իմաստ ունի ակադեմիա պահելը»

0

Հայկական ֆուտբոլում շարունակում է մեծ քննարկումների առարկա մնալ լեգեոներների լիմիտի հարցը, որի շուրջ իրենց կարծիքն են հայտնել մի շարք հայ ֆուտբոլիստներ: VNews.am-ը այս հարցի շուրջ զրուցել է նաև «Շիրակ» ակումբի սեփականատեր Արման Սահակյանի հետ:

Լեգեոներների սահմանափակում մտցնելու հարցը մեծ հնչեղություն է ստացել: Որպես ակումբի ղեկավար՝ ի՞նչ եք կարծում, այս հարցը այսօր օրհասական է հայկական ֆուտբոլի համար:

Առաջնությունում թիմերի քանակը բավականին փոքր է, նախորդում 6, հիմա 9, ու հայ ֆուտբոլիստները ուղղակի տեղ չունեն խաղալու: Փաստացի, յուրաքանչյուր տուրում մեկնարկային կազմում կա 99 տեղ, ու երևի այդ թվի միայն կեսն են հայ ֆուտբոլիստներ, այդ դեպքում հավաքականները որտեղի՞ց են ֆուտբոլիստ ընտրելու: Բնականաբար, ամեն ակումբ ունի իր շահերը, ու մեր դեպքում էլ իրավիճակի մի քիչ այլ է, որովհետև ակադեմիա ունենք, բայց, ընդհանուր առմամբ, ես կողմ եմ լեգեոներների լիմիտին: Կարծում եմ՝ 4-5 արտասահմանցի ֆուտբոլիստ խաղադաշտում բավարար է Հայաստանի առաջնության համար:

Էդգար Մանուչարյան․ «Հայկական ֆուտբոլն անդունդի եզրին է․ կողմ եմ, որ լինի լեգեոներների լիմիտ»

Փաստորեն, կողմ եք սահմանափակման կիրառմանը հենց կազմի վրա, այլ ոչ թե հայտացուցակի:

Անկեղծ ասած, հայտացուցակի վրա սահմանափակման իմաստը չեմ տեսնում, եթե 9 արտասահմանցի միանգամից դաշտ մտնի, ապա լիմիտն ի՞նչ օգուտ կտա: Սահմանափակումը պետք է լինի կազմի վրա, ու դրա օրինակները կան, կարծում եմ՝ դա խելամիտ է: Հայաստանի առաջնությունը հետաքրքիր յուրահատկություն ունի՝ փոքր առաջնություն է, և բոլորը ուզում են չեմպիոն դառնալ: Այդ պատճառով երիտասարդ ֆուտբոլիստները հիմնական կազմում հայտնվելու հետ կապված խնդիր ունեն բոլոր թիմերում, ուստի լիմիտը անհրաժեշտություն է: Ավելին ասեմ, ՀՖՖ-ին պատրաստված նամակում մենք առաջարկելու ենք, որ բացի լիմիտից մեկնարկային կազմում նաև անպայման լինի մեկ մինչև 21 տարեկան ֆուտբոլիստ, ինչպես նաև մեկ մինչև 19 տարեկան ֆուտբոլիստ` հայտացուցակում: Բացի այդ, առաջարկելու ենք, որ 4-րդ փոխարինումը լինի ոչ թե մինչև 18 տարեկան, այլ մինչև 19 տարեկան ֆուտբոլիստի համար: Հատկապես Մ21 հավաքականի հարցը շատ լուրջ է, այս ֆուտբոլիստները հիմնականում չեն խաղում Բարձրագույն խմբում:

Արդյո՞ք Հայաստանում այսօր կան այնպիսի քանակի և որակի ֆուտբոլիստներ, որպեսզի ապահովեն այն մակարդակի ֆուտբոլ, ինչ լեգեոներները:

Ամեն տարի Հայաստանի ակադեմիաները մոտ 100 ֆուտբոլիստ են տալիս այն տարիքի, որ արդեն պետք է հիմնական թիմերում շարունակեն իրենց կարիերան: Բայց լեգեոներների առկայության պայմաններում նրանց խաղալը խնդիր է: Նույն «Շիրակում» մենք ամեն տարի չեմպիոնության համար ենք պայքարում, ու մեզ դժվար է մեր 19-20 տարեկան ֆուտբոլիստների համար տեղ գտնել մեկնարկային կազմում, որովհետև միշտ հնարավոր է Աֆրիկայից ցածր աշխատավարձով լավ ֆուտբոլիստ բերել: Իսկ լիմիտի դեպքում արդեն սիրով մեր երիտասարդներին շանս կտանք, մյուս կողմից ակումբներն էլ կփորձեն ավելի բարձր մակարդակի լեգեոներներ բերել:

Այս դեպքում, օրինակ 5 լեգեոների լիմիտի դեպքում դաշտում առնվազն 66 հայ ֆուտբոլիստ կունենանք: Կարծում եմ այդ ֆուտբոլիստներին հավաքագրելը մեծ խնդիր չի լինի: Այո, գուցե և աշխատավարձերը մի քիչ բարձրանան, բայց չեմ կարծում, որ դա մեծ խնդիր է: Ավելի մեծ խնդիր է այն, որ խաղում ենք թիմերի դեմ, որոնց կազմից 9-10-ը հայ չեն, ինչքանով է դա պետք Հայաստանի առաջնությանը: Այնպես չէ, որ մենք այժմ մեծ ամբիցիաներ ունենք եվրոպական մրցաշարերում, որ ինչ-որ փուլ հասնելու համար հավաքենք ամենաուժեղ լեգեոներներից կազմված թիմերը:

Գոռ Մալաքյանը նույնպես արձագանքեց․ «Հայկական թիմում չպետք է լինեն 7-8-ից ավել լեգեոներներ».

Իսկ Եվրոպա լիգայի խմբային փուլ հասնե՞լը:

Այո, Աստված տա՝ մի օր հասնենք: Բայց այս պահին մենք ի՞նչ ենք ուզում: Որպես ակումբի նախագահ պաշտոնապես կարող եմ ասել՝ եթե լեգեոներների լիմիտ չկա, ապա ակումբների համար ինչ իմաստ ունի Հայաստանում ակադեմիա պահելը: Նույն ակադեմիայի վրա կատարած ծախսով կարող ենք տարեկան 2-3 շատ ուժեղ լեգեոներ բերել, մինչդեռ ակադեմիան մեզ տարեկան 2-3 հիմնական կազմի ֆուտբոլիստ չի կարող տալ: Հարցը այնքան էլ ակումբներին չի վերաբերում, որովհետև ամեն ակումբ այս պահին սեփական ծրագրերն ունի և տարբեր իրավիճակումներում է, շատ ակումբներ հիմա ակադեմիա չունեն: Բայց մենք՝ որպես «Շիրակ» ակումբ, որն ունի 450 մարզվող պատանիներ, ուզում ենք, որ լինի լիմիտ, որովհետև ուզում ենք մեր թիմում հենց մեր գյումրեցի տղաները արդյունք ցույց տան, այլ ոչ թե լեգեոներները: Կարծում եմ սա օգտակար կլինի նաև հայկական ֆուտբոլի համար: Բայց որոշողը ՀՖՖ-ն է:

Ինչքան ժամանակ է անհրաժեշտ ակումբներին՝ լեգեոներների լիմիտ սահմանելու դեպքում նոր պայմաններին հարմարվելու համար:

Կարծում եմ՝ եթե 4-5 ամիս շուտ հայտարարվի, ապա հենց նոր մրցաշրջանից էլ հնարավոր է կիրառել լիմիտ

Աղբյուրը ՝ VNEWS

Leave A Reply

Your email address will not be published.